ՊԵՏՐՈՍ ԲԵԴԻՐԵԱՆ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼԵԶՈՒԱԲԱՆԸ
Վարպետ Սարգիսը, կամ արաբների յորջորջումով՝ «Երկարահասակ Սարգիսը» Բեդիրեանների գերդաստանի տասնհինգ տղամարդկանցից միակն էր, որ անցնում է գաղթի երկար ու ձիգ ճամփաներով եւ վերջնական ապաստան գտնում սիրիական հիւրընկալ հողում: Իր պանդուխտի բախտը նա մի քանի տարի զանազան արհեստների մէջ փորձելուց յետոյ, ի վերջոյ դառնում է ճանապարհաշինարար բանուոր եւ տասնչորս տարի շարունակ սրբատաշ քարեր շարում Հալեպի փողոցների եզրերին: Բանուորական ազնիւ ու ամրակուռ ձեռքերով շարուած այդ քարերը մինչեւ օրս էլ զարդարում են արաբական հինաւուրց քաղաքի փողոցները: 1943 թուականին վախճանւում է անժամանակ՝ երեխաների հոգսը եւ Հայրենիքի կարօտը սրտում:

Նոյն տարուայ աշնանը բարերար մարդիկ վարպետ Սարգսի կրտսեր որդուն՝ տասներկուամեայ Պետրոսին Հալեպից ուղարկում են Կիպրոս՝ Նիկոսիա քաղաքի Մելքոնեան կրթական հաստատութիւնում ուսումը շարունակելու: Այստեղ, աշխարհի տարբեր տարբեր ծայրերից հաւաքուած մօտ երեքհարիւր հայ պատանիների եւ աղջիկների հետ, Պետրոսն էլ սովորում, հետաքրքրւում է երաժշտութեամբ, անյագօրէն կարդում հայ գրականութիւնը եւ յատկապէս շատ գրքեր է ընթերցում Հայաստանի մասին:

1946 թուականի ամրանը Պետրոսը վերադառնում է Հալեպ, որպէսզի այնտեղից ընտանիքով ներգաղթէ Հայրենիք: Սակայն 1946 թուականի սկիզբներին դեռ հայրենադարձութեան թոյլտւութիւն չկար եւ Պետրոսը հարկադրւում է աշխատանքի մտնել նախ մի մասնաւոր փուռում՝ որպէս հացավաճառի աշակերտ, ապա Հալեպի ծայրամասային խաներից մեկում՝ մի հայ արհեստաւոր-մանրավաճառի մօտ՝ որպէս հին բաճկոններ ու անդրավարտիքներ կարկատող:

Ուսումնատենչ պատանու համար ծանր ու անհրապոյր այս աշխատանքը երկար չի տեւում: Մեկ տարի անց՝ 1947 թուականի աշնանը բախտը ժպտում է Բեդիրեանների ընտանիքին եւ «Պոբեդա» ջերմանաւը հազարաւորների հետ նրանց էլ հասցնում Բաթում:

Հայաստան գալով՝ Բեդիրեան ընտանիքը հաստատւում է Էջմիածնի շրջանի Բաղրամեան գիւղում: Բեդիրեանները դառնում են հայրենադարձների համար կառուցուած գիւղի առաջին բնակիչները: Պետրոսի մայրն ու եղբայրը իսկոյն աշխատանքի են անցնում գիւղում, մայրը՝ որպէս գրադարանավարուհի, եղբայրը՝ որպէս հիւսն:

Շուտով Պետրոսի մայրն իր ազնիւ աշխատանքով աչքի է ընկնում գիւղում, ընտրւում գիւղխորհուրդի պատգամաւոր, ապա՝ գիւղի լիազօր եւ եռանդում կերպով օգնում տեղական իշխանութեան՝ գիւղում տնտեսութիւն կազմակերպելու գործում:

Հայրենադարձ մարդիկ կամաց-կամաց ընտելանում են հաւաքական, համերաշխ աշխատանքի եւ իրենց համար ստեղծում բարեկեցիկ կեանք:
1947 թուականի հոկտեմբերին Պետրոսն ընդունւում է Երեւանի Խ. Աբովեանի անուան Հայկական պետական մանկավարժական հաստատութեան կից նախապատրաստական դասընթացը եւ մեծ ջանասիրութեամբ սկսում սովորել, յատկապէս ռուսաց լեզուն: Այդ գործում հայրենադարձ պատանուն ամբողջ սրտով օգնում է հաստատութեան ռուսաց լեզուի դասատու Ռոզալիա Պօղոսեանը:

Պետրոս Բեդիրեանն իր արտակարգ ջանասիրութեամբ եւ ընդունակութիւններով շուտով աչքի է ընկնում ամբողջ ուսանողութեան մէջ եւ արժանանում հաստատութեան դասախօսական կազմի յատուկ ուշադրութեան: Որպէս ուսման գերազանցիկ ստանում է բարձր թոշակ: Եւ գերազանցիկութեան վկայականով էլ նա 1952 թուականին, 21 տարեկան հասակում, աւարտում է հաստատութիւնը:

Դասախօսական կազմը նրան հաստատութիւնից բաց չի թողնում: Նոյն թուականի աշնանը Պետրոս Բեդիրեանն ընդունում է հաստատութեան կից ասպիրանտուրան՝ լեզուաբանութեան գծով:
Ասպիրանտական ուսումնառութեան ընթացքում ձեռք բերած փայլուն յաջողութեան համար հաստատութեան գիտական խորհուրդը որոշում է Բեդիրեանին նշանակել Մ. Նալբանդեանի անուան բարձր թոշակ (800 ռուբլի): Այս ժամանակաշրջանում ուսանողութիւնից ջերմօրէն սիրուած Բեդիրեանը ընտրւում է հաստատութեան համայնավար երիտասարդութեան կազմակերպութեան կոմիտէի առաջին քարտուղար: Այդ աշխատանքում նա հանդէս է բերում սկզբունքայնութիւն ու հոգատարութիւն՝ ուսանողների հանդէպ:

Պ. Բեդիրեանը 1955 թուականի սեպտեմբերին աւարտում է ասպիրանտուրան՝ թեկնածուական նուազագոյնի քննութիւնները յանձնելով «գերազանց» գնահատականով: Միաժամանակ թեկնածուական աւարտաճառ է ներկայացնում՝ «Բառիմաստի փոփոխութիւնները հայերէնում» նիւթով:
1956 թուականի մայիսի 25-ին, Պետրոս Բեդիրեանը պաշտպանում է աւարտաճառը եւ ստանում բանասիրական գիտութիւնների թեկնածուի գիտական աստիճան:

Բանասիրական գիտութիւնների ամենաերիտասարդ թեկնածու Պ. Բեդիրեանը 1955 – 1956 ուսումնական տարուանից մինչեւ օրս (1960) դասախօսում է Երեւանի Խ. Աբովեանի անուան Հայկական պետական մանկավարժական հաստատութիւնում, ուսանողներին աւանդում է իր սիրած մայրենի լեզուն, գրաբար եւ լեզուաբանութեան ներածութիւն, իր բարեխիղճ աշխատանքով եւ համեստութեամբ մեծ յարգանք վայելելով ուսանողների շրջանում:

Դասախօսական աշխատանքի հետ միասին երիտասարդ լեզուաբանն զբաղւում է նաեւ գիտահետազոտական աշխատանքով: Նրա նախասիրած բնագաւառը իմաստաբանութիւնն է:
Իմաստաբանութիւնից բացի երիտասարդ լեզուաբանին գրաւում է նաեւ հայերէն մինչ այժմ չստուգաբանուած բառերի հետազոտութիւնը: Այս ուղղութեամբ նրա կատարած աշխատանքը տուել է իր առաջին արդիւնքը: Նա ստուգաբանել է հայերէն մօտ 30 բառ եւ արմատ: Նրա այդ հետազոտական-ստուգաբանական աշխատանքի արդիւնքն արդէն լոյս է տեսել Գիտւթիւնների ակադեմիայի հասարակական գիտութիւնների բաժանմունքի պաշտօնաթերթ «Տեղեկագիր» ամսաթերթի մի քանի համարներում: Լեզուաբանութեան հարցերի շուրջ երիտասարդ մանկավարժն ու լեզուաբանը յօդուածներ է հրապարակել նաեւ այլ ամսագրերում ու յատուկ ժողովածուներում:

Գիտական աշխատանքների բնագաւառում Պ. Բեդիրեանն ունի իր գեղեցիկ նպատակադրումները: Մօտակայ տարիներին նա նպատակադրել է խորանալ բառերի իմաստային կողմի ուսումնասիրութեան մէջ, ամբողջացնել ու հրատարակութեան յանձնել «Իմաստաբանութիւն» մենագրութիւնը, ծրագրել է դպրոցականների համար գրել գիտ-ահանրամատչելի գրքոյկ՝ «Ի՛նչ են պատմում բառերը» խորագրով: Ապա խանդավառ լեզուաբանն ու մանկավարժը ծրագրել է աշխատել իր դոկտորական աւարտաճառի վրայ...
«Հայրենի հողի վրայ»
Երեւան, 1960