Լուրերին հետեւելով փորձում ես տրամաբանութիւն գտնել: Անհասկանալի եւ անտրամաբանական է թւում:
Ի՞նչ են ուզում քրդերը: Ովքե՞ր են «քրդերը»: Իրանի դէմ կռւում են, Թուրքիոյ դէմ կռւում են: Իրաքի գրաւումից յետոյ ստեղծուած քրդական ինքնավարութիւնում «ծաղկեցին» ներկայութիւնները, որոնք ծառայում են:
Էրդողանը, ըստ իրավիճակին, պէտք է խստիւ թշնամանար ԱՄՆ-ին: Ինձ անհանգստացնում է, որ ԱՄՆ իր քաղաքականութեամբ ինձ (ու իմ նման մտածողներին) ու Բահչելիին նոյն հակաամերիկեան խրամատում կանգնեցրեց:
Արդ, այդ որքա՜ն վտանգաւոր իրավիճակ են ստեղծում, որ, հային, թուրքին, արաբին, քրիստոնեային, մահմեդականին, եւայլոց, նոյն մտահոգութիւններն են պատճառում:
Քեմալական գաղափարախօսութեամբ կառավարուող Թուրքիայում չի եղել մի վարչակարգ, անցնող 80 տարիների ընթացքում, որ այսքան ամերիկեան լինի:
Էրդողանը, որպէս թուրք-մուսուլման, որպէս Թուրքիայի վարչապետ, համանախագահն է Մեծ կամ Նոր Միջին Արեւելք ծրագրին: Անձամբ ինքն է ասել, քանիցս, տեսաժապաւէններ կան:
Ինչպէ՞ս կարող է մի երկրի ղեկավար աշխատի մի ծրագրում, որի հետեւանքով մասնատուելու է իր երկիրը:
Իհարկէ ես չեմ լալու եթէ Թուրքիան մասնատուի, բայց չեմ հասկանում Էրդողանի եւ իր կուսակցութեան դիրքը:
Ըստ Մեծ Միջին Արեւելք ծրագրի՝ Թուրքիայի արեւելքում ստեղծուելու է Քուրդստան. Իրաքի հիւսիսի (Ադիաբենէ), Իրանի հիւսիս արեւմուտքի (Պարսկահայք, Ատրպատական) եւ Սիրիայի հիւսիս արեւելքի (Հասիչէ – սիրիական Միջագետք) տարածքների հետ:
Ըստ այս ծրագրին, խոշոր, տիրող, ակներեւ պետութիւն չի մնալու: Արաբական երկրները մասնատուելու են: Չի լինելու մի երկիր, որ ինքնուրոյն ապահովելու է իր գործերը: Պետութիւնների մեծ մասը զրկուելու է ի ծով ելքից: Նոյն Քուրդստանը անծով, ցամաքային մի երկիր է լինելու, որով աւելիով է շրջափակելու Հայաստանը, եթէ հաշուի առնենք, որ խնդիրներ է ունենալու ծովային երկիր Թուրքիայի հետ:
Թուրքիան մասնատուելով հանդերձ, մնալու է ամենախոշորը, ամենաուժեղը, դէպի ծով ելք ունեցող տարածքը՝ բազմաթիւ պետութիւնիկների համար:
Հետեւաբար ենթադրում եմ Էրդողանը եւ Դաւութօղուն կամ ստիպուած են ենթարկւում ամերիկեան Նոր Միջին Արեւելք ծրագրին, կամ էլ իրենք յոյս ունեն երկիրների մասնատումով նրանց վրայ իշխելու հնարաւորութիւն ունենան. թէեւ զրկուելու են արեւելքից (Պատմական Հայաստանի արեւմտեան մասից):
Լինելով իսլամ գաղափարախօս, թերեւս աւելի մեծ մի միութեան կողմնակից են, ազգութիւններից վեր, մահմեդական տարբեր բնակչութիւններ ունեցող փոքր պետութիւնիկներին միաւորող մի մեծն նոր օսմանեան միութիւն: Դրան նպաստում է ԱՄՆ, որ թերեւս ճանապարհի կէսին կանգնի, ինչ-ինչ տնտեսական ու քաղաքական պատճառներով, բայց Թուրքիան կը շարունակի:
Թուրքիան ազատուելով հոծ քրդական բնակչութիւն ուեցող արեւելքից, աւելի ուժեղ է վերադառնալու նրան՝ իր ձեռքում ունենալով տարածաշրջանի պետութիւններում տնտեսական, քաղաքական, ռազմական ներկայութիւն:
Ինչպէս վերեւ նշեցի, չի կարող անկախ Քուրդստանը ունենալ անկախ որոշում. փակուած լինելով ուրիշ պետութիւնների ցամաքային սահմաններով, որոնցում տիրական է լինելու դարձեալ Թուրքիան:
Գուցէ գոյութիւն ունի թուրք-ամերիկեան խուլ պայքար, բայց չեն արտայայտւում: Իրար ետեւից Կոնգրեսը հակաթուրքական որոշումներ է ընդունում, սակայն Էրդողան ու Դաւութօղլուն քննադատում են ում ասես, բայց ոչ ԱՄՆ-ին:
ԱՄՆ բռնել է Թուրքիայի օձիքից. թուրքերն էլ հանգիստ շահագործւում են ԱՄՆ-ից, լաւ իմանալով, որ չի մնացել քրիստոնեայ բնակչութիւն, որ կարող է տէր կանգնել իբր վերադարձուելիք եկեղեցիներին:
Թուրքիան խելամտօրէն ծառայում է ԱՄՆ-ին, մտածելով, թերեւս ծառայելն աւելի օգուտ է լինելու իրեն, քան ընդդիմանալը: Վաղը միւս օր, ի վերջոյ Թուրքիան գուցէ ինք կլինի գլխաւոր ղեկավարը ծրագրուող Մեծ Միջին Արեւելքին:
Մեծ Միջին Արեւելքում պետութիւնները փոքր են լինելու, ինչից միակ օգտուողը լինելու է Իսրայէլը, որովհետեւ էլ չի մնալու մի արաբական երկիր, որ կարողանայ ընդդիմանալ արաբական հողի իսրայէլեան գրաւումին: Ստեղծուելու է Թել Աւիւի դաշնակից Քուրդստան, որ արդէն...:
Լինելու է Միջին Արեւելքի Միացեալ նահանգներ, միջինարեւելեան կերպարով, ամերիկեան նախագծերով ու Թուրքիայի առաջնորդութեամբ:
Իրանի մի մասը Բելուչստան, մի մասը Հարաւային Իրաքին, մի մասը Քուրդստանին, մի մասը Կովկասեան թուրքերին.... Հայաստանը յայտնուելու է Վրաստանի, նոր ստեղծուելիք ադրբէջանների (հետագայում միացեալ) եւ Քուրդստանի ողորմածութեան ներքոյ:
Խնդիրների խնդիրը այն է, թէ այս ծրագրի իրականացման գործողութիւնը, օպերացիան, կարող է տեւել տասնամեակներ, կարող է կիսակատար յաջողութեան հասնել, կամ ձախողել. թմրամիջոցի, առանց բուժքոյրերի, վերակենդանացման հնարաւորութեան բացակայութեան...
Գործողութեան ընթացքում անակնկալներն ու փորձանքները պայթելու են տարածքի ժողովուրդների գլխին: Ամենաշատ տուժողները լինելու են նօսր բնակչութիւն ունեցող ժողովուրդները: Անգործութիւն, տնտեսական տագնապ, վառելիքի, ուտելիքի եւ ապահովութեան խնդիրներ են լինելու տասնամեակներով:
Միակ շահողները լինելու են Իսրայէլը, Թուրքիան եւ ԱՄՆ: Իսրայէլն արդէն տնտեսական եւ այլ յարաբերութիւններ չունի տարածքի բազմաթիւ երկրների հետ, իսկ ծրագրից յետոյ բոլորի հետ դիւանագիտական ու տնտեսական կապեր է ստեղծելու, մի բան, որ «Ալ-Ջազիրայի» Կատարի հետ ունի արդէն:
Թուրքիան կամաց-կամաց կուլ է տալու փոքր պետութիւնիկները, որոնցում կենսական շահեր է գտնելու: ԱՄՆ ապահովելու է նաւթի եւ գազի հոսքը իր ցանկացած գներով եւ ուղղութիւններով:
Ցեղային, համայնքային եւ յարանուանական (շիի, սուննի) ատելավառ քարոզչութիւնը դադարելու է ծրագրի իրականացումից յետոյ եւ բոլորը պատկանելու է նոյն միութեան- ԱՄՆ կենսական տնտեսական, աշխարհաքաղաքական շահերի միութեան:
Տարածքի աճող բնակչութիւնը, թուաքանակով, պէտք է պակսի, որպէսզի ժողովրդագրականօրէն չողողի Եւրոպան եւ ամբողջ աշխարհը:
Ուշ կամ կանուխ մասնատումը հասնելու է Ռուսիա, Չինաստան, եթէ ԱՄՆ յաջողի Միջին Արեւելքում:
Թուրքիան մեծ հանելուկ է:
Երէկից պատրաստուել են երիտասարդներ. տարածաշրջանի տարբեր երկրների ժողովուրդներից, որոնք զզուել են իրենց ազգային պետութիւնների ազգային գաղափարախօսութիւններից, ազգային խնդիրներից եւ ազգային դատերից, որոնք վաղը լինելու են հասուն տարիքի մարդիկ եւ ունեն բոլորովին նոր հայեցակարգ. «ազատութիւն», «ժողովրդավարութիւն», «Աստուած», եւայլն, որոնք լաւ բառեր եւ լաւ հասկացութիւններ են, սակայն իրենց ջրհեղեղային տարողունակութեամբ ջրասոյզ են անում «հին» աշխարհը, «հին» խնդիրները, «հնացած» պետութիւնները:



