ԹՈՒՐՔԻԱ-ՉԻՆԱՍՏԱՆ ԱՌՆՉՈՒԹԻՒՆՆԵՐ
,,,Նոյեմբերի 8-14-ը Թուրքիայում ընթացան թուրք-չինական ցամաքային ուժերի համատեղ զօրավարժութիւններ: Թէեւ զօրավարժութիւնների ծաւալն այնքան էլ մեծ չէր (այն ընթացաւ յատուկ նշանակութեան ջոկատների մակարդակով, լեռնային տեղանքում եւ ունէր հակաահաբեկչական գործողութիւններ մշակելու նպատակ), սակայն Պեկինի ու Անկարայի միջեւ նման աննախադէպ ռազմական փոխգործակցութեան մեկնարկն անմիջապէս գրաւեց դիտորդների ուշադրութիւնը:
Աւելի վաղ՝ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 6-ը, Թուրքիայում չինական օդուժի ՍՈՒ-27 եւ ՄԻԿ-29 մէկ տասնեակը չգերազանցող ռազմական ինքնաթիռները, թուրքական օդուժի հետ միասին, պատմութեան մէջ առաջին անգամ անցկացրին համատեղ զօրավարժութիւններ: Դրանք, ի դէպ, ընթացան Միացեալ Նահանգների ու ՆԱՏՈ-ի օդուժի համար անչափ կարեւորուող Կոնիայի օդանաւակայանում եւ արժանացան պաշտօնական Վաշինգտոնի քննադատութեանը:
,,,Ոյղուրական հարցի պատճառով 2009 թ. երեւան եկած թուրք-չինական լարուածութեան խորապատկերին՝ այդ զօրավարժութիւններն, անշուշտ, վկայում են, որ հակասութիւնները Պեկինի ու Անկարայի միջեւ ոչ միայն յաղթահարուել են, այլեւ Թուրքիան ու Չինաստանը փորձում են նոր մակարդակի բարձրացնել իրենց յարաբերութիւնները:
Սակայն հարցն այդքանով չի փակւում: Պեկինն ու Անկարան ունեն շատ կարեւոր մի նմանութիւն. երկուսն էլ, դուրս գալով տեւական ժամանակ ձգուած աշխարհաքաղաքական թմբիրից, ներկայում ձեռնամուխ են եղել արտաքին աշխուժ քաղաքականութեան իրականացմանը՝ նպատակ ունենալով աշխարհում (Չինաստանի պարագայում) եւ յարակից տարածաշրջաններում (Թուրքիայի պարագայում) ընդլայնել սեփական ազդեցութիւնը: Եթէ նման ծրագրեր ու կարողութիւններ ունեցող երկրները սկսում են յարաբերութիւններ զարգացնել ռազմավարական նշանակութիւն ունեցող ռազմաքաղաքական ոլորտում, ապա աւելի հաւանական է, որ նրանց նպատակները չսահմանափակուեն միայն երկկողմ ձեւաչափով:
ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ
,,,Պաշտօնական յարաբերութիւնները Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան (ՉԺՀ) եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ սկսուեցին 1971 թ. օգոստոսի 5-ից, երբ Անկարան պաշտօնապէս ճանաչեց ՉԺՀ-ն: Մինչ օրս Թուրքիան հաւատարիմ է մնում, այսպէս կոչուած, «մէկ Չինաստանի» քաղաքականութեանը, ըստ որի՝ Անկարան ՉԺՀ-ն ճանաչում է որպէս Չինաստանի միակ օրինական ներկայացուցիչ(1):
,,,Թուրք-չինական յարաբերութիւնները կտրուկ սրուեցին անցած տարի ամրանը, երբ 2009 թ. յուլիսի 5-ին Չինաստանի արեւելքում ընկած Սինցզեան-Ույղուրական Ինքնավար Շրջանի վարչական կենտրոն Ուրումչիում տեղի ունեցան ույղուրների բողոքի զանգուածային ցոյցեր, որոնք վերաճեցին բախումների: Արդիւնքում, ըստ պաշտօնական տուեալների, սպաննուեց 184 հոգի, վիրաւորուեց մօտ հազարը: Ուրումչիում տեղի ունեցած դէպքերին բաւական կտրուկ արձագանգեցին Թուրքիայում: Այդ երկրի առեւտրի ու արդիւնաբերութեան նախարար Նիհաթ Էրգունը կոչ արեց թուրք սպառողներին՝ բոյկոտել չինական ապրանքները: Վարչապետ Էրդողանն աւելի հեռուն գնաց. նախ սպառնաց ույղուրական հարցը դարձնել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի քննարկման առարկայ, ապա խոստացաւ մուտքի անցագիր տրամադրել ույղուրների անկախութեան համար պայքարող Ույղուրների համաշխարհային կոնգրեսի առաջնորդ Ռեբիյա Կադիրին(2), եթէ նա ցանկանայ այցելել Թուրքիա, եւ վերջապէս, 2009թ. յուլիսի 10-ի հեռուստաելոյթի ժամանակ Ուրումչիում տեղի ունեցածը կոչեց «ցեղասպանութիւն»: Ի պատասխան՝ Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Ժայ Ճունը Էրդողանի յայտարարութիւնը բնորոշեց որպէս «անպատասխանատու»:
,,,Այդպիսի վիճակում, սակայն, թուրք-չինական յարաբերութիւնները երկար չմնացին: Պատճառներից մէկը համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր: Վերջինիս պատճառով թուրքական արտահանման համար աւանդական հանդիսացող շատ կարեւոր շուկաներ՝ եւրոպական, ռուսական, ամերիկեան, սկսեցին կրճատուել, իսկ չինականն այն սակաւաթիւ տնտեսութիւններից էր, որ անգամ ճգնաժամի ամիսներին աճում էր եւ այժմ էլ շարունակում է աճել: Դա իր ազդեցութիւնն ունեցաւ Անկարայում:
,,,Այսօր Թուրքիայի համար Չինաստանը խոշոր առեւտրային գործընկեր է: Թուրքիայի վիճակագրական հիմնարկի հրապարակած վերջին՝ 2010 թ. առաջին ինն ամիսներն ընդգրկող, տուեալների համաձայն, ներկայում Պեկինը Անկարայի երրորդ խոշոր առեւտրային գործընկերն է (Գերմանիայից եւ Ռուսաստանից յետոյ) եւ երկրորդը՝ միայն ներմուծման գծով:
Թուրք-չինական նոր յարաբերութիւնների մասին հնարաւոր եղաւ խօսել Չինաստանի վարչապետ Վեն Ժիապաոյի Թուրքիա կատարած այցելութեան արդիւնքում: Հոկտեմբերի 8-ին Անկարայում Էրդողան-Ժիապաո բանակցութիւններից եւ թուրք-չինական ութ պայմանագրերի ստորագրումից յետոյ յայտարարուեց, թէ երկու երկրներն անցնում են «ռազմավարական համագործակցութեան յարաբերութիւնների», ինչը նշանակում է «քաղաքական յարաբերութիւնների խորացում եւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնում»: Նշուեց, թէ նպատակ կայ երկկողմ առեւտուրը 2015 թ. հասցնել 50 միլիարդ դոլարի, իսկ 2020 թ.՝ 100 միլիարդ դոլարի։
ՀԵՏԵՒՈՒԹԻՒՆՆԵՐ
,,,Թուրքիայի հետ նոր յարաբերութիւններ զարգացնելով՝ Չինաստանը փորձում է լուծել մի քանի խնդիր:
Նախ նշենք ույղուրական հարցը: Անվտանգութեան ոլորտում Անկարայի հետ կապերը խորացնելով՝ Պեկինը նպատակ ունի ի ցոյց դնել, որ Թուրքիան այլեւս չի սատարում ույղուրական շարժմանը: Այդ հարցը կարեւոր է համարւում Չինաստանում, քանի որ 2008 թ. մարտին Տիբետում տեղի ունեցած յուզումներից յետոյ, Պեկինում չեն ցանկանում նմանատիպ իրավիճակ ունենալ նաեւ հարեւան նահանգում, ինչը Չինաստանի վրայ լրացուցիչ միջազգային ճնշման հնարաւորութիւն է ստեղծում:
,,,Անկարայի հետ «ռազմավարական համագործակցութեան յարաբերութիւնները» Պեկինի համար, ըստ ամենայնի, ձեռք են բերում կարեւոր աշխարհաքաղաքական նշանակութիւն: Արեւմտեան աղբիւրներն առանձնացնում են այն, որ դէպի Թուրքիա ուղեւորուելիս՝ չինական օդուժի ինքնաթիռներն անցան Պակիստանով ու Իրանով՝ երկու երկրներում էլ կանգնելով ու համալրելով վառելիքի պաշարները, ինչն աննախադէպ «արշաւանք» էր Չինաստանի բանակի համար: Այստեղ կարեւոր է երկու հանգամանք: Առաջին. նման քայլով Պեկինն ի ցոյց է դնում Եւրասիայում ռազմական տեղաշարժեր կատարելու իր հնարաւորութիւնները, ինչը Չինաստանի կողմից հերթական քայլն է՝ ցամաքային ճանապարհով, ուր ամերիկեան ռազմուժի կարողութիւններն աւելի փոքր են, մուտք ապահովել դէպի չինական տնտեսութեան համար անհրաժեշտ պաշարների աղբիւրներ եւ շուկաներ: Երկրորդ. թէ՛ Պակիստանը եւ թէ՛ յատկապէս Իրանը, ուր չինական ռազմական ինքնաթիռներն առաջին անգամ էին վայրէջք կատարում, աչքի չեն ընկնում Միացեալ Նահանգների ու նրա դաշնակիցների հետ ջերմ յարաբերութիւններով: Հաշուի առնելով այս, ինչպէս եւ՝ վերջին շրջանում ամերիկա-թուրքական ռազմաքաղաքական յարաբերութիւններում շարունակուող տարաձայնութիւնները՝ արեւմտեան դիտորդները նշում են, որ չինական օդուժի նշուած արշաւանքը կարելի է ընկալել որպէս Պեկինի փորձը՝ հասնել Պակիստանով, Իրանով ու Թուրքիայով ձգուող աշխարհաքաղաքական որոշակի գծի ստեղծմանը, մանաւանդ որ նախորդ տարիներին վերջին երեք երկրների միջեւ յարաբերութիւնները միայն լաւացել են:
Միւս կողմից, Չինաստանի այս նախաձեռնութիւնը պէտք է դիտարկել յատկապէս միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից յետոյ աշխարհում իր ազդեցութիւնն ընդլայնելու միտուած Պեկինի արտաքին քաղաքական քայլերի ընդհանուր պարունակում: Պատահական չէ, որ Չինաստանի վարչապետի այցելութիւնը Թուրքիա եւ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները ժամանակային առումով գրեթէ համընկան Փեքինի արտաքին քաղաքական այլ ուշագրաւ ու որոշ դէպքերում՝ աննախադէպ նախաձեռնութիւնների հետ: Այսպէս, հոկտեմբերի 2-ին, գտնուելով Աթէնքում, Չինաստանի վարչապետը խոստացաւ Յունաստանին գնել վերջինիս պետական պարտատոմսերը, ինչը շօշափելի աջակցութիւն կը լինի ծանր վիճակում գտնուող յունական տնտեսութեան համար: Նոյեմբերի 6-ին տնտեսական վատ օրեր ապրող Պորտուգալին նոյնպիսի խոստում տուեց Լիզբոնում գտնուող Չինաստանի նախագահ Հու Ծինթաոն: Աւելի շուտ՝ նոյեմբերի 4-ին, Փարիզում Ծինթաոյի եւ Սարկոզիի ներկայութեամբ ստորագրուեցին 22,8 միլիառ դոլար ընդհանուր արժողութեամբ չին-ֆրանսական առեւտրատնտեսական մի քանի պայմանագրեր: Իսկ նոյեմբերի 9-ին՝ Մեծն Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Կամերոնի Չինաստան կատարած այցի ընթացքում ստորագրուեց 1,2 միլիառ դոլարի հասնող մի գործարք, ըստ որի՝ բրիտանական «Ռոլզ Ռոյս» ընկերութիւնը «Չայնա Իստըրն օդանաւային էրլայնզ» ընկերութեան «Էրբաս» 330 տեսակի 16 ինքնաթիռների համար շարժիչներ է պատրաստելու: Հասկանալի է, թէ տնտեսական լաւ վիճակում չգտնուող եւրոպական տնտեսութիւնների համար Պեկինի ձեռնարկած այդ քայլերը որքան կարեւոր են:
,,,Թուրքիայի պարագայում Չինաստանի հետ նման պայմանի կայացումը կարող է ունենալ առնուազն երկու պատճառ:
Առաջին. առանձնանում է այն հանգամանքը, որ Պեկինի հետ նման «ճեղքում» Անկարան կատարում է նոյեմբերի 19-20-ը Լիզբոնում նախատեսուած ՆԱՏՈ-ի հերթական գագաթաժողովի նախօրէին: Թուրք-ամերիկեան շարունակուող ռազմաքաղաքական տարաձայնութիւնների խորապատկերին՝ Անկարայի այս նախաձեռնութիւնն ամերիկեան ու եւրոպական փորձագիտական հանրութիւնների կողմից ընկալուեց որպէս Արեւմուտքից հեռանալու հերթական քայլ: Այդ առումով, կարծես թէ որպէս լրացում եղաւ նոյեմբերի 9-ին Եւրայանձնաժողովի հրապարակած ԵՄ-ին անդամակցութեան ճանապարհին Թուրքիայի առաջընթացի վերաբերեալ հերթական զեկոյցը, ըստ որի՝ Անկարան դեռ պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին: Զեկոյցը բացասական բուռն արձագանգ գտաւ Անկարայում:
,,,Երկրորդ. ուշադրութիւն է գրաւում այն, որ անգամ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցութիւնում (դարձեալ՝ որպէս Արեւմուտքին այլընտրանք) Անկարան ու Մոսկուան չեն հասել կամ դեռ չեն հասել այն կէտին, ինչը թոյլ կը տայ իրականացնել, օրինակ, նման կարգի զօրավարժութիւններ: Հնարաւոր է, որ այստեղ իրենց դերն ունեն նաեւ երկու երկրների միջեւ առկայ յայտնի հակասութիւնները, որոնք չկան թուրք-չինական յարաբերութիւններում:
,,,Նշուածը թոյլ է տալիս ենթադրել, որ թուրք-չինական «ռազմավարական համագործակցութեան» բարեյաջող զարգացման դէպքում Պեկինը կարող է, առաջ անցնելով Մոսկուայից, Անկարայի համար դառնալ Միացեալ Նահանգներին ու ՆԱՏՈ-ին այլընտրանք հանդիսացող ռազմաքաղաքական գործընկեր: Այդ իմաստով ուշագրաւ է իսրայէլեան աղբիւրների մատուցած տեղեկութիւնը, ըստ որի՝ հոկտեմբերի 11-ին Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ կայացած հանդիպման ընթացքում քննարկուել է Չինաստանի հետ ռազմական ու հետախուզական ոլորտներում համագործակցութեան հարցը, որը կը ներառի Թուրքիան, Սիրիան ու Իրանը: Արդէն նոյեմբերի 8-ին Դամասկոսում Ասադն ընդունեց Չինաստանի Կենտրոնական ռազմական յանձնաժողովի(3) փոխնախագահ Հու Չայհուին, որի ժամանակ քննարկուեցին երկկողմ ռազմական կապերը:
-------------------------------------
(1) Յայտնի է, որ միջազգային ասպարէզում Չինաստանի Հանրապետութիւնը (ՉՀ) կամ Թայուանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան (ՉԺՀ) հետ վիճարկում է աշխարհում Չինաստանն օրինական կերպով ներկայացնելու իրաւունքը:
(2) Ռեբիյա Կադիրը բնակում է Միացեալ Նահանգներում: Ինչպէս Դալայ-Լամայի, այնպէս էլ տիկին Կադիրի պարագայում Չինաստանի կառավարութիւնը հետեւողական է, որ նրա այցելութիւնները տարբեր երկրներ արգելուեն: 2006 թ. եւ 2007 թ. Թուրքիան հրաժարուել էր մուտքի անցագիր տրամադրել Ույղուրների համաշխարհային կոնգրեսի առաջնորդին:
(3) Յանձնաժողովը Չինաստանի Կոմկուսի մասը հանդիսացող մարմին է, որը իրականացնում է զինուած ուժերի վերահսկողութիւնը:
ԱՐՏԱՇԷՍ ՏԷՐ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
«Նորավանք»
«
Ազդակ»