Ջուրը միշտ էլ բացառիկ նշանակութիւն է ունեցել Մերձաւոր Արեւելքի ժողովուրդների քաղաքական կեանքում: 20-րդ դարում Մերձաւոր Արեւելքում հակամարտութիւնների աւանդական պատճառ համարուել է նաւթային գործօնը: Պետութիւնները վիճել են սահմանների ճշգրտման շուրջ` յուսալով, որ աւազի իւրաքանչիւր քառ. քիլոմեթր կարող է դառնալ հարստութեան նոր աղբիւր: Աւելի՛ն. այդ սահմանների մեծ մասը որոշուել է նաւթի առկայութիւնը հաշուի առնելով: Մինչդեռ ջրի պաշարների օգտագործման հարցը ամենահաւանական տագնապածին գործօնն է Մերձաւոր Արեւելքի ապագայ քաղաքական կեանքում:
Թուրքիայից մինչեւ Օման, Եգիպտոս եւ Լիբիա տարածուող բոլոր երկրների գերխնդիրն այսօր ջրի կարիքների բաւարարումն է, քանզի գնալով խիստ անհամատեղելի են դառնում այդ երկրների բնակչութեան աճի եւ ջրի պահանջների չափերը: Տարածաշրջանի ամենամեծ գետի` Նեղոսի աւազանի բնակչութիւնը կրկնապատկւում է իւրաքանչիւր երեսուն տարին մէկ, մինչդեռ ջրի քանակը չի աւելանում: Աւելի՛ն. գետի ջրերի վերականգնման միջինը կազմում է տասնութ օր, իսկ մեծ լճերինը` հազար տարի: Այն էլ այն դէպքում, եթէ տուեալ ջրային աւազանի վերականգնմանը ոչինչ չխանգարի, այսինքն չլինեն խոշորածաւալ օգտագործումներ, ինչն անհնար է Մերձաւոր Արեւելքում: Այսպիսով, ստացւում է ջրի պակաս: Ըստ դոկտոր Ֆալքերմանի մեթոդի` եթէ տուեալ երկրի բնակչութեան իւրաքանչիւր շնչին տարեկան բաժին է ընկնում 1700 խոր. մեթրից պակաս ջուր, ապա այդ երկրում առկայ է «ջրային լարուածութիւն», իսկ եթէ այդ ցուցանիշը 1000 խոր. մեթրից ցածր է, ապա այդ երկիրը ջրի պակաս ունի:
1955թ. ջրի պակաս աշխարհում ունէին եօթ երկրներ, որոնցից երեքը` Կատարը, Յորդանանը եւ Քուեյթը, գտնւում են Մերձաւոր Արեւելքում: 1990թ. սկսած վերոյիշեալ եօթին աւելացան եւս 13 երկրներ, որոնցից ութը` Ալջերիա, Իսրայէլ, Բահրեյն, Սէուդական Արաբիա, Սոմալի, Թունիս, Արաբական Միացեալ Էմիրութիւններ, Եմեն, Մերձաւոր Արեւելքում են: ՄԱԿ-ի տուեալներով, 2025թ. եւս եօթ մերձաւորարեւելեան երկրներ` Եգիպտոս, Եթովպիա, Իրան, Լիբիա, Մարոք, Օման, Սուրիա, կը մտնեն այդ ցուցակի մէջ: Դա նշանակում է, որ Մերձաւոր Արեւելքում կը լինեն 18 երկրներ, որոնք կ՛ունենան ջրի պակաս: Մերձաւոր Արեւելքի բնակչութիւնը 1990թ. 314 միլիոն մարդ էր, 2020թ. այն կը կազմի 348 միլիոն մարդ, իսկ ջրի պահանջը տարէցտարի աւելանում է 470 միլիառ խոր. մեթրով: Դա 132 միլիարդ խոր. մեթրով աւելի է, քան` ամբողջ ջրային պահանջները (այդ թւում` պահուստայինը) միասին վերցրած: Սա սպառնում է դառնալ լարուածութեան եւ տագնապածին աննախադէպ աղբիւր: Ստորեւ բերում ենք մերձաւորարեւելեան երկրների բնակչութեան ջրային պահանջներին առնչուող տուեալներ:
Երկիր Մէկ շնչին բաժին ընկնող ջուրը խոր. մեթրով




Մեջբերել