Հայ ժողովրդի կազմաւորան գործընթացը շատ բարդ է եղել եւ ընթացել է զիգզագներով: Հայ ժողովուրդը շատ թելերով կապւում է նախահայկական ցեղերի հետ, որոնց մի մասը անկասկած ունեցել է հայերէնին ցեղակից լեզուներ, իսկ մի մասը՝ միանգամայն տարբեր համակարգի լեզուներ: Հայ ժողովրդի կազմաւորման ընթացքում այդ լեզուները փոխադարձաբար ներգործել են միմեանց վրայ եւ անընդհատ խաչաւորուել, սակայն յաղթանակել է հնդեւրոպական համակարգ ունեցող հայերէնը եւ հարստացել իր մէջ ձուլուած ցեղակից ու ոչ ցեղակից լեզուների հաշուին, միշտ պահպանելով իր ինքնուրոյնութիւնը: Երբ աւարտել է հայ ժողովուրդի կազմաւորումը եւ հայերին ձուլուած տարբեր ցեղերը ընդունել են այդ լեզուն իբրեւ իրենց սեփական լեզուն ու մոռացել իրենց հին բարբառի կամ լեզուի առանձնայատկութիւնները: Այդ լեզուներից մի քանիսը հայերէնի առանձին բարբառների առաջացման առիթ են հանդիսացել, բայց երբէք չեն շարունակել իրենց գոյութիւնը իբրեւ առանձին լեզուներ: Այդ պատճառով էլ նրանք չէին կարող մեր թուականութեան VIII դարում հանդէս գալ իբրեւ փոքրամասնութիւնների լեզու:
Այսպիսով, պատմական տուեալները ցոյց են տալիս, որ հայերէնը ինչպէս հինգերորդ դարում, նոյնպէս եւ դրանից առաջ ու յետոյ ունեցել է իր բարբառները, որոնք իբրեւ նրա ճիւղաւորումներ, ենթարկուել են նրան, թէեւ ունեցել են նաեւ իրենց առանձնայատկութիւնները:
Հայերէնի բարբառների եւ համաժողովրդական լեզուի ընդհանրութիւնները դրսեւորուել են լեզուական բոլոր տարրերի մէջ: Ամէնից առաջ ընդհանուր են եղել նրանց հիմնական բառապաշարը եւ քերականութիւնը՝ իր ընդհանուր դրսեւորումներով: Նրանց զանազանութիւնները դրսեւորուել են հնչիւնական որոշ տարբերութիւններով, բառային կազմի մէջ մտած առանձին բառերով եւ քերականութեան առանձին ձեւերի գործածութեամբ: Ուրեմն լեզուի բարբառը օտար չէ, լեզուի ճիւղաւորումն է, որը աճում ու զարգանում է ընդհանրապէս ընդհանուր հիմունքներով, որոնցով զարգանում է ընդհանրապէս լեզուն: Սակայն դրան զուգընթաց, բարբառը, նրա զարգացման համար ստեղծուած նպաստաւոր պայմաններում, կարող է գրաւոր լեզուի աստիճանի բարձրանալ կամ գրական լեզուի կազմաւորման հիմքում դրուել: Նա կարող է նաեւ ձուլուել ընդհանուր համաժողովրդական լեզուին: Այդ բոլոր դէպքերում մեծ դեր են կատարում լեզուն կրող ժողովրդի տնտեսական եւ հասարակական կեանքում կատարած փոփոխութիւնները եւ հասարակութեան զարգացման պայմանները:
Հայերէնի բարբառների պահպանման եւ նոյնիսկ նրանց տարբերութիւնների խորացման համար հին եւ միջին դարերում միշտ էլ նպաստաւոր պայմաններ են եղել: Այդ պատճառով էլ չի եղել որեւէ շրջան, որ համաժողովրդական հայերէնը չունենար իր բարբառները:
Բարբառային առանձնայատկութիւնները, ինչպէս նշուեց վերեւում, երեւում են լեզուի հնչիւնային ատաղձի, բառապաշարի, քերականութեան եւ այլ երեւոյթների մէջ: Հինգերրորդ դարի հայ մատենագիրները աշխատել են որքան հնարաւոր է անաղարտ դրութեամբ ներկայացնել գրաւոր հայերէնի նորմաները: Նրանք որոշակիօրէն պայքարել են բարբառային ձեւերի օգտագործման դէմ, այդ պատճառով էլ շատ քիչ փաստեր են տուել ժամանակի հայոց բարբառների մասին: Սակայն չնայած դրան՝ անհնարին է եղել խուսափել բարբառային առանձին ձեւեր կամ բառեր գործածելուց: Բարբառի առանձնայատկութիւնները աւելի ուժեղ դրսեւորուել են հինգերորդ դարի հայ մատենագիրների ոճի մէջ, որը հիմք է տուել շատ բանասէրների նրանց գործերը բաժանելու դասերի կամ դպրոցների: Այդ դասերն են՝ ա) Եզնիկեան, որի մէջ մտած գործերը, բացի Եզնիկի «Եղծ աղանդոց»-ից, թարգմանութիւններ են եւ գլխաւորապէս աստուածաբանական բովանդակութիւն ունեցող. բ) Եփրեմեան, որն ընդգրկում է տասնմեկ գործ, որոնք բոլորն էլ թարգմանուած են ասորերէնից. գ) Կիւրեղեան, դարձեալ այնպիսի գործեր, որոնք թարգմանուած են յունարէնից եւ ասորերէնից. դ) Ագաթանգեղեան, որի մէջ մտնում են գլխաւորապէս ինքնուրոյն գործեր: Յիշեալ դասերի մէջ մտած բոլոր գործերն էլ գրուել կամ թարգմանուել են հինգերորդ դարի առաջին կէսին, Մ. Մաշտոցի, Ս. Պարթեւի եւ նրանց աւագ աշակերտների ձեռքով: Աւելի ուշ շրջանի գործերը մեծ տարբերութիւններ են տալիս: Յամենայն դէպս նոյնիսկ այդ գործերում նկատւում են ոճական որոշ տարբերութիւններ, որոնք կապուած են բարբառային առանձնայատկութիւնների հետ: Այսպէս, օրինակ՝ Ագաթանգեղեան դասի հեղինակները գործածում են այնպիսի բառեր ու բառակապակցութիւններ, որոնք համարեա թէ չեն հանդիպում միւս դասերի գործերում: Այդ բառերից կարելի է նշել՝ շատ, թանձրախառն, նուագ, աւագանի, կանանի, ամեն, ի դուրս, ամենափրկիչ, արուեստախօսել, միահաղոյն, միասնական, ձեռնադրել, կուսաստան, առիւծաբար, մենակռիւ, տեղապահ, երկնաչու, ոյժ, մեծաւ լրջմտութեամբ եւ այլն. այս դասի հեղինակները «որում կոչէին, որում անուն կոչէր» բառակապակցութիւնների փոխարէն սիրում են գործածել «որոյ անունն ճանաչէր», «կողմանս կողմանս»-ի փոխարէն «կոյսս կոյսս», իբրեւ մակբայից յետոյ դնել անցեալ դերբայը, ինչպէս՝ «իբրեւ լուեալ, իբրեւ կարգեալ, իբրեւ հայեցեալ, իբրեւ տեսեալ» փոխանակ՝ «իբրեւ լուաւ, իբրեւ ետես, իբրեւ կարգեաց» եւ այլն, գործածել անի յոգնակի մասնիկով կազմուած բառեր, ինչպէս՝ գլխանի, ազատանի, աւագանի, կանանի, ընկերանի եւ այլն:
Այս փաստերը շատ քիչ կլինէին բարբառների գոյութիւնը հաստատելու համար, եթէ դրանց չաւելանային նաեւ լեզուական այլ իրողութիւններ: Արդէն ասել ենք, որ Եզնիկը զանազանում է վերին եւ ստորին բարբառներ՝ միեւնոյն հասկացութեան համար տարբեր բառեր նշելով: Հինգերորդ դարի առաջին կէսի գրողների գործերում չեն հանդիպում հայերէն շատ գործածական բառեր, ինչպէս՝ փարթամ, փեթակ, սաղարթ, արփի, տռփանք, գեղջուկ, տրոհել, ողջունել, աղօթել, հրճուել եւ այլն: Այդ բառերի զգալի մասը այժմ էլ գործածւում է մեր բարբառներում:
Պրոֆ. Աճառեանը իր «Հայոց լեզուի պատմութիւն» աշխատութեան մէջ նշում է հայերէն մի շարք բառեր, «որոնք սովորական էին այս կամ այն բարբառում, բայց կենտրոնական բարբառում չկային, հետեւաբար չէին մտել Ե դարից մեզ աւանդուած գրականութեան մէջ»1: Այդպիսի բառերից նա յիշատակում է անծեղ եւ կաչաղակ, խլուրդ եւ ամբեւտ, երկուորի, երկուորեակ եւ ջամուկ, դրացի եւ հարեւան բառերը, որոնց մի մասը գործածւում է մեկ, իսկ միւսը՝ այլ բարբառներում: Այսպէս, օրինակ՝ խլուրդ բառը ասորական փոխառութիւն է եւ գործածուել է հարաւային բարբառներում՝ շատ հին ժամանակներից սկսած, իսկ ամբեւտը՝ հիւսիսային բարբառներում. հինգերորդ դարում գործածական դրացի բառը տարածուած է արեւմտեան, իսկ հարեւանը՝ արեւելեան բարբառներում եւ այլն: Վերոյիշեալ բառերից կաչաղակ, հարեւան, խլուրդ բառերը հնագոյն փոխառութիւներ են, որոնք մտել են հայերէնի բարբառների մէջ հինգերորդ դարից շատ ու շատ առաջ:
Գրաբարի քերականութեան տուեալները նոյնպէս որոշ կռուաններ են տալիս խօսելու հինգերորդ դարի բարբառների գոյութեան մասին: Իւրաքանչիւր մշակուած լեզու, եթէ բարբառային իրողութիւններ չունի իր քերականութեան մէջ, սովորաբար միատարր է լինում: Գրաբարը ժամանակի մշակուած եւ յղկուած լեզուներից մեկն է եղել, բայց եւ այնպէս նա ունի հոլովման ու խոնարհման բազմաթիւ զուգահեռ ձեւեր, որոնք կարող են նաեւ բարբառների գոյութեամբ ու ազդեցութեամբ բացատրուել. այսպէս, օրինակ ո եւ ու հոլովիչներով հոլովւում են արջ, երինջ, ուլ, կաքաւ, ագռաւ, եւ այլն, ո եւ ի հոլովիչներով՝ լուսին, աման, թոյն եւ այլ բառեր: Գրաբառում օրինաչափ երեւոյթ են ի-ա եւ ո-ա խառն հոլովումները, որոնց առկայութիւնը նոյնպէս կարելի է բացատրել միայն տարբեր բարբառների փոխադարձ ներթափանցմամբ:
Զուգահեռ ձեւեր կան նաեւ բայերում, օրինակ՝ բնակիմ-բնակեմ, ջեռանիմ-ջեռնում, ընթանալ-ընթացիր-ընթաց-ընթա, իմանալ-իմացիր-իմաց, մոռանալ-մոռացիր-մոռա, լուուցանել-լսեցուցանել, ոռոգել-ոռոգանել, սպանել-սպանանել, տարածել-տարածանել, երկրպագել-երկրպագանել եւ այլն:
Բարբառների բնորոշ յատկանիշներից մեկը նրանց միջեւ եղած հնչիւնական տարբերութիւններն են: Բարբառների հնչիւնական այդ զանազանութիւնների մասին տեղեկութիւններ է տալիս Անանուն մեկնիչը. նա պատմելով բանաստեղծութեան յօրինման մասին՝ յայտնում է, որ տաղաչափները յաճախ լծորդներով էին յօրինում բանաստեղծութիւնը, «Այլ էր իսկ ճշմարտապէս ի տեսակի խաւսիցն, որպէս բազուկ, պազուկ, փազուկ»2, բայց իսկապէս բարբառներում էլ կան այդպիսիներ, ինչպէս՝ բազուկ, պազուկ, փազուկ: Այս վկայութիւնից պարզւում է, որ հայերէնի որոշ բարբառներում ձայնեղ հնչիւնները խլանում կամ խուլ շնչեղ էին դառնում այդ շրջանում: Հնչիւնական այդ կանոնը դրսեւորուել է նաեւ Դիոնիսիոս Թրակացու քերականութեան միւս մեկնիչների գործերում. այսպէս, օրինակ՝ քերականութեան թարգմանութեան մէջ յունարէն άπόστροφος բառը թարգմանուած է ապաթարց ձեւով, իսկ Սիւնեցին այդ բառը գրում է ապադարձ. հայերէն բաղ բառից կազմուած փաղ, ընդ նախդիրից՝ ենթ նախածանցները եւ այլն:
Վերեւ շարադրուածից կարելի է եզրակացնել, որ՝
ա) Հինգերորդ դարում եղել են հայերէնի մի շարք բարբառներ, որոնց մի մասը կոչուել է արեւելեան, իսկ միւսը՝ արեւմտեան, կամ վերին եւ ստորին բարբառներ:
բ) Այդ բարբառները ունեցել են իրենց քերականական կառուցուածքը եւ հիմնական բառապաշարը եւ սպասարկել են հայ ժողովուրդի միմեանցից տարածքայնապէս սահմանազատուած հատուածներին՝ իբրեւ նրանց հաղորդակցութեան հիմնական միջոցը: Այդ բարբառների մի մասը համեմատաբար աւելի մօտ է եղել ընդհանուր համաժողովրդական գրաւոր լեզուին, իսկ միւս մասը բաւականաչափ հեռու: Բայց նրանցից եւ ոչ մեկը ժամանակակից բարբառների հետ չի կարելի նոյնացնել:
գ) Հայ մատենագիրների յիշատակած «բառս եզերականս» եզրով ակնարկուել են հայերէնի բարբառներ եւ ոչ թէ օտար լեզուներ. հետեւաբար, Սիւնեցու յիշատակած Կորճայից, Տայոց, Խութի, Չորրորդ Հայոց, Սպերի, Սիւնեաց եւ Արցախի բնակչութեան խօսուածքները ոչ թէ օտար լեզուներ էին, այլ հայերէնի բարբառներ: Այդ բարբառների մի մասը գոյացել էր հինգերորդ դարից շատ առաջ՝ հայ ժողովրդական լեզուի գործածութեան շրջանակների լայնացման եւ նրա մէջ տարբեր լեզուների ձուլման ընթացքում: Այսպէս կոչուած այդ օտար ցեղերի ու նրանց լեզուների հայացման ընթացքը հիմնականում աւարտել էր նախքան մեր թուարկութեան երկրորդ-առաջին դարերում:
դ) Սիւնեցու յիշատակած բարբառներից բացի, Հայաստանում իհարկէ եղել են նաեւ այլ բարբառներ, որոնք չեն յիշատակուել այդ շրջանի մատենագիրների երկերում, որովհետեւ նրանցից եւ ոչ մեկը նպատակ չի ունեցել գրելու հայերէնի պատմութիւնը: Այդ բարբառները նշուած են իբրեւ օրինակներ եւ հասկանալի պատճառով չէին կարող ներկայացնել բոլոր հայ բարբառները:
Հայ մատենագիրների երկերի լեզուի եւ ոճի մանրազնին ուսումնասիրութիւնները թերեւս յայտնաբերեն հայերէնի շատ բարբառներ եւ ցոյց տան նրանց առանձնայատկութիւնները, որոնց զգալի մասը ներթափանցել է միջնադարեան հայ գրականութեան մէջ եւ լեզուական նոր երեւոյթների առաջացման հիմք է տուել:
Սերոբ Ղազարեան
«ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՀԱՄԱՌՕՏ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ»
Երեւան – 2006
1 Հ. Աճառեան, Հայոց լեզուի պատմութիւն, հ. II, էջ 136:
2 Ադոնց, Дионисий фракийский и арм. Толкователи, стр., էջ 140: