Ի ՅՈՒՇՌՈՒԲԷՆ ՍԵՐՈԲԻ ՂԱԶԱՐԵԱՆ
Մարդիկ կան, առաւելաբար գիտական լուրջ աշխատանքով կլանուած, ովքեր աննկատ են մնում լայն հասարակութեան համար: Լեզուաբան, բառարանագիր Ռուբէն Ղազարեանի պարագայում աւելի ցաւալի դիտարկումՙ նոյնիսկ նրա անմիջական գիտական շրջանակի մարդիկՙ լեզուաբանները յատկապէս, չգտան, աւելի շուտՙ չփորձեցին գտնել պատշաճ խօսքեր նրա մահուան կապակցութեամբ, որը պատահեց շուրջ մեկ ամիս առաջ, վաղաժամօրէն, դաժանօրէն ընդհատելով նրա մեծ գործը: Շրջապատի մարդ չէր նա, բառի նեղ իմաստով, ո՛չ ուտող-խմող, ո՛չ էլ «գործ դասավորող»: Լրջագոյն գիտնական էր, որ իր կեանքի իմաստն ու իմաստաւորումը գտնում էր գիտական տքնանքի մեջ: Նրա մեծարժէք բառարաններն ու ձեռնարկները մնայուն վկայութիւնն այդ տքնանքի, մնայուն փառքը նրա:
Անուանի լեզուաբան, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռուբէն Ղազարեանը որդին էր ԵՊՀ երախտաւոր դասախօսներից նշանաւոր հայագէտ Սերոբ Ղազարեանի: Այս այն դէպքն է, երբ դժուար է գիտական վաստակի առումով նախապատւութիւնը տալ նրանցից մեկինՙ հօրը, կամՙ որդուն: Նրանք իրենց մնայուն եւ արժանի տեղն ունեն հայ լեզուաբանութեան ասպարեզում:
Ռուբէն Ղազարյանը պետական համալսարանում շարունակել է այն աւանդոյթները, որ թողել են մեր յայտնի հայագէտները եւ յատկապես Հրաչեայ Աճառեանըՙ ստեղծելով դասագրքային եւ բառարանագրական մեծարժէք գործեր: Նրա «Գրաբարի ձեռնարկը» (Հ. Աւետիսեանի հետ) ունեցել է եօթ հրատարակութիւն եւ մօտ քառասուն տարի համալսարանի ուսանողների միակ դասագիրքն է: Երկու հրատարակութիւն է ունեցել «Հայոց լեզուի պատմութեան գործնական դասընթացը» (Եր., 1989, 2002):
Հռչակաւոր «Նոր Հայկազեան բառարանի» հրատարակութիւնից 170 տարի անց Ռուբէն Ղազարեանն առաջինն էր, ով համարձակուեց ստեղծել գրաբարի նոր բառարան` երկու հատորով, ուր կան շատ լրացումներ: Հայագիտութեան մէջ առաջին անգամ նա կազմեց «Գրաբարի հոմանիշների բառարան», որը լոյս տեսաւ ինչպէս Երեւանում, այնպես էլ Լիբանանում (Անթիլիասում):
Ռուբէն Ղազարեանը հեղինակ է «Բուսանունների հայերէն-լատիներէն-ռուսերէն-անգլերէն-ֆրանսերէն-գերմաներէն բառարանի», «Կենդանիների անունների հայերէն-ռուսերէն-լատիներէն կարգաբանական բառարանի» վեց պրակների (կաթնասուններ, թռչուններ, սողուններ ու երկկենցաղներ, ձկներ, միջատներ, բազմոտանիներ...), «Թուրքերէն-հայերէն բառարանի»:
«Միջին հայերէնի բառարանը» (Հ. Աւետիսեանի հետ) բառարանագրական եւ հայագիտական բացառիկ արժէք է:
ԵՊՀ հրատարակչութիւնը շնորհակալ եւ երախտապարտ է Ռ. Ղազարեանին հայ լեզուաբանութեան համար հսկայական նշանակութիւն ունեցող մի շարք գրքեր խմբագրելու եւ հրատարակութեան պատրաստելու համար: Տասնեակ տարիներ առաջ թարգմանուել էին գերմանացի հայագէտ Հայնրիխ Հիւբշմանի «Հայագիտական ուսումնասիրութիւնները» եւ Յոզեֆ Կարստի «Կիլիկեան հայերէնի պատմական քերականութիւնը» եւ սպասում էին մասնագէտ խմբագրի: Ռուբէն Ղազարեանն է խմբագրել նաեւ Հր. Աճառեանի «Քննութիւն Կիլիկիայի բարբառի», Գր. Ղափանցեանի, Էդ. Աղայանի գրքերը եւ այլն:
Մահուանից մի շաբաթ առաջ Ռ. Ղազարեանն աւարտեց մի նոր արժէքաւոր աշխատութիւն` «Գրաբարի դարձուածաբանական բառարանը», որը մօտ ժամանակներս լոյս կտեսնի:
Ռ. Ղազարեանի մահուան լուրը շատ վշտացրեց նաեւ Գալուստ Կիւլպենկեան հիմնարկութեան Հայկական բաժանմունքի տնօրէն դոկտոր Զաւէն Եկաւեանին: Նա շատ բարձր է գնահատում Ղազարեան-հայագէտ մտաւորականին եւ վերջին տասը տարիներին հովանաւորում էր նրա գրքերի հրատարակութիւնները:
Հայագիտութիւնը ծանր կորուստ կրեց: Ռուբէն Ղազարեանն այլ ծրագրեր էլ ուներ, որոնք ցաւօք սրտի միայն ինքը կարող էր իրականացնել: Վստահ ենք, որ այդ աշխատութիւններն էլ գիտական խոշոր արժէքներ կլինէին:



Մեջբերել