ՏԱՂԱՆԴԱՒՈՐ ԴԻՐԻԺՈՐ-ԿՈՄՊՈԶԻՏՈՐԸ
…Հազար ինն հարիւր քսաներկու թւականին Երուսաղէմում, ատաղձագործ Խաչատուր Խաչատուրեանի ընտանիքում, ծնւեց մի մանուկ: Արաբուհի մօր՝ Յասմինայի նման թուխ դէմք ունէր նորածինը, սեւ աչք-ունք եւ աւելի շատ նման էր արաբի, քան հայի:
…Հազիւ հինգ տարեկան էր մանուկը, երբ մահացաւ հայրը, ընտանիքի ամբողջ հոգսը թողնելով այրիացած մօր վրայ: Մայրը որոշեց, թէկուզ ծանր զրկանքների գնով, ուսման տալ իր տասնմեկ զաւակներից գոնէ երկու փոքրիկ տղաներին:
…Վեց տարեկան էր Յովհաննէսը, երբ եղբօր՝ Յակոբի հետ սկսեց յաճախել Երուսաղէմի շվեցարա-գերմանական դպրոցին պատկանող վեցամեայ դասընթացը, որ գործում էր մերձակայ Նազարեթ քաղաքում: Այս փոքրիկ դպրոցում սովորում էին ընդամէնը քսանհինգ աշակերտ, որոնցից քսաներեքը արաբ էին եւ միայն երկուսը հայ – Յովհաննէսն ու իր եղբայրը: Դպրոցում բոլոր առարկաները աւանդւում էին արաբերէն:
…Յովհաննէսը դաստիարակւում եւ մեծանում էր արաբական շրջապատում, հայերէն ոչ մի խօսք չէր լսում եւ շուտով մոռացաւ իր հայ լինելը: Եւ մի օր էլ Յովհաննէսը դարձաւ Հաննա:
…Մի անգամ ուսուցիչը դասարան բերեց հինգ սրինգ՝ ստուգելու համար իր փոքրիկ սաների երաժշտական ընդունակութիւնները: Եւ ահա սրինգ էլ տուեց Հաննային: Երջանիկ ժպիտը դէմքին՝ մանուկը սրինգը մօտեցրեց շրթներին, բայց դժբախտաբար մատներն այնքան փոքր էին, որ չհասան սրնգի անցքերին, եւ ուսուցիչը ստիպուած վերցրեց նրա ձեռքից:
…– Ես չկարողացայ ինձ զսպել,– վերյիշում է տաղանդաւոր դիրիժոր-կոմպոզիտորը,– ես սկսեցի աղիողորմ լաց լինել ու սրինգը ետ պահանջել: Տեսնելով իմ յուզմունքը, ուսուցիչը ինձ վերադարձրեց այն: Այդ օրուանից ես սկսեցի յաճախել ֆլեյտայի դասընթացներին եւ ամէն ճիգ գործադրեցի՝ մատներս հասցնելու սրնգի անցքերին... Այդպէս, մանկուց, ես իմ մէջ զգացի այն մեծ սէրը դէպի երաժշտութիւնը, որը մինչեւ այսօր էլ աւելի ու աւելի է խորանում...
…Աւարտելով Նազարեթի վեցամեայ դպրոցը՝ Հաննան ընդունւում է Երուսաղէմի միջնակարգ դպրոցի եօթերորդ դասարանը: Հանրակրթական առարկաներին զուգընթաց՝ նա ստանում է Հարմոնիայի, դաշնամուրի եւ երգեհոնի դասեր:
…Տասնեօթ տարեկան հասակում՝ 1939 թւականին, Հաննան աւարտում է միջնակարգ դպրոցը եւ մինչեւ 1941 թւականը շարունակում է երաժշտական անհատական դասեր առնել: Միաժամանակ նոյն դպրոցում դասաւանդում է անգլերէն, արաբերէն եւ երաժշտութիւն:
…– Իմ արաբ աշակերտների մէջ,– պատմում է Դուրեանը,– ես ունէի Օհան անունով մի հայ պատանի, որը լաւ գիտէր հայերէնը: Իմանալով, որ ես հայ եմ, յատկապէս համակրում էր ինձ եւ ցանկանում անպայման հայերէն սովորեցնել: Մի օր նա հայերէն գիրք բերեց եւ ասաց. «Նայեցէք, պարոն, ի՜նչ գեղեցիկ լեզու ունինք մենք»: Ես բարկացայ եւ նրանից պահանջեցի հայերէն կարդալու փոխարէն արաբերէն դասերը սերտել...
…1941 թւականին Հաննան ընդունւում է Երուսաղէմի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի եւ դիրիժորական արուեստի դասընթացները, որոնք աւարտում է 1945 թւականին:
…Այդ տարիներին նա միաժամանակ սովորում է երգեհոն նուագել:
…– Դեռ կոնսերվատորիայում սովորելու տարիներին,– վերյիշում է Դուրեանը,– Երուսաղէմի հայկական վանքից իմանալով, որ ես երաժիշտ եմ, ինձ հրաւիրում են ինչ-որ հանդէսի՝ նուագելու համար: Այդ հանդէսում հայկական դպրոցի ղեկավարների համար պազւում է, որ ես հայ եմ, որ իմ իսկական անունը ոչ թէ Հաննա է, այլ՝ Յովհաննէս եւ ազգանունս էլ Խաչատուրեան, նրանք ինձ հրաւիրում են արաբերէն դասաւանդել իրենց դպրոցում: Ես համաձայնում եմ: Այդ ժամանակուանից ես աշակերտներիս արաբերէն էի սովորեցնում, իսկ նրանք ինձ՝ հայերէն... հետզհետէ իմ մէջ աճում է հետաքրքրութիւնը հայոց լեզուի եւ հայ երաժշտութեան նկատմամբ, մանաւանդ այն օրը, երբ ինձ ծանօթացրին Կոմիտասի երգերին: Ես հիացայ Կոմիտասով, որոշեցի մօտիկից ծանօթանալ եւ ուսումնասիրել հայկական երաժշտութիւնը: Մեկ օր էլ ինձ մի բանաստեղծութիւն տուին, որպէսզի երգի վերածեմ: Դա Աւետիք Իսահակեանի «Դու երկնամերձ իմ Հայրենիք, դու հինաւուրց իմ Հայաստան» բանաստեղծութիւնն էր: Ես ոգեւորուեցի եւ անմիջապէս երգի վերածեցի այն՝ անուանելով՝ «Օդա Հայրենիքի մասին»: Շփուելով հայերի հետ՝ ես աւելի սիրեցի իմ բազմաչարչար ժողովրդին եւ որոշեցի իմ ստեղծագործական բոլոր ուժերով ծառայել նրան:
…Կոնսերվատորիան աւարտելուց յետոյ՝ Խաչատուրեանը Երուսաղէմում տալիս է մի քանի սիմֆոնիկ համերգներ, ինչպէս նաեւ ելոյթներ է ունենում երգեհոնով:
…Պաղեստինում հրատարակուող «Palestine Post» թերթը բարձր գնահատելով նրա երաժշտական արուեստը՝ այդ առթիւ գրում էր.
…«Իբրեւ կոմպոզիտոր Խաչատուրեանը ցուցաբերում է ինքնատիպ մի արուեստ: Իբրեւ դիրիժոր՝ զգայուն է, ճշգրիտ եւ մեծապէս օժտուած»:
…Սակայն երիտասարդ դիրիժորին ու նուագողին չէին բաւարարում իր գիտելիքները: Նա ուզում էր կատարելագործուել. իսկ Երուսաղէմում չկային համապատախան պայմաններ:
…1946 թւականին, մեծ դժուարութիւններից յետոյ, Խաչատուրեանին յաջողւում է մեկնել Շվեյցարիայի Ցիւրիխ քաղաքը՝ երաժշտական կրթութիւնը շարունակելու: Այնուհետեւ կատարելագործուելու համար նա տեղափոխւում է երաժշտական արուեստի հինաւուրց կենտրոնը՝ Վիեննա, ապա՝ Փարիզ: Այս քաղաքներում նա ուսանում է տարբեր վարպետների մօտ, շատ բան սովորում նրանցից:
…1948 թւականից երիտասարդ դիրիժորը Փարիզում պարբերաբար ղեկավարում է տեղական նուագախմբերը եւ միաժամանակ որպէս դիրիժոր շրջագայում Եւրոպայի շատ քաղաքներում: Այդ տարիներին էլ նա գրում է երաժշտական երկեր եւ մեծ սիրով շարունակում ուսումնասիրել հայկական երաժշտութիւնը, որի հմայքը հետզհետէ աճում է նրա հոգում:
…Շուտով հռչակւում է տակաւին շատ երիտասարդ դիրիժոր ու կոմպոզիտոր Օհան Խաչատուրեանի անունը: Բացի սիմֆոնիաներից նա գրում է ֆրանսերէն, գերմաներէն եւ հայերէն երգեր:
…Մի անգամ Պոլսում տուած համերգից յետոյ, թղթակիցներից մեկը մօտենում է Խաչատուրեանին, զրուցում հետը՝ մամուլում արտայայտելու համար: Սակայն Խաչատուրեանը նկատում է, որ թղթակիցը շփոթում է հայազգի երկու երաժշտագէտ Խաչատուրեաններին:
…– Մեր ականաւոր կոմպոզիտոր Արամ Խաչատուրեանի ստեղծագործութիւնները թղթակիցը ինձ էր վերագրում,– վերյիշում է նա.– անյարմար վիճակից դուրս գալու եւ հետագայ թիւրիմացութիւնները կանխելու համար այդ օրուանից ես որոշեցի իմ ազգանուան խաչ բաղադրիչը դէն գցել եւ գրուել Դուրեան. մանաւանդ, որ ես շատ էի սիրում բանաստեղծ Դուրեանին...
…Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի մի շարք քաղաքներում համերգներ տալուց յետոյ, երիտասարդ դիրիժորը ելոյթներ է ունենում նաեւ Հոլանդիայում, որտեղ չափազանց ջերմ ընդունելութիւն է արժանանում հասարակութիւնից եւ քննադատներից: Երաժշտագէտ-քննադատ Գ. Միխելսը գրում է, որ Դուրեանը «Գիտէ նուագախումբը մղել այնպիսի արտայայտչականութեան, որը չես սպասի տեխնիկական հնարաւորութիւնների սահմանում»:
…Երկար շրջագայութիւններից յետոյ Օհան Դուրեանը գալիս է Վիեննա եւ այնտեղ ելոյթներ է ունենում դժուարահաճ ու խստապահանջ վիեննացիների առաջ: Այդ առթիւ Վիեննայի կոնցերտհաուզի երաժշտական մամուլի վարիչ եւ երաժշտագէտ Հանս Ռուցը 1947 թւականին գրում է.
…«Իբրեւ արուեստագէտ իր մասին կարող եղանք գաղափար կազմել Վիեննայի կոնցերտ կեզելշաֆտի իր համար կազմակերպած նուագահանդէսի ընթացքում... Յատկանշական էին Չայկովսկու «Ուվերտիւր 1912»-ի քնարական դրոշմն ապահովելու իր ճաշակը, ինչպէս նաեւ այն ոճը, որով Դուրեանը վեր է հանում նրա մեղեդիական ընդհանուր կերտուածքը: Նոյն յատկութիւնները ի յայտ բերեց նա նաեւ Սմետանայի «Մոլտավ»-ի մէջ օմոֆոն նախադասութիւնների իր պայծառ պլաստիկայով: Մեզ համար անակնկալ չէր գտնել նաեւ այն քնարերգական հակումները իր անձնական հեղինակութիւններում էլ: Եւ սակայն մեծ անակնկալ էր «Պատերազմ եւ խաղաղութիւն» իր սիմֆոնիկ պոեմում գտնել մտածման այնքա՜ն խորութիւն: Զարմանքով տեսանք նաեւ նրա մէջ, թէ ի՛նչպէս արեւելեան տոնային ըմբռնումը եւրոպական հնչական զգայնութեան եւ երաժշտական դրութեան հետ իրեն կարողացել էր ընտելացնել: Որովհետեւ Դուրեանի հայ ժողովրդական արուեստով համեմուած երաժշտութիւնը պարզում է նոյնպէս մի աշխարհ, որ իր խորքում մեր եւրոպական արուեստի հետ կապ չունի երբէք:
...Երաժշտութեան հմուտ իւրաքանչիւր անձ կարող է նաեւ վկայել, թէ Դուրեանն իբրեւ դիրիժոր կամ կոմպոզիտոր ունի այնպիսի պատրաստութիւն եւ հմտութիւն, որ իրեն կարելիութիւն է ընծայում եւրոպական մրցակցութեան մէջ ազատօրէն ներկայանալ»:
…Դուրեանի դիրիժորական արուեստի մասին մեծ գովեստով խօսեցին նաեւ Փարիզի թերթերը: Յատկապէս բարձր գնահատեցին ռուսական երաժշտութեան նուիրուած (Մուսորգսկի, Ռախմանինով, Չայկովսկի) համերգի կատարումը:
…«Լը քրի դը լա ֆրանս» հանդէսը 1953 թւականի յունուարի 2-ի համարում Դուրեանի ղեկավարած համերգի կապակցութեամբ գրել է.
…«Օհան Դուրեան դեկտեմբերի 27-ին տուեց Բախի «Մանեֆիկա»-ն. հասարակութիւնը կրկնել տուեց գործի վերջին մասը: Օհան Դուրեանը մի անուն է, որ երաժշտութեան վաղուայ պատմութեան մէջ տեղ պիտի գրաւի. նա մեկն է նրանցից, որի իսկական տաղանդը պարտադիր կերպով ուշադրութիւն պիտի գրաւի»:
…Սակայն այս բոլոր բարձր գնահատականները չէին բաւարարում երիտասարդ արուեստագէտին: Նա ձգտում էր իր ազգային անհատականութեամբ, իր ստեղծագործական աւելի լայն հնարաւորութիւններով հանդէս գալ, ծաղկեցնել իր երաժշտական տաղանդը, որի համար նրան պակասում էր հաստատուն, արգասաբեր հող...
…– Իմ մէջ մեծ ցանկութիւն էր առաջացել,– պատմում է Դուրեանը,– հայ երաժշտութեան իսկական մոտիւներով, հայկական շնչով որեւէ բան ստեղծագործել: Այդ միտքը շատ էր յուզում ինձ եւ հոգեկան մի տեսակ պահանջ էր դարձել: Երկար աշխատելուց յետոյ ես հասայ իմ նպատակին – գրեցի չորս պաստորալներ, «Սեւան» սիմֆոնիկ պոեմը, օրատորիա եւ մեներգներ, ինչպէս նաեւ սիմֆոնիկ կոնցերտանտ դաշնամուրի եւ լարային նուագախմբի համար, սիմֆոնիկ պոեմ «Արարատ», «Սիմֆոնիկ նախերգանք», սիմֆոնիկ պոեմ «Կեանքի պայքար» եւ ներբող՝ երգչախումբի ու նուագախումբի համար: «Օրատորիում սակրում»-ը գրելիս մեծապէս օգտագործել եմ հայկական եկեղեցական երաժշտութիւնը, հայկական պատարագը: Իմ գրած «Հայկական ռապսոդիան»,– շարունակում է նա,– մեծ ընդունելութիւն գտաւ արտասահմանեան հայ գաղութներում, որովհետեւ ստեղծագործութեան մէջ տիրապետում են հայկական ժողովրդական մոտիվները,, տեղ-տեղ զգալի է Կոմիտասի «Ծիրանի ծառ», «Կուժն առա» եւ «Հով արէք սարեր»-ի հոգեթով շունչը: Բացի այս բոլորից՝ ռապսոդիայի մէջ ես աշխատեցի ներկայացնել հայկական պարերի գունագեղ ոճը... Սակայն այս բոլոր ստեղծագործութիւնները նորից ինձ չէին բաւարարում. ինչ-որ բան էր պակասում նրանց մէջ... Ես ուզում էի, որ հայրենի բնաշխարհի շունչը, իմ ժողովրդի իւրայատուկ ապրումներն աւելի ուժեղ դրսեւորում գտնէին իմ երաժշտութեան մէջ...
…Այսպէս, երաժշտական բնատուր տաղանդ Օհան Դուրեանը, որ նոր էր վերադարձել իր ժողովրդի ծոցը, անհանգիստ որոնումներ էր կատարում, փնտրում էր ստեղծագործական նորանոր հնարաւորութիւններ, ձգտում էր իր ընդհանուր երաժշտական կուլտուրան արգասաւորել հայրենի երաժշտութեան արեւով ու ջրով, խոր արմատներ արձակել Հայրենի կենսատու հողի մէջ...
…Երաժշտի այդ մտորումներն աւելի ուժեղացան, երբ նա սփիւռքահայ թերթերից մեկում կարդաց իր արուեստը չափազանց բարձր գնահատող մի յօդուած, որի մէջ ի միջի այլոց, գրուած էին իրեն տանջող եւ իր սրտին մօտիկ հետեւեալ տողերը.
…«Ի տես մեր խոստումնալից արուեստագէտներուն, որոնք Սփիւռքի մէջ հասակ կ’առնեն, կը տառապինք ցաւագին մտածումէն, թէ առանց Հայրենի հողին անոնք դատապարտուած են թառամելու՝ առանց իրենց լիութեան հասնելու, անապատին մէջ ջուրին ծարաւ բոյսերու, ծաղիկներու նման:
…Ամէնէն ուղիղ եւ հաստատ ճամփան ան է, որ կը վերադարձնէ զանոնք իրենց ստեղծագործական բեղունութիւն բաշխող աւազանը– Հայրենիքի եւ հայ ժողովուրդի հարազատ գիրկը»:
…Բայց ինչպէ՞ս. ինչպէ՞ս վերադառնալ հարազատ ժողովրդի գիրկը, Հայրենի երկիրը, որտեղ լայն հնարաւորութիւններ կան զարգացնելու արուեստը, որտեղ արուսետագէտն իրեն երբէք միայնակ ու անպաշտպան չի զգում...
…Եւ ահա շուտով բախտը ժպտում է երիտասարդ արուսետագէտին: 1957 թւականին, որպէս ֆրանսահայ երիտասարդութեան ներկայացուցիչ՝ նա մեկնում է Մոսկվա ու մասնակցում Երիտասարդութեան եւ ուսանողութեան համաշխարհային 6-րդ փառատօնին, որտեղ արտակարգ յաջողութեամբ ղեկավարում է մի համերգ՝ բոլորի ուշադրութիւնը հրաւիրելով իր վրայ:
…Այստեղ էլ բացւում է երիտասարդ դիրիժոր-կոմպոզիտորի կեանքի նոր էջը:
…Դուրեանը որոշում է այլեւս չհեռանալ Հայրենի հողից:
…Եւ ահա շուտով Երեւանում երեւում են ազդեր.
ՀԱՅՖԻԼՀԱՐՄՈՆԻԱՅԻ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԲ
ԴԻՐԻԺՈՐ՝ ՕՀԱՆ ԴՈՒՐԵԱՆ (Փարիզ)
Մենակատար՝ Երիտասարդութեան համաշխարհային 6-րդ փառատօնի լաուրեատ Լեւոն Ալոյեան (ֆլեյտա): Ծրագրում՝ Բեթհովեն – 6-րդ սիմֆոնիա, Բախ – 2-րդ սիմֆոնիա սի մինոր. Դեֆալիա – Երկու իսպանական պար. 1) Կրակի պարը, 2) ջրաղացպանի պարը
…Այդ ազդերից մեկի առաջ կանգնել է փոքրամարմին, թխադէմ, սեւ, փայլփլուն աչքերով եւ ծնօտը նեղ շերտով շրջագծող մօրուքով մի երիտասարդ, որի սեւաթոյր, երկար մազերն անհնազանդ թափուել են ականջների վրայ: Նման բովանդակութեամբ ազդեր նա շատ է կարդացել Երուսաղէմում եւ Պոլսում, Ամստերդամում, Վիեննայում ու Փարիզում...Բայց ինչո՞ւ առանձնապէս թանկ է եւ հմայիչ այս ազդը...
…Դուրեանը յուզուած բաժանուելով ազդից, իրեն յատուկ մանր, բայց արագ քայլերով մօտենում է իր ժողովրդի կերտած հոյաշէն հաստատութեանը՝ Հայֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճին, անհանգիստ մատների մէջ է վերցնում դիրիժորական փայտիկը... նրա շարժումների մէջ զգացւում է մարդկային խոր վիշտ եւ փոթորիկ եւ հոգեկան անսահման անդորր. նա իր մոգական փայտիկով կախարդում է բոլորին... Դիրիժորը ամբողջ հոգով ձուլւում է երաժշտութեան հետ, իր սիրելի ժողովրդի հետ...
…Տաղանդաւոր դիրիժորի համերգները խոր տպաւորութիւն թողեցին Երեւանի երաժշտասէր հասարակութեան վրայ եւ փոթորկալի ծափեր խլեցին: Նրան շատ դահլիճներում, Եւրոպայի շատ քաղաքներում ծափահարել էին ու ծաղիկներ նուիրել. բայց այս մեկը ուրիշ էր: Հայրենի ծաղիկները, որ առաջին անգամ էին մատուցւում իրեն, մի ուրիշ պայծառ գոյն ու արբեցնող բոյր ունէին... Ծափերի ճնշման տակ դիրիժորը խոնարհում է գլուխը: Ուրախ յուզումից դիրիժորական փայտիկը դողում է նրա փոքրիկ, ջերմացած մատների մէջ... Ինչքա՜ն լաւ է, երբ տարիների երազը իրականութիւն է դառնում, երբ սիրտդ բաց եւ ոտներդ ամուր ես զգում Հայրենի հողի վրայ, երբ լիովին նուիրւում ես ժողովրդի երաժշտական մշակոյթի զարգացմանը...
…Դիրիժորական փայտիկը շարժւում է հայրենադարձ դիրիժորի ձեռքում եւ մեծ նուագախումբը մի մարդու նման ենթարկւում է երիտասարդ արուեստագէտին: Նա իր խոր ու հարուստ հոգեկան աշխարհով թափանցում է ամէն մի կոմպոզիտորի ստեղծագործութեան մէջ, պահպանում իւրաքանչիւրի ստեղծագործական անհատականութիւնը:
…Խորհրդահայ եւ խորհրդային մամուլը բարձր գնահատեցին երիտասարդ դիրիժորի այդ արժանիքները եւ ջերմ տողեր նուիրեցին՝ հիացմունք յայտնելով նրա վիրտուոզ արուեստի մասին:
…Հայրենի երկրում Օհան Դուրեանը, բացի դասականներից, մեծ յաջողութեամբ ու սիրով կատարում է նաեւ խորհրդահայ կոմպոզիտորների եւ իր ստեղծագործութիւնները՝ արտակարգ աշխատասիրութիւն, բծախնդրութիւն ու եռանդ յայտաբերելով որպէս դիրիժոր:
…«Համերգներից մեկում, – գրում է «Սովետական Հայաստան» ամսագիրը, – Օհան Դուրեանը կատարեց իր հեղինակած մի քանի սիմֆոնիկ կտորներ: Այդ գործերի մէջ ունկնդիրը տեսաւ տաղանդաւոր, նրբաճաշակ, որոնող կոմպոզիտորին, որն իր սեփական ոճն ու յուզական աշխարհն ունի եւ նուագախմբի արտայայտչական միջոցներն օգտագործում է խնայողաբար՝ ձգտելով յոյզերի եւ խոհերի գունագեղ պատկերման: Յատկապէս նր պաստորալները, որոնց մէջ կոմիտասեան ոգով մելոսը լիաթոք շնչում է նուագախմբի դեբիւսիական երփներանգների ոլորտում, տոգորուած են բնաշխարհի պատկերները ոգեկոչող պանդուխտ հայի ապրումներով, որոնք անմիջականօրէն վարակում են ունկնդիրներին»:
…Օհան Դուրեանը խորհրդահայ երաժիշտներից կատարում է գլխաւորապէս Ալեքսանդր Յարութիւնեանի, Ջիւան Տէր-Թադեւոսեանի, Էդւարդ Բաղդասարեանի, Աշոտ Սաթեանի, Անուշաւան ՏԷր-Ղեւոնդեանի, Գեղունի Չթչեանի սիմֆոնիկ ստեղծագործութիւնները՝ արժանանալով հանդիսականների ամենաջերմ ընդունելութեանը:
…Որպէս Հայաստանի Պետական սիմֆոնիկ նուագախմբի դիրիժոր Օհան Դուրեանն արդէն դարձել է խորհրդահայ երաժշտական մշակոյթի ամէնից աւելի գնահատուած, աչքի ընկնող գործիչներից մեկը: Երաժշտասէր հասարակութեան ջերմ վերաբերմունքը նրան պարտադրում է պարտական չմնալ իր ժողովրդին. նրա ստեղծագործական ուժերը նոր վերելք են ապրում եւ նա ծաղկում է նաեւ որպէս կոմպոզիտոր... Նոր սիմֆոնիաներ են հասունանում նրա հոգում...Եւ մենք շուտով ներկայ կլինենք տաղանդաւոր դիրիժորի ու նոյնքան տաղանդաւոր կոմպոզիտորի ինքուրոյն ստեղծագործութիւների մեծ համերգին...
Ստեփան Կուրտիկեան
«Հայրենի հողի վրայ»
1960, Երեւան