Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Ալիս Յովհաննիսեան

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Ալիս Յովհաննիսեան

    ՏԱՐԱՆՑՈՒՄ
    Դու՝ վախլո՛ւկ թիթեռ, քնի՛ր, մի՛ դողայ, մի՛ թրթռայ, վաղուայ մեկօրեայ կեանքիդ մասին:
    Սուտ չի, որ մեկ օր է կեանքդ... բայց ի՜նչ կեանք...ճիշտ է, որ ինձ նման սխալմամբ մեծ քաղաքում ծնւեցիր: Բայց դա էլ հոգս մի՛ շինիր քեզ համար... Մի՛ տագնապիր, թէ մեռնելու ես այն բարձրիկ սարերը չտեսած, որտեղ միայն զեփիւռի, անխոնջ երգիչ բզէզի, շնաճանճերի միալար շնկշնկոցն է խզմզում ընդարձակ, լայնաշունչ, իր հեղհեղուկ ծաւալով ամէն ինչ տոգորող լռութիւնը... Բայց ես հո լաւ գիտեմ, թէ դեռ էլի ինչերից ու ինչերից է կազմուած այն, ինչ խօսող, ամէն ինչ խօսքի վերածող մարդիկ լռութիւն են համարում, անուանում: Դու վաղը նախ փորձի՛ր այս մեծ քաղաքի աղմուկների մէջ տարբերակել ձայները... Աշխատի՛ր խուլ պահել ականջդ բարձր ձայների հանդէպ. մտի՛ր այս կողքի պուրակը. լեփ լեցուն ծաղկունքով... Դէս ու դէն չընկնես, շուտ կողմնորոշուի՛ր... Քեզ չեմ ասի, թէ ես, ո՛ր ծաղիկներն եմ ընտրել այսօր... ո՛ր գոյնի թիթեռն է ընկել իմ ետեւից, ո՛ր երգիչ բզէզի համերգն էի լսում շունչս պահած, ո՛ր երեխայից պիտի հեռու մնաս, ո՛ր աղջկայ մաման է ասում. «Տե՛ս, բալիկս, սա թիթեռ է: Ասա՛ թիթեռ»: Ի՛նքդ կողմնորոշուիր, կը կողմնորոշուես, մի՛ տագնապիր... Ի՛նքդ գտիր քո ծաղիկը, քո երգիչ բզէզին, երեխային, որից պէտք է հեռու մնալ, երեխային, ում թոյլ կը տաս, որ բռնի թիկներիցդ... Լաւ կը լինի՝ թոյլ չտաս, փախչես... թո՛յլ տուր, երբ արդէն օրը մթնելիս լինի... միեւնոյնն է՝ մեռնելու ես... Թռի՛ր նոր բարբառող աչոնիկին շատ մօտիկ, որ նա թաթիկը մեկնի քեզ, մի՛ վախենայ՝ չի կարող բռնել: Թող քեզ լաւ տեսնի, ճանաչի մեր տեսակը, սովորի մեր անունը՝ «թիթեռ»... Ի՜նչ սիրուն անուն ունենք չէ՞, թիթեռ... Դէ քնի՛ր, մի՛ վախենայ... Գուցէ երկու օր ապրես... Հրաշքներ լինում են... իսկ ինձ վաղը չես տեսնի... Ի՜նչ հրաշալի օր անցկացրի, Տէ՜ր իմ... Բախտ ունեցայ նոյնիսկ ձագուկիս ծնունդը տեսնելու ու իմ փորձից որոշ բաներ փոխանցեցի քեզ... Իմ երջանիկ օրուայ մասին պատմեցի... Երջանի՜կ եմ... Գուցէ գիշերով ծնւեցիր, որ պատրաստուես բացւող օրուան... Իսկ ես առաւօտ շուտ ծնւեցի... բացեցի աչքերս ու տեսայ աշխարհը... Ոչ ոք չհալածեց ինձ, ոչ ոք չբռնեց, չպոկոտեց թեւիկներս...
    Ալիս Յովհաննիսեան
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Ալիս Յովհաննիսեան

    ԾԱՆՕԹԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՎ. ԱԼԻՍ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ ԱՆՈՒՆ ՄԸ, ՈՐ Կ՛ԱՐԺԷ ՄԻՏՔ ՊԱՀԵԼ



    «– Ուխտը Աստծոյ առջեւ քո հաւատարմութիւնն ապացուցելու ամենաճշմարիտ կերպն է: Դրանով Նրան համար անում ես գերագոյնը, ինչ թւում է, թէ վեր է մարդկային ուժերից, վեր է օրէնքից, վեր է անգամ բարոյականութիւնից: Եւ Նա չի պահանջել քեզանից այդ բանը, Նա քեզ չի պարտաւորեցրել, Նա այս առիթով միայն մի պատուիրան է թողել. «Երդում մի՛ արա, բայց եթէ անում ես, պահիր այն»: Դու քո ուխտը պահում ես յանուն Նրան` անկարելին կարենալդ ապացուցելու»:
    Հազարամեակներու խորերէն բարձրացող, հայ ժողովուրդի նկարագիրը, էութիւնն ու իւրայատուկ ոգին խտացուցած վերի խօսքերը, որ քաղուած են հայրենի շնորհալի արձակագրուհի Ալիս Յովհաննիսեանի շուրջ երկու տարի առաջ լոյս տեսած «Ճիւղեր – տերեւներ» հատորի առաջին 166 էջերը գրաւած եւ հատուածաբար հրամցուած նոյնանուն վէպէն, կը հաւատանք, ամենայն իրաւունքով կարելի է օգտագործել նոյնինքն անոր հեղինակին` Ալիս Յովհաննիսեանի առիթով: Մերթ Պարսկական եւ մերթ Բիւզանդական կայսրութիւններու միջեւ տարուբերող մեր զեխ, փառաւոր եւ ողբերգական անցեալին` իր Վեստ Սարգիսներով ու Գրիգոր Պահլաւունիներով, Դիոսկորոս նորընտիր կաթողիկոսով ու Չմշկիկ զօրավարներով, Կոստանդին կայսրերով ու արծաթասէր Պետրոս հայրապետներով, այսինքն` Բագրատունեաց հարստութեան փոթորկայոյզ իրադարձութիւններուն դասերով, արձագանգներով, խորհուրդներով եւ նոյնքան ալեխռով մեր օրերուն ուղղակի եւ անուղղակի յաւելումներով շիկացած այս ժամանակակից վէպը, իրաւամբ, կարելի է նկատել անոր հեղինակին ստեղծագործական քառասնամեայ կենսափորձին տոկուն գագաթնակէտը, կամ Ա. Յովհաննիսեանի բառերով` «անկարելին կարենալ ապացուցելու» իր պերճախօս պատասխանը:
    Մերթ հակադիր եւ յաճախ զիրար ամբողջացնող անցեալ ու ներկայ ժամանակներու բարդ կացութիւնները, հոգեվիճակներն ու բախումները միահիւսող բազմաշերտ ու բազմաձայն ստեղծագործութիւն մըն է այս վէպը, նաեւ` անոր յաջորդած 11 պատմուածքները, որոնք մեզի կը ներկայանան «Պատառիկներ մեր փուչ կեանքից» եւ «Փորձարարական թռիչքներ» ընդհանուր վերնագիրներով: Վէպ մը տակաւին, որ կու գայ աւելի եւս ընդգծելու գեղարուեստական արժէքը տարբեր ժամանակներու եւ աշխարհներու հաշտեցումով գիրին անսահմանելի ժամանակը միահիւսած ստեղծագործական այն ջղապիրկ երթին, որ սպիտակ թուղթին վրայ կատարելագործուելով` կը հոսի արտաքնապէս խաղաղ, բայց խորապէս փոթորկալի իր ոճով` յար եւ նման Ալիս Յովհաննիսեանի խնդրոյ առարկայ հատորը կանխած «Օղակը փակւում է» վէպին:
    Ըսինք, որ «Ճիւղեր-տերեւներ» հատորը լաւագոյն, տոկուն եւ կայացած ձեռագիրն է մարդկային ու ազգային շիկացումներով բիւրեղացած Ալիս Յովհաննիսեան արուեստագէտ արձակագիրին քառասնամեայ հոգեմտաւոր խոյանքներուն: Հետեւաբար, հայ ազգի ճակատագիրը, տագնապներն ու նոյնիսկ ախտագին կացութիւնները անձնադրոշմ խորհրդածութիւններով ընթերցող գոյապաշտ ստեղծագործութիւն մը, որ իր կենդանի եւ կտրիճ տիպարներով, նուրբ զգացողութեամբ, խոր թափանցումներով, անհեթեթ կացութիւնները խտացնող ներքին լարուած կշռոյթով ու գրութեան «փակ օղակներ»ը պայթեցնող այլաբանական ընդհանրացումներով կը հաստատէ ամենայն վաւերականութեամբ, որ յանձին Ալիս Յովհաննիսեանի մենք գործ ունինք գեղապաշտ, արդիաշունչ եւ տաղանդաւոր արձակագիրի մը հետ, որուն անունը կ՛արժէ միտք պահել:
    Սխալ տպաւորութիւն չձգելու համար աւելցնենք անմիջապէս, որ սփիւռքահայ ընթերցող հասարակութեան այս քիչ ծանօթ, չըսելու համար գրեթէ անծանօթ անունը փնտռուած արձակագիր մըն է Հայաստանի մէջ եւ արժանացած` հայրենի գրաքննադատներու բարձր գնահատանքին: Նելլի Շահնազարեանի, Դիանա Համբարձումեանի, Կարինէ Խոդիկեանի, Անահիտ Թոփչեանի եւ այլանուն շնորհալի արձակագրուհիներու հետ Ալիս Յովհաննիսեան կը պատկանի այն կին գրողներու սերունդին, որուն դիմագիծը բիւրեղանալ սկսաւ Հայաստանի Հանրապետութեան անկախացումէն ետք: Սերունդ մը, որ յար եւ նման զիրենք կանխած, նաեւ` իրենց կողքին ապրող տաղանդաւոր արձակագիրներու, պարզ ըսած` ի հետեւումն Հրանտ Մաթեւոսեանի, Աղասի Այվազեանի, Պերճ Զէյթունցեանի, Ռուբէն Յովսէփեանի, Նորայր Ադալեանի, Լեւոն Խեչոյեանի, Վահագն Գրիգորեանի եւ Ալեքսանդր Թոփչեանի եկաւ ապացուցելու, որ գրականութիւնը մերօրեայ կեանքը գեղարուեստական մշակումի ենթարկող պարզ արուեստ մը չէ, այլ կեանքի հոսանքն ի դէմ ծառացող հոգեմտաւոր փոթորիկ մըն է, որ տեսանելի եւ անտեսանելի իրավիճակները ըստ իր գեղարուեստական ծրագիրին վերակառուցելու խնդիր ունի, աշխարհն ու կեանքը սրբագրելու հոգեկերտ ծրագիր, հեղինակային աշխարհը ստեղծելու մտահոգութիւն ու աշխարհահայեացք, անտեսանելին ընդգծող այլաբանական կենսափիլիսոփայութիւն ու քննադատական պատասխանատու, անձնադրոշմ եւ նորովի մօտեցում: Այլ խօսքով` ստեղծագործական առաքելութիւն:
    «Ճիւղեր-տերեւներ» անուն գիրքը եօթներորդ հատորն է 1969-ին իր առաջին պատմուածքները ստորագրած արձակագրուհիին: Հատոր մը, որուն ձեռագիրը 2009-ին արժանացած է Համաշխարհային Համահայկական Կոնգրեսի, Ռուսաստանի Հայերի Միութեան եւ Հ. Գ. Մ.ի կողմէ սահմանուած «Հայը 21-րդ դարասկիզբին» գրական մրցանակին: Վէպ մը վերջապէս, որմէ հրամցուած հատուածը թէեւ իբրեւ աշխարհ կը կեդրոնանայ պատմութեան անցան հին Երեւանի Կոնդ թաղամասին վրայ, այնուամենայնիւ, Անին, մերօրեայ Հայաստանը, հեքիաթներու եւ երազներու անիրական աշխարհն ու առասպելական կլիմաները նո՛յնքան մաս կը կազմեն վէպին ընդհանուր շրջագիծին, ո՛րքան իր բուն միջավայրը: Վերջապէս, հեղինակին իսկ բնորոշումով` երազները ո՛չ միայն վկայութիւններ կամ սոսկական ենթադրութիւններ են, այլեւ «յաճախ կանխատեսումներ են այն մասին, որ երկար ապրելու է մեր ազգը, թէեւ դեռ չենք կարողանում վայելել մեր ձեռք բերուած անկախութեան քաղցր պտուղները…»:
    Կարելի է մանրամասնօրէն, բնորոշ մէջբերումներով եւ անհրաժեշտ ընդգծումներով երկար խօսիլ իրական ու անիրական աշխարհները, անցեալ ու ներկայ ժամանակները, կենդանի երկխօսութիւններն ու բազմախորհուրդ մենախօսութիւնները, իմաստասիրական խորք ունեցող հեղինակային անդրադարձներն ու ընթերցողին միտքն ու հոգին գրգռող այլաբանական շիկացումները գեղարուեստական ընդհանուր ծրագիրի մը մէջ միաձուլած այս արդիաշունչ վէպին մասին: Տակաւին` անհրաժեշտ է հանգամանօրէն անդրադառնալ Ալիս Յովհաննիսեան պատմուածագիրին գրողական հմտութեան, պարզել հոգեբանական հանգոյցները պատմուածքներուն, կանգ առնել անոնց կառուցային, ոճային ու հոգեվիճակները կարկառելու բարեմասնութիւններուն ու արժանիքներուն վրայ: Կարելի է: Սակայն ասիկա կ՛ենթադրէ ծաւալուն ու համապարփակ ուսումնասիրութիւն, որ անկարելի է ամփոփել գրական հպանցիկ ակնարկի մը նեղ կաղապարին մէջ:
    Մէկ բան, սակայն, պէտք է ըսել. Ալիս Յովհաննիսեան արուեստագէտ վկայաբերն է մեր հայկական արդի ժամանակին, իրաւ ու նրբաճաշակ գրող մը, որուն գրականութիւնը, Մեծն Օշականի վաւերական բնորոշումով` Արեան երեւոյթ է, միտք, ոճ եւ արուեստ ըլլալէ առաջ եւ վերջ: Ճշմարիտ գրողներուն վայել արժանիք մը, որուն համար , կը կրկնենք, կ՛արժէ, պէ՛տք է միտք պահել այս պայծառ անունը:
    Ս. ԿԻՐԱԿՈՍԵԱՆ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,052
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Ալիս Յովհաննիսեան

    ՃԻՒՂԵՐ – ՏԵՐԵՒՆԵՐ


    Այլակերպ արարածը մօտեցաւ ինձ ու գլուխ տուեց.
    - Հրամայի՛ր, պանդո՛ւխտ եղբայր եւ ես ապահովապէս քեզ կը հասցնեմ քո երկիրը, միայն թէ ինձ չասես` միջնո՛րդ եղիր առեւտրական գործերում: Այդ մէկը չեմ կարող: Ինձ այդ յատկութիւնը տրուած չէ:
    - Ինչպէս,- զարմացած ձեւացայ ես,- հայ լինես, լինես անեցի եւ հմուտ չլինես առ ու վաճառքի մէ՞ջ… Դա զարմանալի է… Յոյներն իրենց պալատում հէնց միայն խօսում են, որ հայը միայն վաճառական լինելու համար է ստեղծուած:
    - Դու գնա, նրանց ասա՛, պանդուխտ եղբայր, որ այսպէս թէ այնպէս բնատուր նախանձը նրանց հանգիստ չի տալու: Եթէ հայերը Չինաստանից, Հնդկաստանից չբերէին նրանց պալատներն ու եկեղեցիները զարդարող ջահերը, իրենց ոսկիները վատնած չէին լինի դրանք ձեռք բերելու վրայ, բայց այս անգամ էլ նրանց կը կրծէր այն միտքը, թէ ոսկի ունեն, բայց հնդկական կամ չինական ջահ չունեն… որովհետեւ նրանց վաճառականների փափուկ յետոյքները հեռաւոր ճամբորդութիւնների համար չեն: Ու բացի այդ, դու նրանց հարցրու, պանդո՛ւխտ եղբայր, եթէ հայերը միայն վաճառականութեան մէջ են հմուտ, հապա երեւի թէ իրենց ճարտար մարդի՞կ են գալիս, կառուցում մեր քաղաքները, մեր կամուրջները: Դարձեալ, երբ հմուտ վարպետի կարիք են ունենում, աչքները յառում են Հայաստանի կողմը, եթէ հարկ է լինում իրենց ժողովրդի պատմութեան մասին մի բան ճշդել, դիմում են հայ եւ արաբ իմաստասէրներին: Եւ որքան վատ է մի ժողովրդի մէջ միայն մի արուեստ տեսնելը: Ինչի՞ նմանի կը լինէր, եթէ մենք էլ իրենց մասին մտածէինք, թէ միայն լաւ ներքինիներ են կամ լաւ դահիճներ…
    - Իսկ Աստծոյ հետ ինչպէ՞ս են գործերդ…
    - Ես Նրա կարիքը չունեմ,- միանգամից վրայ բերեց նա:- Հարկ չկայ ականջները փակելու, երբ նման խօսքեր ես լսում,- ասաց Յակոբը, դա քեզ վնաս չի տայ: Եթէ Աստուած պատժի, ինձ է պատժելու: Իսկ դու, աւելի լաւ է, վիճես ինձ հետ: Աստուած դրա համար քեզ կը վարձատրի:
    - Մի՞թէ չունես Նրա կարիքը,- ասացի ես:
    - Չունեմ, պանդուխտ եղբայր: Համաձայն եմ, որ Նա է ստեղծել ինձ եւ ամբողջ տիեզերքը, բայց եթէ դրանից յետոյ ինձ թողել է ճակատագրի յոյսին, ապա ես էլ իմ հերթին չեմ ուզում մտածել Նրա մասին: Եթէ հարցը դրուի այսպէս` դու ո՞ւմ կողմը կը բռնես` մարդո՞ւ, որը փորձում է անել այն, ինչ վեր է իր ուժերից, թէ՞ Աստծոյ, որ ամենազօր է, բայց չի ուզում անել, ես կը կանգնեմ մարդու կողմը:
    - Բայց ի՞նչ կարող է անել մարդը, եթէ նա քամուն սպասում է հարաւից, իսկ այն փչում է հիւսիսից:
    - Ուրեմն, Նա հաճոյք է զգում մարդուն անվերջ փորձելուց: Իսկ մարդն էլ ստիպուած է միշտ ծռմռուել Նրա առաջ, յարմարուել Նրա կամքին:
    - Ոչ թէ յարմարուել, այլ հնազանդուել, ոչ թէ ծռմռուել, այլ ուղիներ փնտռել արդար ու ճշմարիտ կեանքով ապրելու:
    - Եւ միշտ մէջդ ունենալ անելանելիութեան վախը, աշխարհի կործանման զարհուրանքը: Չէ՛, պանդուխտ եղբայր, թո՛յլ տուր ես ընդդիմանամ Նրան, իսկ դու հնազանդուի՛ր:
    - Ուրեմն դու ընդունում ես, որ մենք երկուսս էլ Նրա որդիներն ենք:
    - Միայն թէ ինչո՞ւ նա քեզ թագաւոր ստեղծեց, իսկ ինձ` ռամիկ:
    - Ուրեմն դու ճանաչեցի՞ր ինձ…
    - Ինչպէ՞ս կարող էի չճանաչել, տէ՛ր արքայ, երբ միայն արքան կարող է իրեն թոյլ տալ զինուորին մարտից առաջ քնից կտրելու` նրա հետ կէս գիշերով պարապ զրոյցներ անելու համար:
    - Հիմա ես քեզ թոյլ կը տամ, որ գնաս ու քնես, բայց իմ մի հարցին էլ պատասխանիր:
    - Ասա՛, տէ՛ր արքայ, ես հնազանդուել էլ գիտեմ, յարմարուել էլ, եթէ միայն այդ է պահանջում իմ հայրենիքի շահը:
    - Ես ուզում եմ քեզանի՛ց լսել մեր հայրենիքի ճակատագրի մասին… Մի՞թէ անյոյս է մեր վիճակը:
    - Եթէ այսօր մեր վիճակն անյոյս է, չի նշանակում, թէ միշտ այդպէս է լինելու, տէ՛ր արքայ: Մենք քամու ուղղութիւնը չենք կարող փոխել եւ ոչ էլ արեւին հրամայել, որ գիշերն էլ լոյս տայ, բայց մեր ճակատագիրը փոխելը մեր պարտքն է: Իրաւունք չունենք փախչելու: Մեզ իրաւունք է տրուած ապրելու կամ չապրելու: Մենք պիտի ընտրենք ապրելը, քանի որ այսօր ապրելով` մենք ապահովում ենք մեր շարունակական գոյութիւնը հազարամեակների մէջ…
    - Գնա՛, սիրելիս, գնա՛ եւ քնիր: Ների՛ր: Քեզ հետ զրուցելը շատ օգտակար էր:
    Այլակերպը հեռացաւ առանց բարի գիշեր մաղթելու:
    - Տեսնո՞ւմ ես, տէր արքայ,- խօսեց վերջապէս Վրվեռը,- հիմա անխելք մարդ չկայ, բոլորը քաղաքագէտ են, բոլորը գիտուն են:
    - Եւ ի՜նչ ցաւ, եթէ այս ամէնը ի զուր լինի:
    - Ի զուր ոչինչ չի լինում, տէ՛ր արքայ… Այսօր է դա մեզ ի զուր թւում, քանի որ մենք մահկանացու ենք եւ մեր երազները ուզում ենք իրականացած տեսնել քանի դեռ ողջ ենք, բայց միայն Աստծուն է յայտնի, թէ այսօրուայ անարդար լուծումը քանի հազարամեակով ապահովեց մեր արդարացի գոյութիւնը: Չէ՞ որ մենք միայն այսօրուանը կարող ենք հասկանալ եւ միայն վաղուանը ծրագրել, իսկ քամիները յաւերժական են, եւ նրանց ուղղութիւնը Աստուած է որոշում…
    Ճրագը ձեռքին` ներս մտաւ մի կին: Հերարձակ էր, երկար, լայն բաց գոյնի զգեստով: Մօտեցաւ մեզ, ձեռքի ճրագով դիտեց մեր դէմքերն ու ասաց.
    - Տեարք, ձեզ համար բաղնիք ենք տաքացրել, հաճեցէ՛ք լողանալ ու հանգստանալ, շուտով կը լուսանայ, իսկ դուք դեռ չէք հանգստացել:
    Ճանաչեցի Ախնիին: Հիմա նա բոլորովին այլ էր. նոյնն էր միայն նրա իշխանական, ազատ կեցուածքը…
    - Տէ՛ր արքայ,- մօտեցաւ, բռնեց ձեռքս,- երկուսիդ համար առանձին լոգարաններ ենք պատրաստել: Ձեզ կ՛օգնեն մեր այրերը, իսկ յետոյ ես ու քոյրս կ՛օծենք ձեզ ամոքիչ իւղով, որ մեզ համար պատրաստում էր մեր ծեր փիլիսոփայ Պանտալոնեն…
    - Ո՛չ, սիրելի Ախնի,- ասացի նրան,- ես այս գիշեր մինչեւ լոյս զրուցելու եմ տիար Վրվեռի հետ… Միանգամայն առոյգ եմ, մի՛ մտահոգուիր…
    - Մինչեւ աքլորականչ դեռ ժամանակ կայ, տէ՛ր արքայ, դուք կը հասցնէք զրուցել, եթէ չէք կամենում քնել: Բայց Վրվեռը մի օր անգամ չի կարող ապրել առանց լոգանքի: Եւ այստեղ բոլորս էլ սովոր ենք գոնէ օրընդմէջ լողանալու:
    - Մի՞թէ: Բիւզանդական արքունիքում շաբաթը մէկ են լողանում, մարդիկ կան, որոնց հերթը ամիսը մէկ էլ չի հասնում:
    - Մենք ձիերին ենք շաբաթը մէկ լողացնում,- ծիծաղեց Ախնին:- Մեր ժողովուրդը մաքրասէր է, դրա համար էլ մեր քաղաքն ու գիւղերը հազուադէպ են մուտք գործում ժանտախտն ու բորը…
    - Ի հարկէ, քո կամքն է, տէ՛ր արքայ,- ասաց Վրվեռը,- սակայն մենք մեր զրոյցը լոգարանում էլ կարող ենք շարունակել…
    - Թող այդպէս լինի,- ասացի ես,- իսկ սպարապե՞տը…
    - Որոշեցինք չարթնացնել նրան: Երրորդ աքլորականչին կը լողանայ, կը սպառազինուի ու կը գնայ իր զինուորների մօտ:
    Երբ արդէն տեղաւորուել էինք հարեւան տաքուկ գուռերի մէջ, վերսկսեցի մեր զրոյցը.
    - Տիար Վրվեռ, քեզ նման գեղեցիկ տղամարդը ո՞ւմ սիրոյ առարկան է արդեօք, ասա՛ ինձ, եթէ գաղտնիք չէ:
    - Գաղտնիք չէ, տէր արքայ, բոլորին է յայտնի իմ երջանիկ սէրը: Դեռ մանկուց սպարապետի ծոռնուհի Շուշանին է պատկանում սիրտս:
    Մինչ այդ ընդարմութիւն էր սողոսկել մէջս, բայց Շուշանի անունը միանգամից հարուածեց ինձ, բայց կիսամութի մէջ վայրկենապէս հաւաքեցի ինձ, որ չգոռամ ցաւից: Լռութիւնս արդէն երկար էր տեւում… Թասով ջուր էի վերցնում, լցնում ուսերիս, եւ տրորելով մաշկս` փորձում էի ինձ շատ զբաղուած ձեւացնել…
    - Ես ամէն ինչ գիտեմ, տէ՛ր արքայ,- խօսեց Վրվեռն իր թաւշեայ ձայնով… Պատրաստ եմ եղել նրան որպէս թագուհի ուղեկցել մինչեւ քո նոր տիրոյթները, բայց նա կտրականապէս ասաց, որ ուշ է արդէն, որ ինքը մենաստան է մեկնելու: Ինձ յաջողուեց տէ՛ր արքայ, ետ պահել նրան այդ մտքից: Նա ասում էր, որ ուխտ ունի երբեք չամուսնանալու եւ չճաշակելու մարմնական սիրոյ հաճոյքը, իսկ ես երկար ճառեր էի ասում, այսինքն` պնդում էի, որ դա հակառակ է Աստծոյ բնոյթին… Եւ ահա մեր գաղտնի ամուսնութեանը յաջորդեց ահաւոր երկրաշարժը: Շուշանը համոզուած է, որ դա Աստծոյ պատիժն էր իր ուխտը չպահելու համար… Պնդում է, որ իր աղօթքները երկինք չեն հասնում, քանի որ ինքը չի կատարել Աստծոյ առաջ տուած իր խոստումը… Ինձ նորից յաջողուեց նրան համոզել, որ միամտութիւն է այդպէս մտածելը… Այս խնդրում ինձ խանգարում էին քոյրերս, որոնց համար անկախութիւնը վեր է ամէն ինչից… Ինձ մեղադրում էին, որ բռնանում եմ Շուշանի կամքի վրայ… Բայց չէի համոզի, եթէ նրա աչքերի մէջ չտեսնէի սիրոյ կայծը, եթէ չորսայի նրա շուրթերի դողը: Կարծում էի` ոչ թէ բռնանում եմ, այլ ազատում եմ նրան կապանքներից: Բայց շուտով նոր աղէտներ եղան… Երկրից հեռացաւ Գրիգոր իշխանը, մեռաւ Պանտալեոն բժիշկը… Հիմա ես նոյնպէս համոզուած եմ, որ եթէ ուխտ ես անում Աստծուն, պէտք է պահես այն…
    - Մի՞թէ,- բացագանչեցի ես…
    - Այո՛, տէր արքայ, հիմա մենք միասին ենք պահում այդ ուխտը…
    - Դո՞ւ, Վրվե՞ռդ…
    - Դա մի առաւել մեծ զգացում է, տէ՛ր արքայ…
    - Իսկ ես` թշուառս, այնտեղ մեղմում եմ իմ հոգու ցաւը, մտածելով, որ այստեղ եմ թողել իմ թագուհուն, մերժում եմ մի չքնաղ աղջկայ սէրը… յանուն Շուշանի…
    - Շուշանի համար դու միշտ կաս` որպէս Անիի միակ թագաւորը… Նա բազում բանաստեղծութիւններ է ձօնել քեզ… Եւ ի՜նչ բանաստեղծութիւններ… Տէ՛ր արքայ, նրա նման ոչ ոք չի կարող գրել… Նա իր պապից է ժառանգել այդ յատկութիւնը, եւ սակայն նրա գրածներն այլ են.. անսովոր… կարծես դրանք մի գեղջուկ աղջիկ է յօրինել, բայց գեղեցիկ լեզուն արքայական փայլ է տալիս նրա յօրինուածքին… Պալատում միայն Պանտալոնէին էր ցոյց տալիս դրանք եւ խրախուսւում նրանից. գաղտնի էր պահում… Իսկ հիմա դրանցով մեր ժողովուրդը խաղեր է կապում ու երգում… Հիմա ես քեզ համար կ՛արտասանեմ դրանցից մէկը, որ քեզ է նուիրուած, ու դու ինքդ դատի՛ր…
    Բայց երբ գաս ինձ տանելու, չեն լինի արդէն,
    Ոչ բունն իմ, ոչ տերեւները…
    - Մի՞թէ ձեր այդ լաւ սիրուց երեխաներ չեն ծնուելու:
    - Չգիտեմ, տէ՛ր իմ, ես աղօթում եմ, որ Աստուած մի նշան ցոյց տայ, եւ մենք սիրենք միմեանց երկրային բնոյթին համանուագ, քանի որ շատ քիչ վայելք է մնացել այս դաժան ու գորշ կեանքում:
    - Գիտե՞ս, տէր Վրվեռ, այնպէս կ՛ուզենայի մնացեալ կեանքս ձեր մէջ անցկացնել, այստեղ` այս մութ լաբիւրինթոսում:
    - Տա՛յ Աստուած, տէր արքայ, եւ դու կ՛ապրես ոչ թէ լաբիւրինթոսում, այլ քեզ վայել ապարանքում, որ հէնց մեր գլխավերեւում է, որտեղ գուցէ արդէն արթնանալու փորձեր է անում Ասիտը եւ շուտով փողեր կը հնչեցնի մարտից առաջ:
    Ձայնագրիչից մի խշշոց է լսւում. Լուկինոն անջատում է:
    - Այստեղ ես զգացի, որ սիրտս նուաղում է, ուղեղս մթագնում, թեթեւանում է մարմինս, ու ես պատրաստւում եմ թեւածելու դէպի անհունը… եւ… վախից արթնացայ… Ուշքի գալուց յետոյ զգացի այն երազային թեթեւութեան ու իրական մարմնիս ծանրութեան մեծ տարբերութիւնը: Ձեռքս մեծ դժուարութեամբ բերեցի միւս ձեռքիս մօտ, մի կերպ շօշափեցի զարկերակս, տեսայ, որ այն գրեթէ չկայ, եղած զարկերն էլ հետզհետէ հանգչում են… Բայց ահա, կարողացայ ձայնագրել ամէն ինչ…
    Վեր եմ կենում, բացում եմ պատուհանը… Սենեակում տօթ է, մենք բոլորս` շիկացած… Դրսից եկող օդը թէեւ տաք է, բայց մի քիչ թարմութիւն է բերում իր հետ…
    Սպասում ենք… Լուկինոն հերթով նայում է մեզ… մի տեսակ անհաղորդ… Գիտի` վերջապէս խօսելու է… Խօսում է… նրա ձայնը այդքան ծանր չէր եղել, երբեք չէր եկել այդքան խորքերից… երբեք…
    - Մի՞թէ ես էլ ձեզնից եմ,- լսւում է նրա ձայնի խուլ հնչիւնը…
    - Արդէն չափն անցաւ: Նեարդերս չեն դիմանայ,- լսւում է իմ ձայնը: Բառ-հնչիւնները մի քիչ ամրացնում են ինձ…
    - Կը դիմանան, այստեղ չդիմանալու ոչինչ չկայ,- խօսեց Արտուրոն,- Մի՞թէ դու` Շուշան եւ դու` Անդրյո՛ւշ, հէնց սկզբից չէք ունեցել այն զգացումը, թէ Լուկինոն ձեզանից է… Ես ունեցել եմ… Մի պահ անգամ չեմ կասկածել, որ Լուկինոյին ձեզ մօտ բերողը միայն գիտնականի հետաքրքրասիրութիւնը չի եղել…,- Նա խստացրեց ձայնը,- դէ՛, Լուկինօ, ասա՛ տեսնենք, քո տատը հայուհի չի՞ եղել…
    - Այդ Թոռնիկոսի անունն է ինձ այսպէս շփոթեցրել,- խօսեց վերջապէս Լուկինոն:
    - Ինչո՞ւ,- միաբերան բացագանչեցինք երեքով:
    - Մի քանի օր առաջ մի զարմանալի երազ տեսայ, բայց մտքովս էլ չանցաւ, թէ դա կապ ունի Հէ-ի հետ, նոյնիսկ գրի չառայ, հարկ չհամարեցի ձեզ պատմել: Համոզուած էի, թէ դա ձեր պատմութիւնների վերապրուկն է… Ինքս ինձ ծիծաղեցի այդ «մտացածին» անուան վրայ` Թոռնիկոս…
    - Այդ ինչպէ՞ս է, որ չգիտէիր,- ծորում է Արտուրոյի ձայնը, որով կարծես միշտ ձեռ է առնում դիմացինին:
    - Չգիտէի,- կարծես մի յանցանք էր գործել:
    - Դու նախ մեզ ասա` դու Թոռնիկո՞սն ես, թէ՞ Մոնոմախ կայսրը, յետոյ կը պատմեմ քեզ քո կեանքը, որքան որ ինձ յայտնի է…
    - Եթէ Մոնոմախը լինէի, շատ չէի զարմանայ,- Լուկինոն գտել է իր փրկարար ծիծաղը: – Որքան յիշում եմ, շատ նշանաւոր դէմք էի, հայ զօրավար եւ պատրաստւում էի Թոռնիկոսի հետ մի հսկայ զօրաբանակով յարձակուել Կոստանդնուպոլսի վրայ…
    - Եւ ի՞նչ…
    - Արթնացայ հեռախօսազանգից… Հռոմից Լիլիթն էր զանգում…
    ԱԼԻՍ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
    (Հատուած)
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հրաչեայ Յովհաննիսեան
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Հայ գրականություն. գործեր, քննարկումներ, վերլուծություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.09.2010, 20:07

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •