ՈՒՂԵԳՐՈՒԹԻՒՆ. ՀԱՅՈՑ ԼԻԲԱՆԱՆԸ
Baalbeck-temple.jpg
Բաալբեքի աւերակներում... Գծանկարները` հեղինակի
Նրանց, ովքեր շատ են սիրում խօսել հայկական հիւրասիրութեան անկրկնելիութեան, աւելի՛ն, եզակիութեան մասին, խորհուրդ պիտի տայի Լիբանան այցելել: Վերադարձին, վստահաբար, նրանք աւելի մեղմ հնչեղութիւն կը հաղորդեն իրենց խօսքին` տպաւորուած լիբանանեան հիւրամեծարութեամբ եւ ջերմ ընդունելութեամբ: Միգուցէ Միջերկրական ծովի արեւելեան ափին թիկնած արեւշատ այս երկրի ասպնջական ոգին էր պատճառներից մէկն այն բանի, որ հայերը հոգեմօտ համարեցին այն եւ ետեւում թողած Մեծ եղեռնի ահասարսուռ ճամբաները` մնայուն բոյն հիւսեցին արաբական այդ երկրում:
Գրում եմ «արաբական» ու յիշում օդակայանից դէպի Բեյրութ տանող տաքսու վարորդի խօսքերը, որով փորձեց ուղղել ինձ` դատել տալով, թէ արաբականը միայն իրենց լեզուն է: «Մերը փիւնիկեան է, ու մենք փիւնիկեցիներ ենք», վրայ բերեց նա: Ու երբ իմացաւ հայ լինելս, դրուատական խօսքեր չխնայեց` գովաբանելու համար լիբանանահայ գաղութը, որ քաղաքացիական աւերիչ պատերազմի տարիներին «իրեն տղամարդու պէս պահեց»: Իսկ պատերազմը շատ երկար տեւեց` շուրջ 15 տարի (1975-1990 թթ.): Բեյրութահայերն, իրօք, իմաստնութիւն ունեցան չէզոք դիրք գրաւելու եւ կողմ չբռնելու եղբայրասպան այդ կռիւներում: Անհետեւանք, սակայն, այն չմնաց: Շուրջ 200 հազարանոց հայութիւնից այսօր հազիւ 80 հազարն է մնացել ու դեռ շարունակւում է արտագաղթը դէպի ամենակուլ Միացեալ Նահանգներ, Աւստրալիա եւ եւրոպական երկրներ: Բայց ինչպէս ասում են` «Չկայ չարիք` առանց բարիքի»: Մինչ հայկական մեծ արտագաղթը Հայաստանից անցեալ դարավերջին (1 միլիոն մարդուց աւելի), բեյրութահայերն իրենց Հայկեան ոգով սնուցեցին հայկական սփիւռքը` թարմ արիւն ներարկելով դրա ցամաքող երակների մէջ…
Հիւրընկալս` Պերճ Խանճեանը, նոյնպէս քաղաքացիական կռիւներից յետոյ երկար ժամանակով լքել էր իր ծննդավայր Լիբանանը, բնակութիւն հաստատելով նախ Անգլիայում, ապա` Ֆրանսայում ու Ֆինլանդայում: Այնուամենայնիւ, ի վերջոյ, վերադարձել էր հայրենի եզերք: Իր խօսքերով, Լիբանանն իր տեսած երկրներից գեղեցկագոյնն է: «Կարող ես դահուկներով սահել լեռներում, բայց 20 րոպէ անց լողալ Միջերկրականի կապոյտ ջրերում: Ֆրանսայում, օրինակ,- պատմում էր նա,- 6-7 ժամ ճանապարհ պիտի կտրես կլիմայական մի գօտուց միւսին անցնելու համար, մինչդեռ այստեղ այդ ժամանակը առաւելագոյնը 20-25 րոպէ է»: Բեյրութին մերձակայ Քոռնեթ էլ Համրա («Կարմիր անկիւն») արուարձանում գտնուող նրա տունը զարդարուած էր հօր` Եղեռնից մազապուրծ հայ տաղանդաւոր նկարիչ Օննիկ Խանճեանի ստեղծագործութիւններով եւ իսկական պատկերասրահ էր յիշեցնում: Տանտէրը, լաւ իմանալով նախասիրութիւններս եւ ըստ արժանւոյն գնահատելով գրել-նկարելու ձիրքս, ճիշդ էր կռահել մտադրութիւնս` Արեւմուտքի Փարիզում մի քանի անգամ լինելուց յետոյ գէթ մէկ անգամ լինել Բեյրութում` Արեւելքի Փարիզում: Ու հետեւել էր հրաւէրը…***
Բեյրութն, անտարակոյս, առանձնայատուկ դեր ունի հայկական աշխարհում. այն ոչ միայն Լիբանանի ու լիբանանահայութեան, այլեւ ողջ սփիւռքահայութեան մայրաքաղաքն է, իսկ հայոց Լիբանանը` սփիւռքի ողնաշարը: Բեյրութահայութեան տոկուն ոգուն առնչուել էի դեռ ուսանողական տարիներից: Յիշում եմ. Երեւանի պետհամալսարանում սովորող բեյրութահայ ուսանողներն էին առաջնորդում տեղացիներիս սգոյ երթերը դէպի Ծիծեռնակաբերդի բարձունք` երգելով մինչ այդ մեզ անծանօթ ազգային-հայրենասիրական երգեր: Նրանք էին Բեյրութից մեզ համար բերում Լեւոն Շանթ ու Երուանդ Օտեան, հաղորդակցում համայնավարական վարչակարգի կողմից արգելուած մեր ազգային միւս արժէքներին: Հետագայում շրջելով գաղութից գաղութ` համոզուեցի, որ դարձեալ նրանք են ազգապահպանման ու հայապահպանման գործի առաջամարտիկները:
Մինչ Պէյրութում հայահոծ գաղութի կազմաւորումը, մեր նախնիներն, ըստ հռոմէացի պատմիչների, դեռ մ.թ.ա. 4 – 3 դդ. արդէն հասել էին Միջերկրականի արեւելեան ափերը` Սիդոնի (Սայդա) եւ Տիւրոսի (Սուր) շուկաներ վաճառահանելով Հայաստանի գինին ու որդան կարմիրը: Յայտնի է նաեւ, որ Տիգրան Մեծը մեծ թուով հայերի վերաբնակեցրեց Փիւնիկէում: Աւելի ուշ` Կիլիկեան հայկական պետութեան կործանումից յետոյ, ստուարացաւ մեր հայրենակիցների թիւը` կազմաւորելով առանձին համայնքներ: Կրօնական տեսակէտից ունենալով հանդուրժողականութեան դարաւոր աւանդոյթներ` Լիբանանը 19-րդ դարի 20-30-ական թթ. հիւրընկալեց Կ. Պոլսում եւ Թուրքիոյ գաւառներում մոլեգնող հակակաթոլիկական հալածանքներից խոյս տուած հայերին: Էլ չխօսենք 20-րդ դարասկզբի Մեծ զուլումից պրծած տասնեակ հազարաւոր մեր հայրենակիցների մասին, որոնց համար այս երկիրը, առանց չափազանցութեան, փրկութեան ապահով լաստ հանդիսացաւ:
Հայութեան մնայուն ու շօշափելի ներկայութեան սկիզբը, սակայն, կարելի է համարել 18-րդ դարակէսը, երբ այդտեղ ձեւաւորուեց Լիբանանի հնագոյն հայկական վանքը:ԶՄՄԱՌ
[IMG]file:///C:/DOCUME~1/WINDOW~1/LOCALS~1/Temp/msohtmlclip1/01/clip_image001.jpg[/IMG]
Զմմառի հայոց վանքը
… Ոլորապտոյտ ու լեռնիվեր մագլցող ճանապարհը, որ անցնում է «Լիբանանի կոյսի»` Հարիսայի Աստուածամօր բարձրադիր արձանի կողքով, մեզ հասցրեց Բեյրութից 30 քմ հեռաւորութեամբ գտնուող Զմմառի հայոց վանք: Վերջինիս մասին ահա թէ ինչ է գրում Արշակ Չոպանեանը. «Լիբանանի մէկ բարձունքին վրայ Հայաստանի կտոր մը գտայ»:
Զմմառեան կամ, ինչպէս հիմնադրի անունով յաճախ է կոչւում, Արծիւեան միաբանութեան պատմութիւնը 260-ից աւելի տարիներ է հաշւում: 18-րդ դարակէսին պոլսահայ կեանքում սաստկացած կրօնադաւանաբանական վէճերն աստիճանաբար վերաճում են եղբայրատեաց հալածանքների ու եղբայրասպան կռիւների: Հայ կաթոլիկ համայնքի առաջնորդներից Աբրահամ արք. Արծիւեանը, տեսնելով, որ խաղաղ լուծման փորձերը արդիւնք չեն տալիս, յանգում է առանձին կաթողիկոսով անկախ նուիրապետութիւն ունենալու գաղափարին: 1741 թ. կաթողիկէ հոգեւորականներն ու աւագանին հաւաքւում են Հալէպում եւ տեղի թեմի առաջնորդ Աբրահամ արք. Արծիւեանին ընտրում կաթողիկէ հայերի կաթողիկոս-պատրիարք: Կ. Պոլսում հաստատուելու փոխարէն, որպէս աթոռանիստ, նա նախ ընտրում է Լիբանանի Քրեյմ գիւղը, ապա մի քանի տարի անց, որպէս առանձնացեալ ու խաղաղ վայր, նախապատուութիւնը տալիս Զմմառի բարձունքին: 1749 թ. օգոստոսի 21-ի նրա կոնդակով սկսւում է հայ կաթողիկէ վանքի կառուցումը: Ճիշդ է, վաղահաս մահը (նոյն տարուայ հոկտեմբերի 1-ին) նրան թոյլ չի տալիս իրագործուած տեսնելու իր մտայղացումը, սակայն նրան յաջորդած կաթողիկոսներից իւրաքանչիւրն իր ներդրումն է կատարում դրա ընդարձակման ու ճոխացման գործում: Նրանցից յիշատակենք միայն մէկին` հայ կաթողիկէ եկեղեցու երկարամեայ հովուապետ Գրիգոր Պետրոս ԺԷ. գարդինալ Աղաջանեանին` մտաբերելով նաեւ նրա հետեւեալ խօսքերը. «Զմմառու վանքը մշտամրմունջ աղօթք մըն է երկինք բարձրացող` նախնեաց հոգիով եւ լեզուով»: Ես էլ, հայկական այս վանք բարձրանալիս, ակամայ յիշեցի Թեքէեանի յայտնի բանաստեղծութեան հետեւեալ տողը. «Եկեղեցին հայկական դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի…»:
Վանաբնակ քահանաներից մեզ դիմաւորեց Զմմառի միաբանութեան ընդհանուր քարտուղար եւ թանգարանապետ հայր Նարեկ վրդ. Լուիսեանը` սիրայօժար ուղեկցելով վանքի թանգարանի սրահներով: Ի դէպ, մեծ է այս երիտասարդ վարդապետի նպաստը տեղում պահուող ձեռագրերի պահպանման ու դասակարգման գործում:
Զմմառում պահուող հայերէն ձեռագրերի թիւը շուրջ 1500 է` չհաշուած 250 արաբերէն ձեռագրերը: Զմմառեան հայկական ձեռագրաց կարեւորութեան մասին ակադ. Լեւոն Խաչիկեանը գրել է. «Այդ հաւաքածուն կարեւորութեան տեսակէտից երրորդն է Երեւանից եւ Վենետիկից յետոյ: Զանազանւում է միւս հաւաքածուներից իր տաղարանների եւ բժշկարանների մասնայատուկ ճոխութեամբ»: Այդտեղ են գտնւում Մխիթար Գօշի «Դատաստանագրքի» հնագոյն (1240 թ.) եւ «Գիրք Թղթոց»-ի միակ (1298 թ.) օրինակները: Շատ են նաեւ հնատիպ գրքերը (4 հնատիպ`
16-րդ դարից, 75-ը` 17-րդ եւ 250-ը` 18-րդ դարերից): Մայրավանքի դիւանատան պարունակեալ հարիւրաւոր տուփերում պահպանւում են շուրջ երկուսուկէսդարեայ միջինարեւելեան պատմութեանը վերաբերող փաստաթղթեր, ազգային-եկեղեցական պատմութեանն առնչուող վաւերաթղթեր, կալուածագրեր, կոնդակներ, պաշտօնագրեր, նամակներ եւ բազմաթիւ այլ մեծարժէք թղթածրարներ: Մեր այցին ականատեսը եղանք, թէ ինչ գուրգուրանքով ու երկիւղածութեամբ էին դրանք մաքրւում եւ տեղափոխւում խտասալիկների վրայ:
Հայր Նարեկը մէկ առ մէկ ցոյց էր տալիս թանգարանի ինքնատիպ ցուցանմուշները, փղոսկրեայ արձանիկները, դրամների հարուստ հաւաքածուն (խեթական, փիւնիկեան, բիւզանդական եւ այլն), Դարեհ արքայից արքայի կնիքը, ապակեայ մասնատուփի մէջ պահուող փուշը` առնուած Տիրոջ չարչարանաց պսակից եւ այլն: Անմոռանալի տպաւորութիւն թողեցին մայր եկեղեցու կենտրոնական խորանը` «Տիրամօր վերափոխումը» հոգեզմայլ իւղանկարով եւ գարդինալ Աղաջանեանի օրօք` 1940-ին կառուցուած Տիրամօր գողտրիկ մատուռը` մեծն Ռաֆայէլին վերագրուող «Ցաւագին Տիրամայրը» հրաշագործ պատկերով:
Մեր այցն այդ օրը «քաղցր» աւարտ ունեցաւ. վերանորոգումից յետոյ իր դռները վերստին բացած գինեբոյր եւ հիւրընկալ գինեմառանում զմմառեան անուշահամ գինով ես բաժակ բարձրացրի այդ հաստատութեան յարատեւութեան համար: Բանն այն է, որ ինչպէս բոլոր եկեղեցիներին, վանական այս հաստատութեանը եւս պատել է վանական նոր սերունդ դաստիարակելու հոգսն ու տագնապը. նիւթապաշտ դարձող այս աշխարհն օրէցօր նորանոր մարտահրաւէրներ է նետում: Լիբանանահայ անդրանիկ դպրոցը համարուող Զմմառի վանքի հայ կաթոլիկ դպրեվանքը, որ գործում է 18-րդ դարակէսից մինչ օրս, շարունակում է պատրաստել հոգեւոր սպասաւորներ: Վերջիններս ամէնուր են Լիբանանից բացի` Ֆրանսայում, Հիւսիսային Ամերիկայի երկրներում, նաեւ` ի Հայաստան: Այստեղ, 1990-ից սկսեալ, երջանկայիշատակ Վազգէն Ա. վեհափառ հայրապետի հրաւէրով տեղի հայ կաթողիկէ համայնքին իրենց հովուական ծառայութիւնն են մատուցում հայ կաթողիկէ վարդապետները` առաջնորդութեամբ Մխիթարեան միաբանութեան ներկայացուցչի:
Ի յիշատակ այցի` հ. Նարեկ վրդ. Լուիսեանն ինձ նուիրեց մէկական համարներ հայ կաթողիկէ-պատրիարքարանի պաշտօնաթերթ «Աւետիք»-ից, «Զուարթնոց» հոգեւոր ու հովուական հանդէսից եւ Զմմառի Տիրամօր վանքի «Սբ. Միքայէլ» նորընծայարանի «Կանչ հրեշտակապետին» պաշտօնաթերթից:ԱՆԹԻԼԻԱՍ

Անթիլիասի Սրբոց Նահատակաց մատուռը
Այսպէս է կոչւում Բեյրութից 10 քմ դէպի հիւսիս գտնուող արուարձանը, որը հայոց Լիբանանի եւ ընդհանրապէս հայկական աշխարհի անտրոհելի մասը դարձաւ շնորհիւ 1930-ին այստեղ հաստատուած Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի:
Նախկին ամայի տարածքի տեղում այսօր վեր է խոյեանում վանական մի հսկայ համալիր` կենտրոնում ունենալով Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարը: Վերջինս կառուցուել է 1940-ին` օժանդակութեամբ մի անյայտ բարերարի, որի անունը յայտնի դարձաւ մահկանացուն կնքելուց յետոյ միայն` Սարգիս Քէնաճեան: Կաթողիկոսարանի շրջաբակում` մայր տաճարին կից է գտնւում Նահատակաց յուշարձան-մատուռը, որտեղ ամփոփուած են Տէր Զօրի անապատում նահատակուած մեր անմեղ զոհերի մասունքները: Նախկինում այստեղ է գործել նաեւ դպրեվանքը, որը քաղաքային ժխորից հեռացնելու համար 1978-ից տեղափոխուել է Բեյրութին մօտակայ Բիքֆայա գիւղ: Հարուստ է «Կիլիկիա» թանգարանի հաւաքածուն, որն ընդգրկում է եկեղեցական մասունքներ` բերուած 1915-ին Սսի կաթողիկոսարանից, ծիսական զանազան զգեստներ ու պարագաներ, տարբեր դարերով թուագրուող խաչքարեր եւ այլն: Թանգարանի ձեռագրատանը պահւում են 13-19 դդ 223 հայերէն ձեռագիր մատեաններ:
Հոգեւոր այս կենտրոն մուտք գործող իւրաքանչիւր հայի զգացողութիւնը լաւագոյնս է թարգմանել Մուշեղ Իշխանն իր հետեւեալ տողերում.
…կը մտնէ ամէ՛ն հայ իբրեւ տանտէր հարազատ,
Կը ստանայ սէր ու սնունդ, սրտի հպարտ ցնծութիւն,
Եւ բուրեանէն ու բուքէն հոն կը մնայ միշտ ազատ:
Սփիւռքի օտար ու օտարացնող ճանապարհներին դեգերող հայորդիներին կաթողիկոսական այս աթոռը սնուցել է ազգային երազներով եւ, ինչպէս ինքը` Մեծի տանն Կիլիկիոյ գահակալ Արամ Ա կաթողիկոսը նշեց 2006 թ. Բեյրութում կայացած Գրողների համահայկական 3-րդ համագումարում, մեր ժողովրդին առաջնորդել է «մահէն դէպի կեանք, խաչէն դէպի յարութիւն»:
Արամ կաթողիկոսին հանդիպելու երջանիկ պատեհութիւն, աւա՜ղ, չունեցայ` Անթիլիասից նրա բացակայութեան պատճառով: Ուրախ էի տեսնելու գրչակից ընկերոջս` բանաստեղծական մի քանի ժողովածուների հեղինակ եւ միաժամանակ կաթողիկոսարանի կրթական-հայագիտական գրասենեակի վարիչ Սարգիս Կիրակոսեանին: Նա կաթողիկոսարանի «Հասկ» տարեգրքի հերթական համարն էր խմբագրում եւ վերջնական ճշգրտումներն անում: Այդ օրն էր, որ նրանից նուէր ստացայ հաստափոր մի քանի հատորներ` ի շարս որոնց դպրեվանքի «Գլաձոր» տարեգիրքը: Վերջինս եզակի հնարաւորութիւն է տալիս ընծայարանի սաներին` տպագրուած տեսնելու իրենց հեղինակած ուսումնասիրութիւնները, վերլուծականներն ու գրական-թարգմանական գործերը: Աւելի ուշ, երբ տանն ընթերցում էի Սարգիս Կիրակոսեանի կազմած եւ սփիւռքի տարբեր գաղթօճախների հայկական վարժարանների աշակերտների շարադրութիւններն ամփոփող «Զհաց մեր հանապազորդ…» ժողովածուի նիւթերը, մեր ոսկեղենիկի ապագայի հանդէպ մտահոգութիւններս, թէկուզ մասամբ, մեղմացան: Որպէս ապացոյց ասուածի` մէջբերեմ մի փոքր հատուած Բեյրութի Հայ աւետարանական կոլեջի 10-րդ դասարանի սան Արին Պաղտոյեանի գրած շարադրութիւնից. «Չեմ կրնար երեւակայել, որ թոռնիկս չսորվի հայոց այբուբենը, չերգէ հայերէն երգեր, չծանօթանայ Կոմիտասին ու Սիամանթոյին, չյաճախէ հայկական եկեղեցի եւ ամուսնանայ օտարի մը հետ: Հայ ըլլալու հպարտութիւնը այլեւս իմ ինքնութէանս մէկ մասը կը կազմէ եւ նաեւ մաս կը կազմէ այն արժէքներուն, որոնք կը յուսամ փոխանցել իմ թոռնիկիս: Եւ անշուշտ` հայերէնո՛վ»:
Հրատարակչական աշխատանքը մնում է կաթողիկոսարանի մշակութային առաքելութեան մարզերից մէկը: Այն կրկնապատկուեց ու եռապատկուեց Արամ Ա կաթողիկոսի օրօք ու նրա գործուն ջանքերով: Խիստ շահեկան է արդիւնաւէտ գործակցութիւնը Կիլիկիոյ կաթողիկոսարանի եւ «Գալուստ Կիւլպենկէան» հիմնարկութեան հայկական բաժանմունքի միջեւ, որի արդիւնքում ամէն տարի հայագիտական լուրջ արժէքներ են լոյս աշխարհ գալիս: Կաթողիկոսարանն ունի հրատարակչական երեք հիմնադրամ` «Գէորգ Մելիտինեցի գրական մրցանակ», «Ռիչըրտ եւ Թինա Գարոլան» եւ «Խաչիկ Պապիկեան»: Սրանցից իւրաքանչիւրն ունի իր յանձնախումբը, որն իրաւասու է որոշելու հրատարակուելիք գրքերի ցանկը:
Կիլիկիոյ կաթողիկոսարանն անգնահատելի դեր ունի թէ՛ լիբանանահայութեան, թէ՛ համասփիւռքեան կեանքում ընդհանրապէս: Այստեղ պարբերաբար տեղի են ունենում գիտաժողովներ, գրական, կրթական ու մշակութային համագումարներ, կազմակերպւում են հայ գրքի ցուցահանդէսներ եւ կարեւոր շատ այլ միջոցառումներ: Նրա անմիջական հովանաւորութեամբ են գործում Ջիբեյլի «Թռչնոց բոյն» որբանոցը, Բուրջ Համուդի հայկական ծերատունը, ազգային այլ հաստատութիւններ: Երիցս իրաւացի է Մեծի տանն Կիլիկիոյ Ս. Աթոռի արդի ժամանակների պատմագիր Բիւզանդ Եղիայեանը, երբ իր «Պատմութիւն կաթողիկոսութեան հայոց Կիլիկիոյ» հատորում գրում է. «Ին՛չ համեստ աշխատանք որ կատարուած է ու կը կատարուի այստեղ, ազգին ամբողջութէան օգտին համար եւ Հայաստանեայց եկեղեցւոյ կենսատու ոյժին եւ անքակտելի միութեան հաւատքովը կատարուած աշխատանք է»:ԱՅՆՃԱՐ
Այնճարի Ս. Պօղոս եկեղեցին
Հայկական բարեկարգ գիւղական բնակավայրերը նոյնիսկ Հայաստանում շատ չեն: Քիչ են առաւել եւս արտերկրում: Այս իմաստով եզակի է Լիբանանի Բեքաայի դաշտավայրում, Բեյրութից 60 քմ հեռաւորութեան վրայ գտնուող այս հայաբնակ գիւղաքաղաքը: Արաբերէնից թարգմանաբար այն «Ծաղկ-աղբիւր» է նշանակում` ճիշդ արտացոլելով տեղանքը: Բնակավայրը, որ շուրջ 20 քառ. քմ տարածք է զբաղեցնում, բոլոր կողմերից շրջապատուած է խաղողի, խնձորի եւ այլ պտղատու մրգերի այգիներով: Երեք հազարից աւելի բնակիչների հիմնական զբաղմունքը բանջարաբուծութիւնն ու գիւղատնտեսութիւնն է:
Պատմական է Այնճարի տեղանքը: Դարեր առաջ նոյն տեղում եղել է հռոմէական բնակավայր, եւ այսօր այցելուներին նա ներկայանում է իր հնութեան դրոշմը կրող պատմաշունչ աւերակներով: Հանրայայտ է ներկայ Այնճարի հիմնադրութեան պատմութիւնը: 1939-ի վերջին Ալեքսանդրեթի սանջակի` Թուրքիային բռնակցուելուց յետոյ Մուսա լեռան շուրջ 6 հազարանոց հայ համայնքը ֆրանսական հոգատարութեան իշխանութեան հովանաւորութեամբ տեղափոխւում է Լիբանան` հիմք դնելով զուտ հայկական այս գիւղաքաղաքին: Քչերը գիտեն, սակայն, որ այսօրուայ բարեկարգ վիճակի համար վերաբնակները շատ թանկ գին են վճարել. բնակչութեան գրեթէ մէկ քառորդը զոհ է գնացել մալարիայի համաճարակին` մինչեւ որ կը չորացուէին շրջակայքի ճահիճները:
Քայլելով ներկայ Այնճարի ուղղաձիգ փողոցներով, անցնելով նորակառոյց բարեշէն տների կողքով եւ դիմացդ տեսնելով քաջ ֆիդայիներին յիշեցնող հայ տղամարդկանց ու գեղանի հայուհիների` սիրտդ ուռչում էր հպարտութիւնից ու հրճուանքից: Գրագէտ ու հայրենասէր սերունդ է այստեղ աճում` շնորհիւ հայկական 3 կրթարանների: Վերջիններս գործում են առաքելական Ս. Պօղոս, կաթոլիկ Ս. Աստուածածին եւ հայ աւետարանական եկեղեցիներին կից: Տեղաբնակները միւս լիբանանահայերի նման բաժանուած են կրօնադաւանաբանական 3 համայնքների` համերաշխօրէն ապրելով կողք-կողքի եւ համագործակցելով միմեանց հետ: Չմոռանանք, որ քաղաքացիական պատերազմի տարիներին, որպէս անվտանգ վայր, այն ապաստանեց հազարաւոր լիբանանահայերի:
Լինել Այնճարում եւ չայցելել արհեստական ջրվէժների հարեւանութեամբ գտնուող հանգստի գօտի` հնարաւոր չէր: Ուստի մենք էլ օգտուեցինք մարդու ու բնութեան ներդաշնակ գործակցութեամբ ստեղծուած երկրային այս դրախտավայրի պայմաններից` տեղական արաքով խմելով աշխատասէր հայ շինականի կենացը:ԲՈՒՐՋ ՀԱՄՈՒԴ
Մայրաքաղաք Բեյրութի արեւելեան այս թաղամասում են հիմնականում կուտակուած բեյրութահայերն ու լիբանանահայ ազգային կառոյցներից, եկեղեցիներից ու վարժարաններից շատերը: Ժամանակին այստեղ վրանաքաղաք է եղել, որտեղ պատսպարուել են Եղեռնից մազապուրծ մեր հայրենակիցները: Տասնամեակներ անց, ճիշդ է, շատ բան է փոխուել քաղաքային բնապատկերից, սակայն այն շարունակում է մնալ արհեստաւորական թաղամաս` փոքրիկ կրպակ-արհեստանոցներով եւ վաճառակէտերով: Սա, իրաւամբ, «երկրորդ Հայաստան է», որտեղ շուրջբոլորդ հայեր են ու լսածդ լեզուն դարձեալ քաղցրածոր հայերէնն է: Ամէն քայլափոխի հայկական եկեղեցու գմբէթ է եւ ազգային վարժարանի շէնք: Անտարբեր չէին կարող թողնել նաեւ թաղամասի փողոցների հայկական անուններն ու ցուցանակները, մեր եռագոյնը, որ փողփողում էր շատ պատշգամբներից:
Այսօր էլ ակաջներումս են ամէն անգամ խանութ մտնելիս լսուող «Բարի եկաք»-ը եւ տարբեր կողմերից արուող սրճախմութեան հրաւէրները: Բուրջ Համուդի արհեստաւորների՝ ժամագործներ, կօշկակարներ, դերձակներ, ոսկերիչներ, արծաթագործներ եւ այլն, համբաւը վաղուց է դուրս եկել Լիբանանի սահմաններից եւ նրանց այլեւս կարելի է տեսնել Փարիզում ու Նիւ Յորքում, Մելբուռնում ու Մոնրեալում:
Իրաւն ասած, հայկական այս շրջանը լաւագոյն վայրը չէր իւղանկար կամ գծանկար ստեղծելու համար. արտաքուստ այն անշուք է եւ տժգոյն, իսկ նեղլիկ փողոցները` խառնափնթոր ու աղմկոտ: Ներքուստ, սակայն, այն աննկարագրելի ու անբացատրելի ձգողութիւն ունի` լեցուն անտեսանելի բազում շերտերով: Իմանալով հայաստանցի լինելս` շատերն էին հարցնում հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացից: Բոլորն էին տագնապած այն հեռանկարից, թէ յանկարծ հայ սփիւռքը չտարանջատուի Հայաստանից եւ սեպ չխրուի հայութեան երկու հատուածների միջեւ: Ու նրանց հասկանալ կարելի էր: Չէ՞ որ նրանցից իւրաքանչիւրը շառաւիղն է եղեռնահար մի խլեակի եւ 1915-ը նրանց համար հարազատ ժողովրդի անցեալի սեւ էջ չէ միայն, այլ` ներկայի ապրող յիշողութիւն եւ ապագային միտուած մարտահրաւէր…
Ուրախալի էր, անշուշտ, տեղեկանալ, որ չնայած տնտեսական ճգնաժամի պարտադրած դժուարութիւններին եւ շարունակուող արտագաղթին, շուրջ երեք տասնեակ հայկական դպրոցներ դեռ գործում են Լիբանանում: Տեղի հայ համայնքը, ազգային-կրօնական կառոյցներն ու մշակութային միութիւնները, նաեւ «Գալուստ Կիւլպենկէան» հիմնարկութիւնն ամէն ինչ անում են` պահպանելու Լիբանանի հայկական համայնքի դպրոցական ցանցը, որը շարունակում է մնալ սփիւռքի ամենակազմակերպուած ուսումնական ցանցերից մէկը: Չմոռանանք նաեւ, որ սփիւռքի միակ հայկական` Հայկազեան համալսարանը գտնւում է հէնց Լիբանանի մայրաքաղաքում: Այստեղ, ի դէպ, հայերից բացի, սովորում են նաեւ օտարազգի ուսանողներ:
Անմոռանալի էին հանդիպումներս Բուրջ Համուդի «Շաղզոյեան» մշակութային կենտրոնում, որտեղ այցելեցի «Ազդակ» օրաթերթի խմբագրութիւն: Վերջինիս երիտասարդ խմբագրապետ Շահան Գանտահարեանի առաջարկով նաեւ հանդէս եկայ դասախօսութեամբ` «Հայ մշակութային կեանքն այսօր» թեմայով: Այդ առիթով էլ ծանօթացայ բեյրութահայ մտաւորականութեան շատ ներկայացուցիչների, այդ թւում` գրող-հրապարակագիր Արամ Սեփեթճեանի, «Բագին» ամսագրի փոխխմբագիր, բանաստեղծուհի Սեդա Գրիգորեանի, գեղանկարիչ Յովսէփ Գասպարեանի հետ, հանդիպեցի համալսարանական վաղեմի ընկերոջս` Հայկազեանի դասախօս Անդրանիկ Տաքեսեանին: Յետագայ հանդիպումներս լիբանանահայ մտաւորականութեան նաեւ այլ ներկայացուցիչների հետ համոզեցին, որ բազմաթիւ են մարդիկ, ովքեր կենդանի են պահում անցեալի աւանդները եւ գրական-գեղարուեստական շարժումը` նախապատրաստելով այն հետագայ թռիչքների:
ՎԵՐՋԱԲԱՆ
Հայոց Լիբանանն անսպառելի ու անեզր մի թեմա է` բաղկացած, ինչպէս Սիլվա Կապուտիկեանը կ՛ասէր, «հոգու եւ քարտէզի» շատ այլ գոյներից: Այն մշտապէս նորոգւում ու վերարծարծւում է այդ երկիր այցելած իւրաքանչիւր հայորդու հետ եւ նրա միջոցով:ԼԵՒՈՆ ԼԱՃԻԿԵԱՆ
Բեյրութ-երեւան
ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ
2011-09-10
«
ԱԶԴԱԿ»