Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: "Երգ երրոդության" բանաստեղծական շարք

  1. #1
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք "Երգ երրոդության" բանաստեղծական շարք

    Վաղեմի մի իղձ եմ ունեցել` մեր նոր սերդի համար բացվեր «Բանաստեղծի դպրոց». ոչ այն նպատակով, որ սովորեցներ, թե ինչպե'ս բանաստեղծություն գրել, (քանզի այդ շնորհը բնությունն է տալիս), այլ միասին զգալ ու հասկանալ, թե ի'նչ է իսկական բանաստեղծությունը, ինչպե'ս է այն ծնվում: Երբ բանաստեղծության տողերը սկսում են ծնվել հոգու նրբաղոտ տարածքներում և ուզում են դուրս գալ լույս աշխարհ ,- ահա այդ ժամին անհրաժեշտ է, որ բանաստեղծի ֆիզիկական-հոգեկան ապարատը` ուղեղը, լեզուն, մտածողությունը, զգացողությունը պատրաստ լինեն ընդունելու այդ ծնունդը: Մինչդեռ մեր օրերում հեռուստացույցը, գոմշաճակատ մեքենաները, կեղծ մշակույթը, ասֆալտ-բետոնյա «բնությունը» սպանում են ապագա բանաստեղծների երևակայությունը և հոգին, և մեր փողոցներում քայլում են ծերացած պատանիներ:

    Դն ֆորումի «Ստեղծագործող» բաժինը թող օգնության գա մեր նոր լիրիկներին, գուցե այստեղ էլ կայանա «Բանաստեղծի դպրոցը», որտեղ մեր պատանի բանաստեղծները (և ոչ միայն նրանք) կարող են դնել իրենց ստեղծածը և ստանալ ֆորումի վարողների և այցելուների դրվատանքն ու խորհուրդները:

    Այս թեմայում հատվածաբար ներկայացնում եմ “Երգ երրորդության” շարքը, որը ստեղծվել և առանձին գրքով տպագրվել է տարիներ առաջ, սակայն մինչև այդ, որպես մուտք բերում եմ այս բանաստեղծությունը, որ գրվել է ավելի ուշ:



    Դու ասացիր մի օր`
    Սիրո ցավից գրիր.-
    Օ~, բարեկամ իմ նոր,
    Բանաստեղծիս ների'ր:-

    Հասուն այր եմ արդեն
    Ու քնքուշ չեմ այնքան,
    Որ իմ գրքում հնչեն
    Երգեր հայնեական:

    Սիրելիս է կողքիս,
    Զավակներս կանաչ,
    Որ չեն թողնում կյանքիս
    Նստի մորմոք ու մաղձ:

    Այդ թանկ էակների
    Գերությունից անուշ
    Չունեմ ազատվելու
    Ոչ ցանկություն, ոչ ուժ:

    Ունեմ լոկ մի ըղձանք`
    Ցա'վ, նրանց մի դիպչիր,
    Որ չդառնամ լացակն
    Մի Պաղտասար դպիր:

    Իմ երգը հին երգ է,
    Ես նոր բան չեմ գտել.-
    Զույգի, բնի երգը
    Ամեն թռչուն գիտե:

    Բայց բարեկա'մ անչար,
    Քեզ ոչ ոք չի՞ հուշել,
    Որ դեռ ոչ մի հանճար
    Այս երգը չի ասել:

  2. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Pisatel (06.04.2009)

  3. #2
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. "Երգ երրոդության" բանաստեղծական շարք

    Եվ այսպես`

    Երգ երրորդության

    Որդիս է, ես ու դու.
    Անհուն մի լռություն.
    Տիեզերքը լցնող
    Փխրուն երրորդություն…

    1.

    Մայրացել ես: Գալիս եմ քեզ
    Ես իմ անհոգ հեռուներից …

    Եվ ահա դու, իմ կարոտած,
    Դեմքիդ ժպիտ մի մեղավոր,
    Որ մազերդ չեն հարդարված,
    Անխնամ է տեսքդ այսօր: -

    Հագել ես մուգ, տաք գուլպաներ
    Ու գունաթափ, անձև խալաթ,-
    Արդեն այն ջինջ աղջիկը չես`
    Ծանրություն է իջել վրադ:

    Եվ պոռթկումով մի մայրական
    Դու հպվում ես, լռին փարում,
    Իսկ ես` արդեն հայր ու պաշտպան,
    Երեխա եմ նորից դառնում:

    Մի այլ բույր կա մազերիդ մեջ`
    Հույսի~, ցավի~, հիվանդությա~ն,
    Կաթնարարիչ մի աղբյուրի,
    Լույս հատնումի և հարության:

    Շշնջում ես ինչ-որ խոսքեր
    Մեր նորածին որդու մասին,
    Ու բերկրանքի ջերմին շողեր
    Լուռ ձուլվում է վերջալույսին:

    Հեռանում եմ. պատշգամբից
    Ուղեկցում ես ինձ, սիրելի~ս,-
    Մի նո'ր, մի մե'ծ, մի տա~ք արև
    Գունատ դեմքիդ լույս է տալիս:


    2. ԵՐԳ ԾՆՆԴՅԱՆ

    Մշուշի մեջ չարչարանքի,
    Հողմից հետո արարչական
    Ավետիսը փայլեց կյանքի,
    Ցնծաց ցոլքը արեգական:

    Ձայն տվեցին հող ու երկինք,
    Հնչեց օրհնանք ու գոհություն,
    Մայրը գրկեց իր անդրանիկ,
    Իր նորածին քնքուշ որդուն:

    Եվ շողերը ծափ զարկեցին`
    Լուսապսակ բոլորելով,
    Մանկան անունը նորածին
    Իրենց ծափում հոլովելով:

    Ցնդեց մեգը տառապանքի,
    Բողբոջեց սերը մայրական,
    Ավետիսը փայլեց կյանքի
    Ցնծաց ցոլքը արեգական:

    3.

    Փոթորիկն անցավ. իջել ես ափին
    Հոգնած, թևաբեկ թռչունի նման
    Ու դեռ չամոքված ցավից, սարսափից,
    Աղի արցունքով լալիս ես հիմա:

    Փխրու~ն, կանացի~, ճերմա~կ թևերով
    Դու թևածել ես երկնքում այն մառ,
    Ուր կայծակներ են ճայթում ահագոչ,
    Ուր աստվածներն էլ չեն լսում իրար:

    Երկունքի ցավը, փնտրելով եզերք,
    Քո պտղավորված մարմինն էր խոցում,_
    Ի~նչ ահեղ ծով էր, ի~նչ դաժան տարերք,
    Որ մանուկ արև ուներ իր ծոցում:

    Հիմա հասել ես փրկության ափին`
    Մանուկ - պարգև ես բերել ինձ համար.
    Հոգնած, երջանիկ լալիս ես, իմ կի'ն,
    Իմ զավակի հո'ւյս, իմ զավակի մա'յր:


    4. …

    Երկինք կապույտ, երկիր տաքուկ,
    Մի առավոտ արևընծա,-
    -Իմ սիրելի' և իմ մանու'կ,
    Արևի մեջ ես ձեզ գտա:

    Կապույտ բարուր` երկնից ձևած,
    Ամպի ճերմակ ժանյակներով,
    Նրա մեջ մի տաք արարած`
    Քնքուշ ու մեղմ շողիկներով:

    Արքայազն է, լուսե մանուկ,
    Որ ծնվել է երկրիս համար,-
    -Նրան ինձ տո'ւր, իմ գիրկը տո'ւր,
    Իմ երջանիկ արքայամայր:


    5.

    Անուշ շնչով
    Շնչիր վրաս,
    Որ արբենամ,
    Անգին տղաս:
    Թաթիկներով
    Գրկիր դու ինձ,
    Ուժ ստանամ
    Քո ձեռքերից:
    Տոտիկներով
    Կրծքիս վրա
    Քո առաջին
    Քայլերն արա:
    Աչիկներդ
    Հառիր վրաս`
    Լցվեմ լույսով,
    Անու'շ տղաս:

  4. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Black Orchid (06.01.2008)

  5. #3
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. "Երգ երրոդության" բանաստեղծական շարք

    6. ՕՐՈՐՈՑԱՅԻՆ

    Գիշերը կիսվեց,
    Դու քուն չես մտնում,
    Աչիկներդ չար
    Փայլում են մթնում:

    Օրորոցային
    Չեմ կարող երգել,
    Հայրդ հոգնաբեկ
    Նոր է աչք փակել:

    Դե, արի', նորից
    Քեզ հպեմ կրծքիս,
    Սրտիս զարկի տակ
    Կքնես որդիս:

    Սիրտս չի հոգնի,
    Զավակ իմ անգին,
    Նա լուռ կերգի
    Օրորոցային:


    7.

    Ծիծաղդ փունջ-փունջ
    Ծաղիկների պես
    Սփռում ես շուրջդ
    Դու շռայլ այնպես:

    Ինչպե~ս հավաքեմ
    Ես այսքան ծաղիկ,
    Թող որ շունչ առնեմ,
    Իմ չքնա'ղ բալիկ:

    Դու դեռ անբարբառ,
    Զավակ սիրասուն,
    Այնքան լա~վ գիտես
    Խնդության լեզուն


    8.

    Ե՞րբ պիտի բացվի քո անուշ լեզուն,
    Առաջին խոսքդ ի՞նչ պիտի ասես,
    Ու՞մ պետք է ուղղես հայացքդ խոհուն,
    Ումից առաջին հրճվանքը լսես:

    Թող մայրդ լինի առաջին վկան
    Կապանքից ազատ մանկական խոսքի,
    Դա իրավունքն է պայծառ մայրության,
    Փոքրիկ վճարն է մեծ տառապանքի:

    Թող զանգակի պես լեզուդ ղողանջի
    Մայրենի խոսքով, իմ հավերժ բալիկ,
    Ու տիեզերքը ծայրից-ծայր անցնեն
    Երկու անմահ բառ` մայր ու հայրենիք:

    9. …
    -Ի՞նչ է փնտրում արդյոք
    Հայացքը քո արթուն,
    Ի՞նչ գույներ ես տեսնում
    Եվ ինչ գեղեցկություն:

    Անհայտ է ինձ համար
    Պատասխանը հարցիս`
    Իր աշխարհն է փնտրում
    Այս աշխարհում որդիս:

    Ու անհանգիստ այնպես
    Աչիկներ են խաղում
    Եվ մոլորվում լույսի
    Հավերժական խաղում:

    Հետո գտնում նորից
    Լույսի մի ցոլք պատին
    Ու նրան է ժպտում
    Իմ լուսապաշտ որդին:

    Եվ փնտրում է, փնտրու~մ,
    Աչքն ու ոգին արթուն,
    Ու գտնում է, գտնու~մ,
    Լույս ու գեղեցկություն:


    10. ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ

    Ա
    Գիշերային պահակ եմ ես,
    Գիշերային պահակ,
    Ամեն օր է աշխատանքս,
    Սերդ` վճար միակ:
    Գիշերվա խոր լռության մեջ
    Արևիկ եմ հսկում,
    Որ նա քնի երազների
    Արևային գրկում:

    Բ
    Հանգիստ է քունդ, իմ անուշ մանկիկ,
    Մի պայծառ անդորր իջել է դեմքիդ,
    Շուրթերիդ վրա ժպիտ է խաղում`
    Շողիկի հե՞տ ես դու խաղիկ անում,
    Կամ թե մայրական պատկերն երևաց
    Կապույտ երազիդ պատուհանից բաց:
    Երբ որ արթնանաս` դու ինձ կպատմես,
    Չբացված լեզուդ կհասկանամ ես:


    Գ
    Դեմքիդ անդորրը տատանվեց հանկարծ,-
    Քեզ ի՞նչ պատահեց, զավակ իմ անգին,
    Շնչիդ հետ թռավ ցավագին մի կանչ,
    Ձուլվեց լռության հավերժող կանչին:
    Դե քնիր, որդի'ս, օրհասներ չկան,
    Խաղաղություն է մեր մայր ոստանում,
    Երազներ դուք չար, թռե~ք, հեռացե~ք,
    Կապույտ երազնե~ր, գրկե~ք իմ որդուն:


    Իսկ ձորից այն կողմ, դիմացի լանջին,
    Ծիծեռնակաբերդ հուշի ամրոցում,
    Հրի լեզվակը ապրում է լռին,
    Որպես հիշեցում …, որպես հիշեցում…

    Դ
    Լռություն է, լռություն
    Տիեզերքում իմ փոքրիկ,
    Սիրո կապույտ եզերքում
    Քնած կանաչ մի մանկիկ:

  6. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Black Orchid (06.01.2008)

  7. #4
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. "Երգ երրոդության" բանաստեղծական շարք

    11. …

    Բռնիր ինձ, պահի'ր ինձ, փրկի'ր ինձ,
    Փրկիր ինձ, իմ հզո'ր երեխա
    Ս. Կապուտիկյան

    Տխրության պահին, տխրության լեզվով
    Դժվար է հետդ զրուցել, որդի'ս,
    Ահա ժպիտդ ծնվեց անխռով,
    Բայց լուռ փշրվեց` դիպչելով սրտիս:

    Դուրս եկա տնից: Կանչերդ անուշ
    Դռան ետևից էլ չեն հասնում ինձ,
    Ճամփան գտնում են ոտքերս անուժ,
    Հեռու են տանում սիրելի տնից:

    Խռովքս քեզ հետ չեմ կարող կիսել,
    Խուսափում եմ քո մանկական դատից,
    Մեջս դողում են թանկագին լույսեր
    Այս հանկարծահաս ցրտերի շնչից:

    Բայց չէ որ դու կաս, չէ որ դու իմն ես,
    Միթե չես լցնում սիրտս ծայրեծայր,-
    Կա՞ն արդյոք լույսեր, որ եթե հանգչեն,
    Կաղոտանաս դու, աստղիկ իմ պայծառ:

    Օգնի~ր, որ նորից լցվեմ քեզանով,
    Որ նորից խոսեմ երազներիդ հետ,
    Չէ որ մի օր քեզ կոչել է` հզոր
    Ու ապավինել մի մայր, մի պոետ…

    12.

    Հոգնած գլուխս դրել եմ բարձին,
    Քուն - անքնություն խառնվել են իրար,
    Ականջս միշտ քո լացին ու կանչին,
    Զսպանակված եմ` ելնելու համար:
    Գլուխըս ծանր է, բարձը` այսօր կոշտ,
    Դու իմ կողքին ես, բայց կարծես հեռվից
    Լսվում է թույլ լաց, անուշ մրմնջոց,-
    Ո'րերորդ անգամ կանչու~մ ես դու ինձ:
    Ծանրացած, փակված կոպերիս տակից
    Կարծես տեսնում եմ, որ բացում ես քեզ,
    Ամեն շարժումդ այնքան լավ գիտեմ,
    Գիտեմ, որ հիմա ցուրտ է` կմրսե~ս:
    Ուզում եմ ելնել, հասնել քեզ, որդի'ս,
    Աչքերս բացելու ճիգեր եմ անում,
    Բայց մի ծանր ձեռք իջնում ճակատիս
    Ու ինձ տանո~ւմ է, տանո~ւմ է, տանո~ւմ…

    Եվ երազիս մեջ ամառ եմ տեսնում,
    Որդուս` արևի շողերի միջից,-
    Ախ, ինչ լավ է, որ որդիս չի մրսում,
    Դեռ սիրու~մ, ներու~մ, հավատու~մ է ինձ:

    13.

    Երկնքի~ն նայեցեք այս կապույտ,
    Ջրերի~ն նայեցեք այս կապույտ.
    Իմ որդու շնչից են զուլալվել …
    Հիացե~ք աշխարհով այս կապույտ:



    14. …

    Свеча горела на столе,
    Свеча горела
    Б. Пастернак


    Մոմը այրվում է լուռ,
    Մոմը հալվում է լուռ,
    Երջանիկ ենք այսօր,
    Բայց ինչու ենք տխուր:



    Այս անրջվող լույսից,
    Մեր կամրջված հույսից
    Ծնվում, արարվում է
    Երջանկության թախիծ:

    Որդիս է, ես ու դու.
    Անհուն մի լռություն.
    Տիեզերքը լցնող
    Փխրուն երրորդություն...


    15. …

    Քո արծաթյա գոտին
    Աղեղվել է մեջքիդ,
    Իմ ծիածան որդին
    Ցոլք է գցել դեմքիդ:

    Արև ու արցունքներ
    Նրա դեմքին սիրուն`
    Յոթգույն ծիածանվել,
    Ավետում են գարուն:

    Գոտուն քո արծաթյա
    Ուզում եմ շղթայվել,
    Որպես գերյալ արքա
    Տիրել ու ծառայել:

    Ձեզնով լցված եմ ես
    Էակներ իմ անգին`
    Զավակ իմ լուսերես,
    Սրտով սիրած իմ կին:

  8. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Black Orchid (06.01.2008)

  9. #5
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. "Երգ երրոդության" բանաստեղծական շարք

    16. …
    Ինչ-որ մի ուժ պահում է մեզ
    Քո սնարին կռացած,
    Ուզում ենք, որ խաղաղ քնես
    Մեզ ու աշխարհ մոռացած:

    Ու քնում ես: Մի ձիգ գիշեր`
    Հոգսի, լույսի, արթնության,
    Մեր առջև է, իսկ քեզ համար
    Կանցնի` որպես մի վայրկյան:

    Երբ բացում ես աչիկներդ,
    Զարմանում ես երևի,
    Որ տեսնում ես նույն դեմքերը
    Շողերի մեջ արևի:
    3. 1981

    17.
    Ասում են, թե անձրևն իր հետ
    Բերում է հոգս ու թախիծ.
    Պահի գաղտնիքն ու՞մ է հայտնի,-
    Նա անհայտ է նաև ինձ:

    Լուսաբացը հեռու է դեռ,
    Անձրևում է, անձրևում.
    Լուսամուտին` ջրի շիթեր,
    Աստղերը չեն երևում:


    Գիշերվա այս տարաժամին
    Չունեմ երազ անկատար,
    Միայն որդիս շնչի լռին`
    Անցավ, անլաց, անխաթար:

    Ինչպե՞ս թախծեմ ես այս գիշեր,
    Ունեմ զավակ, սեր ու տուն,
    Եվ հայրենի դաշտերին
    Իջնում է լուռ օրհնություն:
    15. 3. 1981

    18. ՕՐՈՐՈՑԱՅԻՆ
    Երազի մեջ լաց ես լինում
    Աղեկտուր, վախեցած.
    Մենք քեզ հետ ենք, մենք քեզ մոտ ենք,
    Քնի~ր, զավակ իմ սիրած:

    Մի~ վախեցիր մութ գիշերից`
    Աստղերը լույս են տալիս,
    Մի վախեցիր ստվերներից,
    Ննջի~ր, քնի~ր, սիրելիս:

    Ողջ աշխարհը քնած է դեռ,
    Դեղձանիկն էլ չի երգում,
    Նրան մութի թևն է գրկել,
    Դո'ւ էլ քնիր իմ գրկում:

    Կակաչները փակվել են լուռ
    Ծաղկամանում քո սիրած,
    Մեր տան խաղաղ հեքիաթի մեջ
    Քնիր հագի~ստ, անդորրա~ծ:

    Արեգակը շուտով կրկին
    Սնարիդ լույս կփռի,
    Քնի~ր, որ նա քեզ շուտ գտնի,
    Քնի~ր, զավակ սիրելի:
    24. 3. 1981

    19.
    Երբ ձայն եմ տալիս
    Կամ գրկում եմ քեզ,
    Ժպտում ես դու ինձ
    Երջանիկ այնպես:

    Այնքան հպարտ եմ
    Լինում քո սիրով,
    Որ լցնում է իմ
    Աշխարհն աշխարհով:

    Ժպտում ես նորից,
    Երբ մայրդ է կանչում,
    Բայց ուրիշ լույս է
    Դեմքիդ ճաճանչում:

    Արև է իջնում
    Դեմքիդ, սիրելի'ս,-
    Մորդ սիրում ես
    Սիրո~վ մի ուրիշ...
    25. 3. 1981

    20.
    Քնած ես հանգիստ
    Քո օրորոցում,
    Սրտով անխռով`
    Երազի ծոցում:

    Բայց ինչո՞ւ հանկարծ,
    Այնպես թախծալի,
    Հոգոց ես հանում
    Զավակ սիրելի:

    Հոգսին անծանոթ
    Ու վշտից անմաս,
    Այդ ի՞նչ է ցավում
    Քո սրտում, տղա'ս:
    26. 3. 1981


    21.
    Մայր ու որդի իրար հետ
    Երջանիկ խաղ են անում,
    Մայրը ժպտում է քնքուշ
    Որդին` ուրախ ծիծաղում:

    Շողն արևի բեկբեկուն
    Մոլորվել է իմ տան մեջ.
    Նախանձում է նա թաքուն
    Լույսի խաղին այդ անվերջ:

    Խաղ են անում գարնան հետ,-
    Առավոտ է գեղեցիկ,-
    Երկու քնքուշ էակներ,
    Ինքնամոռա~ց, երջանի~կ:
    25. 3. 1981


    22.
    Քնած ես դու, հոգնությունդ ցերեկային
    Մի խիստ գիծ է հաղորդել քո շրթունքներին:

    Հոնքերդ սև հավաքում ես երազի մեջ,
    Դեմքիդ նորից երևում է հոգսդ անվերջ:


    Մեր մաչուկը հիմա քեզնից ի՞նչ է ուզում,
    Ի՞նչ չարված գործ շարունակում ես երազում. -

    Կերակրու~մ ես նրան արծաթ իր գդալով,
    Խանգարու~մ է նա քեզ իր չար թաթիկներով,

    Հավաքում ես խաղալիքները ցանուցիր,-
    Երա~զ է դա, իմ սիրելի', հանգստացի~ր...

    Խոր գիշեր է, կիսամութ է մեր սենյակում,
    Անձրևը սառ գարնանային, փեղկն է թակում:

    Հոգնած ձեռքերըդ հանգչում են վերմակի տակ,
    Զգուշությամբ շոյում եմ ես մատներդ տաք:


    Հանգստության թող ճակատիդ իջնի կնիք.
    Մեր զավակը քնած է լուռ ու երջանիկ:

    Թող գիշերում լինեն հոգսերդ ցանուցիր,
    Հանգստացի~ր, իմ սիրելի', հանգստացի~ր:
    27. 3. 1981




    23.
    Այսօր նորից հիվանդ ես դու,
    Անհանգիստ ես այնպես շնչում,
    Աչիկներով հեզ ու տրտում
    Օգնության ես դու ինձ կանչում:

    Քո մանկական աչքի համար
    Ես հզոր եմ ու առնական,
    Բայց կանգնած եմ մոտդ հիմա
    Այնպես շվար, անօգնական:

    Մայրդ փութով, ցավահալած,
    Կռանում է քո սնարին,
    Մատիկներդ ափում պահած`
    Շուրթով հպվում է այտերիդ:

    Լաց ես լինում, վերցնում է քեզ,
    Սրտին սեղմում տագնապահար,
    Մրմնջում է ինչ-որ խոսքեր`
    Պահած միայն որդու համար:

    Հանգստացած դու լռում ես.-
    Հասկանու~մ եք այնպես իրար,-
    Աչքիս առաջ միաձուլվում,
    Միանում են երկու աշխարհ:


    Այդ անսահման աշխարհի դեմ,
    Տեսիլքի դեմ այդ լուսավոր,
    Լցվում եմ ես մի անծանոթ
    Պաշտամունքով խորհրդավոր:

    Որդուս վրա կաթում է լույս
    Մի մեծ սիրուց բյուրեղացած,
    Ու տեսնում եմ արդեն որդուս
    Առողջացա~ծ, առողջացա~ծ:
    28. 3. 1981

    24. …
    Դուռը բացում, մտնում եմ ներս`
    Իմ կղզյակում եմ ես նորից,
    Այսօր այնպես հոգնած եմ ես
    Օրվա հոգսից ու ժխորից:

    Ու հայացքս քեզ է փնտրում,
    Փոքրիկ փարոս իմ մշտարթուն,
    Աչիկներիդ լույսն եմ գտնում
    Որպես հենակ ու փրկություն:

    Ակնթարթում հեռանում եմ
    Իզուր ապրած, սին հույզերից,
    Մոռանում եմ, վերադառնում
    Իմ անօգուտ հեռուներից:

    Միայն դու ես ճշմարիտ լույս,
    Իմ լուսասի'րտ, իմ լուսերե'ս,
    Ժպտա', խնդա', փարի~ր հոգուս`
    Այսօր մի քիչ հոգնած եմ ես:
    31. 3. 1981

    25.
    Էլ առաջվա խելոքը չէ իմ բալիկը,
    Ահա նետեց նա իր վերջին խաղալիքը:

    Չի գոհանում էլ խաբուսիկ, վառ գույներով,
    Խորքն է նայում նա իր խելոք աչիկներով:

    Ինչը ի'նչ է և ով ո'վ է` այս հարցերն են նրան հուզում,
    Ամեն ինչի ձեռքով դիպչել ու ճանաչել է նա ուզում:

    Մարդկանց մեջ էլ արդեն գիտի չարն ու բարին,
    Բայց ժպտում է մեծահոգի դեռ բոլորին:

    Ինձ ու մորը սիրո նշան - հույս է տալիս,
    Ինձնից նրան ու նրանից ինձ է գալիս,

    Որ չխանդենք նրա սիրուն մենք իրարու.
    Բայց դե գիտեմ` մորն ինձանից շատ է սիրում:

    Եվ օրեցօր որդիս այսպես խելոքանում,
    Նա` աշխարհի, մենք նրա հետ խաղ ենք անում:
    3. 4. 1981
    26.
    Որդուս համար, լավիս համար
    Գլխարկներ ես կարում,
    Քո պատվերով ես անհամար
    Ժանյակներ եմ բերում:

    Սազեց այնպես այս գլխարկը
    Ծաղիկներով կապույտ,
    Երիզել է ջինջ ժանյակը
    Մազիկները անփույթ:

    Բայց այնքան էլ դուր չեկավ ինձ`
    Կարծես աղջիկ է նա,
    Կարի'ր որդուս ուրիշ գլխարկ,
    Որ նա տղա~ դառնա:

    Ուրիշն հագավ, վրան դաջված
    Կանաչ դաշտանկար.
    Չէ~, աղջիկ է սա անկասկած
    Թարթիչներով երկար:

    Այսպես անցնում են ժամերը,
    Դու գլխարկ ես կարում,-
    Արդեն քնեց փոքրիկը մեր
    Երազ իր աշխարհում:

    Այսպես կանցնեն տարիները`
    Տղամարդ կդառնա
    Ու քո կարած գլխարկները,
    Ափսո~ս, կմոռանա:
    3. 4. 1981


    27.
    Ուշ վերջալույս է. ստվերներն արդեն
    Խտանում են մեր փոքրիկ սենյակում,
    Մի ճերմակափայլ, քնքուշ կիսադեմ
    Մեղմ լույս է տալիս սենյակի խորքում:

    Կնոջ ձեռքերին քնած է որդին`
    Նրան է նայում մի քիչ կռացած,
    Անդորրություն է տալիս այդ դեմքին
    Կիսատ ժպիտը` կարծես քարացած:

    Քիչ անց փոխվում է կիսադեմը այդ,
    Մի ուրիշ, մի նոր ժպիտ է խաղում, -
    Ուզում է կիսվել մայրը խնդությամբ,
    Չասված խոսքեր են շուրթերին դողում:

    Հետո գծերը լարվում են մի քիչ,
    Դեմքին իջնում է քնքուշ խստություն,
    Մի կարճ հոգոց է պոկվում մոր սրտից,
    Ավելի ամուր գրկում է որդուն:

    … Եվ խտանում է կիսամութը լուռ,
    Ես մոտենում եմ, նստում ձեր դիմաց.
    Անվերջ - անսկիզբ մի ուրախություն
    Փոքրիկ սենյակում շնչում է կամաց:
    4. 4. 1981


    28.
    Կնոջ ձեռքերին քնած է որդին,-
    Մոր սերն անսահման` լուսեղ մի վրան.
    Գլուխը` կրծքին, սրտիկը` սրտին,
    Մայրը պահապան` հսկում է նրան:

    Աչքերիս առաջ մի անհուն աշխարհ
    Ապրում է կյանքով իր մեծ ու ներհուն.-
    -Ինչու՞ եք այդքան դուք թանկ ինձ համար,
    Ինչու՞ եմ այսպես անդարձ ձեզ սիրում:
    6. 4. 1981



    29.
    Խաղաղ գիշեր էր, նայում էի քեզ,
    Սենյակը լիքն էր ստվերներով տաք,
    Երբ մշուշվեցին հոգնած աչքերս,
    Քնեցի` դժգոհ քո հայացքի տակ:

    Լուռ կշտամբանք կար քո սև աչքերում
    Եվ տարօրինակ փայլ օտարացման,
    Հեռու էիր դու այդ պահին թվում`
    Մեր ամենացուրտ օրերի նման:

    Բայց սպասել եմ ես հազար անգամ,
    Որ քեզ պարուրի գիշերը անծիր,
    Կանացիորեն դու եղար չարկամ
    Եվ հոգնությունը ինձ չներեցիր:

    Օրեր, ամիսներ անցան այդ օրից,
    Հիմա հսկում ենք քունը մեր մանկան. –
    Գուցե հեռու ենք մի քիչ իրարից,
    Բայց մոտեցել ենք մենք հազար անգամ:

    Հիմա, երբ հոգնած քնել եմ ուզում,
    Կոպերս են փակվում մշուշի մեջ տաք,
    Աչքերս աչքերիդ երկինքն եմ սուզում,
    Քնում մայրական քո հայացքի տակ:
    9. 4. 1981

    30. …
    Հազար անգամ ես թեքվել եմ վրադ,
    Հազար անգամ ես շնչել եմ շունչըդ,
    Ու ծածկել եմ, երբ եղել ես բացված,
    Լսել եմ լա'ցդ, կա'նչդ, մրմու~նջդ:

    Բայց այսօր այնքան գեղեցիկ ես դու`
    Կիսաբաց շուրթեր, ճակատ ձյունաթույր,
    Ձեռքերդ նիրհող` ազատ թռիչքում
    Քնած ես ահա` արդար ու մաքուր:

    Թող ես քարանամ սնարիդ վրա,
    Չմաշվո'ղ, չհոգնո'ղ, ապրո'ղ սեր լինեմ,
    Պահն անվերջ լինի, դու լինես անմահ,
    Հավերժ սիրելի պատկերիդ նայեմ:
    10. 4. 1981

    31. …
    Ավարտվեց օրը, մանչուկս քնեց
    Երազների հետ, իր օրորոցում.
    Դրսում, ինչ-որ տեղ, մի անօգ շնիկ
    Քնքուշ աղերսով իր մորն է կանչում:

    Հետո տիրում է մի խոր լռություն. -
    Այս ուշ գիշերին ո՞վ կա չքնած,
    Հանգստի թևը ծածկեց ամեն տուն,
    Բայց մենք նստած ենք դեռ իրար դիմաց:

    Օրվա գործերի անվերջ պտույտից
    Եվ մանկիկիս հետ հոգնել ենք այնպես,
    Իսկ դու ժպտալով հարց ես տալիս ինձ,
    Թե առաջվա պես սիրու՞մ եմ ես քեզ:

    Թե առաջվա պես արդյոք լա՞վն ես դու
    Ու չես կորցրել հմայքդ նախկին. -
    Չեմ պատասխանում, շոյում եմ միայն
    Ձեռքերդ հոգնած, ձեռքերդ անգին:

    Նրանց մետաքսը խամրել է մի քիչ,
    Բայց ջերմություն է նոր ավելացել,
    Քմայք չի խաղում խորքում աչքերիդ,
    Դու նոր լույսով ես սրտիս տիրացել:

    Հոգնած, կիսաբաց շուրթերիդ միջից
    Պոկվում են ծանոթ, հարազատ խոսքեր,
    Որ այնքան անգամ ասել ես դու ինձ,
    Լցնելուվ տունը և աշխարհը մեր:

    Քեզ ընդհատելով հնչում է հանկարծ
    Մեր քնած որդու ձայնը սիրելի,
    Նա լաց է լինում արդեն արթնացած,
    Համա'ռ, անզիջու~մ կանչում է էլի:

    Գնանք, թանկագի'ն, հպվի'ր իր ուսին,
    Մեզ սպասում է հոգնության գիշեր,
    Ափսո~ս այնքան քիչ եղանք միասին,
    Այնքան բան էի ուզում քեզ ասել…
    12. 4. 1981


    32.
    Այսօր ցուրտ է, այսօր` անձրև
    Անհյուրընկալ փողոցներում,
    Որտե՞ղ գտնեմ ես տաք արև.
    -Իմ մանկան լույս աչիկներում:

    Այսօր մարդիկ այնքան մռայլ,
    Դեգերում են մտքերի մեջ,
    Որտե՞ղ գտնեմ աշխարհ մի այլ.
    -Իմ զավակի աչքերի մեջ:

    Չկա ուրիշ հրապուրանք,
    Հոգնած եմ ես, սիրտս` տրտում,
    Որտե՞ղ գտնեմ ես արձագանք.
    -Իմ զավակի կանչող սրտում:


    Շտապում եմ վերադառնալ,
    Թողած օրվա թախիծն անվերջ,
    Հասնել որդուս, անէանալ
    Նրա պայծառ աչքերի մեջ:
    17. 4. 1981

  10. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Black Orchid (06.01.2008)

  11. #6
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. "Երգ երրոդության" բանաստեղծական շարք

    Սիրելի ֆորում, շարունակում եմ "Երգ երրորդության" շարքի տեղադրումը:


    32.
    Այսօր ցուրտ է, այսօր` անձրև
    Անհյուրընկալ փողոցներում,
    Որտե՞ղ գտնեմ ես տաք արև.
    -Իմ մանկան լույս աչիկներում:

    Այսօր մարդիկ այնքան մռայլ,
    Դեգերում են մտքերի մեջ,
    Որտե՞ղ գտնեմ աշխարհ մի այլ.
    -Իմ զավակի աչքերի մեջ:

    Չկա ուրիշ հրապուրանք,
    Հոգնած եմ ես, սիրտս` տրտում,
    Որտե՞ղ գտնեմ ես արձագանք.
    -Իմ զավակի կանչող սրտում:


    Շտապում եմ վերադառնալ,
    Թողած օրվա թախիծն անվերջ,
    Հասնել որդուս, անէանալ
    Նրա պայծառ աչքերի մեջ:
    17. 4. 1981


    33.
    Չարացել է որդիս այնքան,
    Մի շաբաթում փոխվեց կարծես,
    Եվ գրկելիս ամեն անգամ
    Չի խաղաղվում առաջվա պես:

    Ինչ-որ մի բան ամեն պահի
    Հմայում է, գերում նրան,
    Ու ձգտում է առանց ահի
    Թռչե'լ, հասնե'լ, տիրե~լ դրան:

    Հետո հոգնում է այդ խաղից,
    Չարաճճի դեմքիս նայում,
    Խաղալիք է ընտրում նա ինձ`
    Հետս անսիրտ խաղ է անում:

    Ցավեցնում են, խազում դեմքս
    Մատիկները չար ու անհոգ,
    Սիրուց արբած տանջվում եմ ես
    Մանկան ձեռքին իմ անողոք:

    Հետո այտը հպում այտիս,
    Փարում է լո~ւռ, ինքնամոռա~ց.-
    Հատուցում է տալիս որդիս
    Իր պատճառած ցավի դիմաց:
    17. 4. 1981


    34.
    Իմ տա'ք օջախ, իմ տա'ն արև,
    Այսօր այնքան պայծառ ես դու,
    Ուզում եմ քո լույսին փարել,
    Իմ միակ սե'ր, իմ լուսատու':

    Զավա'կ իմ ջինջ, սիրած իմ կի'ն,
    Մենք միայնակ ենք տիեզերքում,
    Ձուլված սիրով մի անմեկին
    Եռականթեղ լույսն է թարթում:

    Ոչ, չեմ կարող ես հավատալ,
    Որ կարող ես մի օր մարել,-
    Դու կյանք ունես հավերժական,
    Իմ տա'ք օջախ, իմ տա'ն արև:
    18. 4. 1981


    35. …
    Հայրենի լուսին, ամպերի միջից
    Ահա նայում ես որդուս քնքշանքով,
    Պատմում ես նրան հեռու անուրջից
    Եվ ցողում դեմքը երկնային կաթով:

    Ու երբ թաքնվում ես ետևն ամպերի,
    Նա ինձ է ուղղում հայացքն հարցական,
    Կարծում է` ես եմ թաքցրել, երևի,
    Եվ երկնի տերն եմ ես միահեծան:

    Բայց ինչ իմանա իմ քնքուշ որդին,
    Որ ես առավել հարուստ եմ կյանքում.-
    Մի մեծ աշխարհ եմ կրում իմ գրկին,
    Բոլոր աստղերի լույսն է իմ հոգում:
    21.4.2981

    36. …
    Ծիրանին ծաղկել է արդեն,
    Բայց նորից ձմեռ է դրսում,
    Իջնում են ճերմակ փաթիլներ,
    Ճերմակ ծառերին նստում:

    Իմ տանը գարուն է հիմա,
    Արև է, որդիս չի մրսում,
    Բայց ափսո~ս ծաղկած ծիրանին,
    Ծիրանին սառչում է դրսում
    1. 4. 1981


    37. …
    Գարնան ծաղկած խնձորենի,
    Անմատչելի շքեղ ես դու,
    Բայց հայացքով սիրահարի
    Նայում ես իմ քնքուշ որդուն:

    Բարձրացնում եմ նրան ձեռքիս,
    Հասնում է քո ճերմակ քողին,
    Զգուշությամբ ձեռք է տալիս
    Քո սպասող ծաղիկներին:

    Աչիկները փայլում են վառ,
    Թրթռում է կուրծքը փխրուն,
    Իր առաջին սիրո համար
    Նախանձում եմ ես իմ որդուն:

    -Ու խոսում եք դուք իրար հետ,
    Ծա'ռ ու զավա'կ իմ սիրասուն,

    Այնքան ուզում եմ հասկանալ`
    Արդյոք ի՞նչ եք իրար ասում:
    27. 4. 1981

    38.
    -Ծնողի սիրտ ամենատես,
    Քեզ մի թաքուն լույս է հասնում,-
    Մի քաղցր ձայն լսում եմ ես`
    Որդիս գարնան հետ է խոսում:

    Գարնան ծաղկած խնձորենին
    Զավակիս սերն է առաջին.
    -Թող ես սեղմեմ ձեզ իմ սրտին,
    Թող ձուլվեմ ձեր սիրո կանչին:

    Լցված եմ ձեր լույսով, սիրով,
    Սիրտս ուրիշ տենչանք չունի,
    Միայն ծաղկեք դուք անխռով`
    Որդի' միակ, ծա'ռ հայրենի:
    26. 4. 1981

    39.
    Զավակիս հետ ծաղկած այգում
    Խաղ ենք անում գարնան գրկում,
    Խաղաղությամբ ու սիրով լի
    Այս ի~նչ օր է հրաշալի:

    Դեղձենին է բացված կրակ
    Խնձորենին` ճերմակ ճրագ,
    Ճառագում են լույս քնքշավետ
    Մրցում գարնան արևի հետ:

    Հովիկ, մեղվիկ ու մի մանկիկ
    Կանչում, շնչում են երջանիկ,-
    Նույն լեզվով են նրանք խոսում,
    Բայց չգիտեմ` ինչ են ասում:

    Խաղաղությամբ ու սիրով լի
    Այս ի~նչ օր է հրաշալի:
    28. 4. 1981


    40.
    Դեմքիդ կապույտ ցոլք է ընկել
    Յասամանե շորից,
    Ու մի ծանոթ բոց է բռնկել`
    Նեղացել ես նորից:

    Յասամանե շորդ ես հագել
    Նախշազարդով ընտիր,
    Հմայքովդ ես ուզում ծակել,
    Սիրով քինախնդիր:

    Շեղ հայացքդ դիպչում է ինձ`
    Չի մեղմանում հլու,
    Կարծրությունդ իմ կայծքարից
    Խենթ կայծեր է խլում:

    Դե հասկացի~ր, սիրու'մ եմ քեզ,
    Փնտրի'ր ինձ ու գտի~ր,
    Բայց մի քիչ էլ նայիր այդպես
    Սիրով քինախնդիր:
    30. 4. 1981


    41.
    Գանան հեքիաթ – գարնան արև,
    Ծաղկած այգի – ծաղկած ծառեր:

    Կապույտ երկինք, թեթև ամպեր
    Տաքուկ շողեր – քնքուշ տապեր:

    Խենթ-խև հովիկ, ճերմակ թերթեր
    Վարդի թփեր – զարդեր թեթև:

    Ի~նչ հրաշք է գարնան այգին,
    Այստե~ղ թողնեմ իմ զավակին:


    Գարնան այգի, սև-սև ամպեր,
    Կորած շողեր – սառած տապեր,


    Հեռու որոտ, գունդ- գունդ կարկուտ,
    Երկիր թախծոտ, երկինք անգութ:

    Անսիրտ քամի, հեռու արև,
    Անօգնական, քնքուշ ծառեր:

    Փախցնե'մ, տանե~մ իմ զավակին,
    Բայց ու՞մ թողնեմ գարնան այգին:
    2. 5. 1981
    42.
    Սովորական օր է գարնան,
    Մի երեկո սովորական,
    Լուսամուտում լռին հանգան
    Վերջին շողերն արեգական:

    Օրն անցնում է, որպես երազ,
    Հոգսեր, հույզեր, կանչեր մանկան,
    Եվ անցնելով` դառնում անհաս,
    Դառնում հեռո~ւ, անիրակա~ն:

    Վաղը արդյոք ի՞նչ կլինի,
    Ի՞նչ կբերի իմ լույս մանկանն,
    Ին՞չ օր կգա, կապրի, կանցնի
    Շողերի հետ արեգական:
    3. 5. 1981


    43.
    Իմ սիրած զավակ ու սիրած իմ կին,
    Խաղաղ քնած եք հիմա իմ կողքին,
    Ի~նչ երջանկություն` հսկել ձեզ անքուն,
    Սիրտս պայծառ է ու սերս` արթուն:

    Ո'չ, չեմ եղել ես երբևէ մենակ,
    Դու միշտ եղել ես, իմ անգին զավակ,
    Չեմ եղել ազատ, իմ օրերի հետ,
    Ձեզ շղթայված եմ եղել ես հավետ:

    Շղթայված անթիվ, անտես կապերով,
    Քարհանգույց ձգված փոքրիկ մատներով.-
    Արծա~թ շղթաներ, ոսկեթե~ լ ցանցեր,
    Հոգսեր ու հույսեր, մանկության կանչեր:

    Չեմ ուզում ոչինչ փոխվի աշխարհում,
    Նոր սեր, նոր աշխարհ, նոր բախտ չեմ ուզում.
    Միայն շղթայված մնամ ձեր կյանքին,
    Իմ սիրած զավակ ու սիրած իմ կին:
    6. 5. 1981

    44.
    Երբ մնում է մթի գրկում,
    Չի վախենում իմ որդին,
    Անհոգ հնչում են սենյակում
    Նրա կանչերը կրկին:

    Անտեղյակ է նա տակավին
    Վախին, ահին մթության,
    Լույս են տալիս նրա կյանքին
    Արևները մանկության:

    Բայց չի մնա այդպես հավետ,
    Միտքն ու վախն են դեռ գալու,
    Իմ միամիտ զավակի հետ
    Տեսնես ի՞նչ է լինում:
    9. 5. 1981







    45.
    Իմ զավակը,
    Իմ միակը,
    Իմ անլեզու
    Անթև ձագը,
    Իմ առվակը,
    Իմ թռչնակը,
    Առավոտիս
    Ջինջ կոչնակը:

    Իմ տանջանքը,
    Հառաչանքը,
    Անքուն- արթուն
    Անրջանքը:
    Իմ զավակը`
    Իմ հենակը,
    Իմ հավերժող
    Հաղթանակը:
    10. 5. 1981

    46.

    Ա.
    Իմ մանչուկը նստած տեղից
    Ձգվեց, կանգնեց ինքնուրույն,
    Վախ ու հրճվանք կար բերկրալից
    Նրա սև-սաթ աչքերում:

    Ուրախություն մի անսահման
    Մեջս ծնվեց ու ծփաց, –
    – Իմ սիրելի', իմ աննմա'ն,
    Մնա~ այդպես դու կանգնած:

    Դու կթռչես նաև շուտով
    Դեպի աստղեր անանուն,
    Որ ցրված են պայծառ շուքով
    Մտքի, ոգու անհունում:
    14. 5. 1981

    Բ.
    Գլուխն հակեց իմ որդին`
    Դրեց ծնկին մայրական ,
    Անդորր ու մեղմ մի ժպիտ
    Սահեց դեմքին իմ մանկան :

    Այդպես մնաց նա երկար
    Այնպես հանդարտ ու լռին ,
    Այտով հպվեց ու փարեց
    Մոր գուրգուրող մատներին.

    Ապա աչքերը գոցեց
    Եվ ժպտաց փակ աչքերով, –
    Ողջ տիեզերքը լցվեց
    Խաղաղությամբ ու սիրով:

    1982


    47.
    Ջրի շիթն է ուզում բռնել
    Փոքրիկ մատիկներով,
    Բայց ցրվում է ջուրը անվերջ
    Գոհար հատիկներով:

    Եվ այնքան լուրջ, համբերատար
    Նոր փորձեր է անում`
    Ջուրը փախչում է անդադար`
    Մատիկները սառում:

    Որսալ լույս ու գեղեցկություն
    Օ~, դժվար է այնքան`
    Կյանքի դաս է տալիս որդուս
    Աղբյուրն հայրենական:
    17. 6. 1981


    48.
    Հեռու եմ քեզնից
    Իմ անուշ տղա,
    Բայց հասնում են ինձ
    Կանչերդ ահա:

    Այս երկիրն այնքան
    Հմայքներ ունի,
    Ուժով տիրական
    Ձգում է էլի:

    Բայց փոքրիկ ձեռքով
    Քո հեռուներից
    Դու ինձ կանչում ես,
    Պահում ես նորից:

    Քիչ մնաց արդեն,
    Գալիս եմ ահա,
    Թռչե~մ, քեզ հասնեմ
    Իմ անու~շ տղա:
    9. 7. 1981

    49.
    Ծիրանին է ծաղկել Հրազդանի ձորում,
    Ճերմակ լույս է ծագել Հրազդանի ձորում:

    Մի օր ուխտադրուժ ձյուն ու ցրտեր եկան,
    Ինչքան հույս ու ծաղիկ անօգնական հանգան:

    Նորից արև եղավ Հրազդանի ձորում,
    Ծիրանին է ապրում` կանաչ լույս է փռում:

    Տերևների գրկում` փրկված սերունդ որպես,
    Դառը պտուղներն են տոնում մահվան վրեժ:

    Մի անավարտ երգ կա Հրազդանի ձորում,
    Հասունացող բերք կա Հրազդանի ձորում:

    Ամեն օր նայում եմ փոխվող այդ աշխարհին,
    Ինձնից հետո արդյոք ո՞վ կնայի ձորին:

    Արդյոք ձյուն ու կարկուտ չե՞ն գա ծառ ու ճյուղին,
    Օտար շունչ չի՞ դիպչի այս սիրելի հողին:

    Մեծանում է որդիս, ունեմ գալիք ու հույս,
    Կտակում եմ ձորը երեխային իմ լույս:

    Հավերժ կյանք ու մահ կա Հրազդանի ձորում,
    Անհայտ մի աշխարհ կա Հրազդանի ձորում:
    6. 5. 1981
    50. ՀԱՅՐԵՆԻՔ

    Ես քեզ որտե'ղ փնտրեմ,
    Որտե'ղ, ասա', գտնեմ -
    Քո հինավուրց հողում,
    Քո երգերի տողում,
    Վանքիդ մամուռի մեջ,
    Քո հին մրմուռի մեջ,
    Պայծառ քո այսօրում,
    Թե հին քո ասքերում:

    Որտեղ դեմքդ տեսնեմ,
    Որտեղ ձայնդ լսեմ –
    Մասսյաց ձյուների մեջ,
    Թե հաղթ սյուներիդ մեջ,
    Հեռու, կորած լճում,
    Թե Արփայիդ կանչում. –
    Որտե'ղ, ասա', փնտրեմ,
    Ինչպես, ասա', գտնեմ:

    Բայց երբ մտնում եմ տուն,
    Գտնում իմաստություն`
    Ջերմության մեջ իմ տան
    Գտնում եմ պատասխան:
    Ու աչքիս են հառնում,
    Հասկանալի դառնում
    Լույսերի մեջ մի այլ
    Ապագա ու անցյալ:

    Կյանքդ այստե'ղ է ծնվում,
    Երգդ այստե'ղ է սնվում,
    Լույս ստանում այստեղ
    Ջահը քո բազմաստեղ.
    Դուք նույնն եք ինձ համար,
    Նույն գալիքն եք անմար,-
    Իմ հո'ւյս` իմ ընտանիք,
    Հավե'րժ իմ հայրենիք:
    29.4.1981

    51.ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

    Ինձ հարցնում են, թե փաղաքուշ
    Ինչ խոսքեր եմ ասում
    Եվ ո'ր լեզվի շնչով անուշ
    Զավակիս հետ խոսում:

    Լեզուները այլոց անմահ
    Մեզ տվել են գանձեր,
    Մտքի, ոգու, գեղեցկության
    Նոր ափեր են բացել:

    Սակայն նրանց չքնաղ բառով,
    Շնչով բարձրագնա
    Որդուս դիմել դեռ չեմ կարող`
    Նա ինձ չի~ հասկանա:

    Չի հասկանա միանգամից
    Նա օտարի լեզուն,
    Անխոս մանուկըս ինձանից
    Մայրենի'ն է ուզում:

    Ուրիշ լեզվով, ուրիշ կանչով,
    Ինչպես ասեմ` որդի'ս,
    Ի՞նչ խոսքերով, ի՞նչ մրմունջով
    Նրան սեղմեմ սրտիս:

    Ու խոսում եմ քո բառերով,
    Լեզո~ւ իմ մայրենի,
    Ջերմանում եմ քո արևով,
    Ոգով քո կենդանի:

    Քեզնից հետո թող մտնեն տուն
    Այլ հանճարի լույսեր,
    Ուրիշ լեզվով տան իմ որդուն
    Իմաստություն ու սեր:-

    Բայց իմ մանկան աշխարհի մեջ
    Իշխիր դո'ւ տիրաբար,
    Իմ մայրենի', իմ սիրելի',
    Իմ հավերժո~ղ բարբառ:
    17. 5. 1981

  12. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Black Orchid (06.01.2008)

  13. #7
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. "Երգ երրոդության" բանաստեղծական շարք

    Ավարտում եմ "Երգ երրորդության" շարքի տեղադրումը: Գեղեցիկ մորը և կաթնաբույր
    մանկանը երգեցի այնպես, ինչպես կարողացա,- բայց գիտեմ, որ մի նոր լիրիկ մի օր ավելի
    լավ կերգի այդ տիեզերածին գեղեցկությունը:

    52.
    Ես հարուստ եմ արքայի պես,
    Իմն է աշխարհն հայրենական,
    Հորիզոնը լույսով գծված
    Սահմանն է իմ արքայական:

    Անձրևն անցավ, ամպերն անցան,
    Իմն է և այս պտղած այգին,-
    Կորած շողերը ետ դարձան,
    Ժպտում են ինձ, իմ զավակին:

    Ես հպվում եմ ծառ ու ճյուղին,
    Անձրևը տաք` բուրում է դեռ,
    Եվ ցողվում են իմ ուսերին
    Կաթիլ- կաթիլ ադամանդներ:

    Ես հարուստ եմ արքայի պես`
    Իմն է այգին հայրենական.
    Իմ հայրենի'ք, սիրու'մ եմ քեզ
    Եվ պտո'ւղըդ արքայական:
    26. 5. 1981

    53.
    Մի պահ լռիր, զավակ անգին,
    Վեհության դեմ այս տաճարի,
    Անխոս, անլույս է քո հոգին,
    Անտեղյակ ես մեր հանճարին:

    Մի թոթովիր թեկուզ մի պահ,
    Նայիր այս վեհ խոյակներին,
    Գմբեթներին այս ժամապահ,
    Քարի շնչող խոյանքներին:

    Այնպես ուզում եմ հասկանաս
    Դու խորհուրդը ամեն քարի,
    Ապրե'ս, զգա'ս, հարստանա~ս
    Լույսով անմահ մեր քանքարի:

    Բայց չի լսում մանուկըս ինձ,
    Շողերի մեջ խաղ է անում,
    Այնքան անհոգ ու երջանիկ
    Ժպտում է նա, ուրախանու~մ:

    Զանգակվում է երկինքն ի վեր
    Ծիծաղը իմ պայծառ մանկան`
    Լույս տաճարին` որպես նվեր
    Եվ հաստատումն անմահության:
    28. 5. 1981


    54. ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆԻ «ՎԱՐԴԱՆԱՆՔԻ» ԱՌՋԵՎ
    Խաղաղություն է մեր հարենիքում,
    Արևն է ժպտում հողին հայրենյաց.
    Ահա զավակիս սեղմած իմ գրկում
    Կանգնած եմ նորից Վարդանանց դիմաց:

    Ինչու քնեցիր, զավակ իմ միակ,
    Արթնացի'ր, իմ հույս, արթնացի~ր, անգին,
    Այս սուրբ դեմքերից ցայտում է կրակ
    Եվ հասնում է քեզ, հասնում ամենքին:

    Արթնացի'ր, գրվի'ր Վարդանանց զինվոր,
    Որ հայրենիքին մեր չիջնի խավար,
    Մեր պատմությունը այս է դարավոր`
    Անվերջ, անվախճան մի մեծ Ավարայր:

    Զինվորներն ահա մեր անխոցելի,
    Ոգու մեծերը` անցած դարերից,
    Մի վերին կամքով խմբվել են ի մի,
    Եվ Ավարայրը թնդում է նորից:

    Նարեկն է խոսում մեր Աստծո հետ,
    Չարենցն է կանչում` «Անու~շ Հայաստան»,
    Եվ Վարուժանը` վերադարձած հետ,
    Լուծում է վրեժ հեթանոսական:

    Այդ դեմքերի մեջ` հավատով շնչող,
    Մի մելամաղձոտ դեմք եմ ես տեսնում. –
    Պատանի հոգում մեղմ ու երազող
    Ապագա երգի պտուղն է հասնում:

    Այդպես եղել է, այդպես կլինի -
    Կռվի դաշտերում չենք կոշտանում մենք.
    Սուրն ամենազոր` խոսքն է հայրենի,
    Վահանը անխոց` ոգու գանձը մեր:

    Իսկ հիմա, որդի'ս, արթնացի'ր քնից,
    Բա~վ է անխռով մնաս դու քնած,
    Օ~, մի ուշացիր քո Ավարայրից`
    «Վասն հավատոյ, վասն հայրենեաց»:
    15-16. 6. 1981

    55.
    Շողերի մեջ վերջալույսի
    Կանգնած ինձ ես սպասում,
    Հայրենական արտի եզրին,
    Ամռան ոսկի մշուշում:

    Գրկիդ մեջ է զավակը մեր
    Երազներով լուսավետ,
    Դեմքիդ վրա տագնապ ու սեր
    Փայլ են տալիս իրար հետ:

    Միթե կանցնի պահը այս լույս`
    Կհեռանանք այստեղից`
    Այս վայրերից պարզ ու անուշ,
    Այս ծփացող արտերից:

    Ժամանակի թևն է սահում
    Չքնաղ դեմքին քո ահա,
    Արդյոք մեզ ինչ է սպասում,
    Իմ սիրած կին, իմ տղա:

    Լիներ պահը այս անվախճան,
    Լիներ սեր ու սպասում`
    Արտերի մոտ հայրենական,
    Վերջալույսի մշուշում:
    28. 7. 1981

    56.ԵՐԿՈՒ ԾՆՈՂ

    Ես մի մարդ եմ սովորական
    Եվ սիրում եմ իմ զավակին
    Ու ցնծում եմ ամեն անգամ,
    Երբ փարում եմ գորովագին:

    Ծիծեռնակն էլ գուցե այդպես
    Իր զավակին է փայփայում.
    Արդյոք տեսնես նա էլ ինձ պես
    Երջանի՞կ է այս աշխարհում:

    Ծիծեռնակին հանդիպեի`
    Խոսեինք մեր ձագուկներից,
    Ես իմ տնից կպատմեի,
    Նա` իր կապույտ երկինքներից:

    Մեր հոգսերից ամենօրյա,
    Մեր հույսերից` պայծառ այնքան,
    Չէ՞ որ նույն մեծ սիրով լցված`
    Ծնողնե~ր ենք սովորական:

    Եվ գիտեմ` մեզ կզոհեինք,
    Թե սպառնար մի օր խավար,
    Նա իր կապույտ երկինքների,
    Ես` սիրելի իմ տան համար:
    1981
    57.
    Իմ անգին զավակ, արդեն մեկ տարի
    Ապրում ես ու կաս, որպես լույս արթուն,
    Բայց ինձ թվում է, որ եղել ես դու
    Մի ամբողջ, մի ձիգ հավիտենություն:

    Իմ անգին զավակ, արդեն մեկ տարի
    Դարձել եմ կյանքիդ ու շնչիդ գերյալ,
    Զարկել ես դու ինձ քաղցր շղթայի,
    Իմ փոքրի~կ, իմ մե~ծ, իմ սե'գ գերեվար:

    Քո զարմանալի, քնքուշ լույսի տակ
    Իմաստ ստացան և մարդ, և աշխարհ,
    Եվ ուղիս տեսա ավելի հստակ,
    Ավելի խոհուն` ընկա ճանապարհ:

    Ու հայրենիքի իմաստը անծայր,
    Որ միշտ փնտրել եմ տենչանքով անհուն,
    Ավելի խորունկ, ավելի պայծառ
    Տեսա քո դեմքին և քո աչքերում:

    Բացեցիր փակված լեզուն իմ երգի,
    Տվեցիր նրան շեշտեր իմաստուն,
    Ինձ տեր կարգեցիր ողջ տիեզերքին,
    Իմ շռա~յլ որդի, իմ հարստությու~ն:

    Եվ այսօր` լցված քո թանկ լույսերով,
    Բախտի դեմ հպարտ, բայց այնքան խոնարհ -
    Ասում եմ որդիս քեզ ահա սիրով`
    Շնորհակա~լ եմ պարգևիդ համար:

    Թե հրաշք լիներ` բնությունը մայր
    Պարգևեր ինձ կյանք` անվերջ ու անհուն,
    Զոհ կբերեի ժպիտիդ համար,
    Իմ անգին զավա'կ, իմ պայծառ անո'ւն:
    3. 8. 1981
    58.
    Կարդում եմ նորից երգերս գրած,
    Որ ուղեկիցն են իմ ճանապարհի,
    Վերստին ապրում պահեր անմոռաց,
    Նորից հաղորդվում քո լույս կերպարին:

    Բոլոր պահերը ապրած անխտիր`
    Ոչ մի հնարանք կամ էլ գրչի խաղ,
    Եղել եմ ես լոկ կանչիդ ունկնդիր
    Ու արձագանքել նրան անհապաղ:

    Եվ արձագանքն այդ ուժով տիրական
    Ծավալվում է իմ խորին խորքերում.
    Այս ի~նչ հրաշք է` ապրում եմ ու կամ,
    Եվ սիրում եմ ես, ու ինձ են սիրում:

    Ու այս առավոտ հայացքս նորից
    Քեզ եմ ես ուղղում, զավակ իմ անգին,
    Նույն տաք արևն է ջերմացնում ինձ,
    Նորից տրվում եմ քո լույս թովչանքին:

    Եվ ինչ գրել եմ, որդիս, քո մասին,
    Այնքան անկատար ու թույլ է թվում,-
    Ինչպե~ս ես հասնեմ քո անվերջ լույսին,
    Որսա'մ, ամփոփե~մ մի քանի տողում:

    Եվ հասկանում եմ` անհնար է դա,
    Երազանք է լոկ, զավակ իմ սիրած,
    Մի անհուն գաղտնիք քո կերպարում կա,
    Երգս անզո~ր է քո լույսի դիմաց:
    1981

    59.
    Թոթովում է իմ որդին,
    Փնտրում մտքի լուսեղ դուռ,
    Եվ գտնում է իմ որդին
    Իր առաջին բառը` ջո~ւր:

    Աղբյուրները հայրենի
    Կարկաչում են իմ տան մեջ,
    Ծաղիկները լեռների
    Ծածանվում են փայլով պերճ:

    Թոթովում է իմ որդին`
    Միտքն ապրում է լուսաբաց,
    Եվ գտնում է իմ որդին
    Հայոց անուշ բառը` հա~ց:

    Տունս ամառ է գալիս`
    Հեքիաթներով դաշտերի,
    Եվ տեսնում եմ ցնծալից
    Ծովը ոսկյա արտերի:

    Սերմնացաննե~ր հայրենի,
    Շուտով կգա իմ որդին,
    Ձեզ հետ ցորեն կցանի,
    Մա~րդ կլինի իմ որդին:

    Եվ կլինի նա ինձ պես
    Սիրո հնձվոր երջանիկ,
    Ա~խ, ինչքան եմ սիրում քեզ,
    Իմ զավակի' Հայրենիք:
    12. 11. 1981
    60.
    Այսօր հոգնած ես ու նկուն.
    Գարնան օրն էլ էլ քեզ չի թովում,
    Քեզ ինչ–որ ցավ, ինչ որ թաքուն,
    Գաղտնի տագնապ է խռովում:

    Քո սրտի տակ աճող կյանքի
    Արթնացումին ես ունկնդիր.-
    Ուշանում է ինչ-որ մի ձայն.
    Ուշանում է ինչ-որ թրթիռ:

    Երբ երեկոն իջավ խաղաղ,
    Օրհնության պես հաշտ ու լռին,
    Աչքս աչքիդ դիպավ մի պահ
    Եվ մեղմալույս քո գծերին:

    Տեսա պահը այն թանկագին,
    Երբ աշխարհիդ մեջ ներսուզված,
    Դու զգացիր տրոփն անգին
    Եվ լսեցիր անուշ մի կանչ:

    Խոնարհվեցի քո նոր լույսին,
    Ձեռքդ առա ափերիս մեջ.
    Մի ցնծագին սիրո ալիք
    Մեզ ու մեր տունը ողողեց:

    Եվ հասկացա, որ կյանքը նոր
    Իր հետ սիրո ծով է բերում,
    Կանչով, կոչով իր զորավոր,
    Բերում անդարձ մի նվիրում:
    1982

    61.
    Մայրության արևն իջավ քո վրա`
    Գունատ ես կրկին,
    Դեմիքդ խաղում է դողդոջ մի կրակ,
    Անձնազոհ իմ կին:

    Գիտեմ, դժվար է քո սրտի համար
    Կրել այս բեռը.
    Բայց ինչու որդին մեր մենակ մնար,
    Երբ կա մեր սերը:

    Ուզում ես նորից լինի մի մանուկ`
    Բուրմունքով կաթի,
    Մարմինն անպաշտպան, քնքուշ, վարդագույն
    Աչքերն` ագաթե:-


    Որ նորից հոգնե'ս, տքնե'ս, մաքառե~ս,
    Որ ապրե'ս կրկին,
    Նորոգես սիրտը'ս, կյանքը'ս, աշխարհը'ս`
    Անձնազոհ իմ կին:
    1982
    62.
    Եկա նորից տուն` սրտով խնդալից,
    Իմ ամենօրյա սիրո հանդիպման,
    Բայց, ավա~ղ, տեսա դեմքիդ սիրելի
    Հուսահատ խռովք, կասկած կորստյան:


    Խռովքն` ինչպես ամպ, մթին թևերով
    Դեմքիդ երջանիկ արևն էր ծածկել,
    Իջել այն հովտին ահեղ ստվերով,
    Ուր պահապան է բախտը ինձ կարգել:

    Ախ, իմ թանկագին, քնքշալույս իմ կին,
    Ինչպես վտանգը քեզանից վանեմ,
    Խնդում պարգևեմ քե'զ, իմ զավակի'ն,
    Ձեր փխրուն կյանքի թելը պաշտպանեմ:

    Փոքրիկ ալիքն իսկ իմ երջանկության
    Ինձ վեր է հանում ծիրը երկնքի,
    Որ ես այնտեղից խոսեմ ինքնիշխան
    Եվ աստղերի հետ, և ժամանակի:

    Այսօր քեզ տեսա լուռ տագնապի մեջ,
    Ու խեղված տեսա գծերդ գերող.-
    Առանց քո կյանքի չունեմ ես թռիչք,
    Առանց քո լույսի` երգել չեմ կարող:-

    Չեմ ուզում մթնում անլույս թափառել
    Ու գերի լինել լուռ տառապանքին,
    Ասա ինձ հույսի' ու սիրո' բառեր,
    Իմ կողքին եղի’ր, քնքշալույս իմ կին:


    63.
    Մայրացել ես, մի պահ տեսա
    Դեմքիդ գծերը վիրավոր
    Եվ ձեռքերիդ ճերմակափայլ
    Դալկությունը խորհրդավոր:

    Ինձ նայեցիր մեղմ ու անսեր,
    Թույլ ժպտացիր իմ քնքշանքին,
    Լուռ հպեցի շուրթերս չոր
    Կնոջ այրող տառապանքին:

    Գիտեմ, անգի'ն, չեմ հասկանա
    Տառապանքիդ չափը երբեք,
    Խաչիդ փայլը բարձրագնա,
    Վերադարձիդ լույսը բեկ-բեկ:


    Բայց ուզում եմ լինել կողքիդ,
    Որ քեզ օգնեմ, իմ վիրավոր,
    Ցրեմ դեմքիդ ու աչքերիդ
    Հոգնությունը խորհրդավոր:
    1982


    64.
    Ա~խ, տվեք ինձ քաղցր մի քուն,
    Հեռո~ւ, հեռո~ւ սլանամ:
    Հովհ. Հովհաննիսյան
    Օ~, չեմ ցանկանում հեռու սլանալ,
    Գտել եմ այստեղ ես սիրո աղբյուր,
    Ուզում եմ այս թանկ հարկի տակ մնալ
    Ու շունչդ շնչել, մանուկ կաթնաբույր:

    Այստեղ են ապրում, այստեղ են ծաղկում
    Սրտիս սիրելին և երեք զավակ,
    Այստեղ գիշերվա մթնաթև գրկում
    Փայլում է ահա սիրո արեգակ:

    Մի ձեռքով թեթև օրոցքն եմ ճոճում,
    Մյուս ձեքիս է այս գիրքը լուսեղ,
    Հայրենի երգիչ, իմ ընտանիքում
    Հնչում է ահա քնարդ շքեղ:

    Ի~նչ զարմանալի, ի~նչ ազնիվ քնար,
    Ի~նչ մեծ հրճվանք է դիպչել լարերին,-
    Ամեն երգը թող մի աստղիկ դառնա,
    Շողա իմ մանկանց կապույտ սնարին:


    Գիշեր,թե’ ցերեկ, քնած, թե’ արթուն
    Անուշ բարբառով նրանց տոգորեմ
    Եվ հայրենիքի բոլոր աստղերը,
    Պայծառ կերպարը նրանց պարգևեմ:

    Նրանց հետ լինեմ, իմ հարկի ներքո,
    Կատարված տեսնեմ իղձերս մաքուր.
    Օ~, չեմ ցանկանում հեռու սլանալ,
    Գտել եմ այստեղ ես սիրո աղբյուր:
    1982


    65.
    Մենք երկու ասուպ` երկնքի ծոցում,
    Մի պահ եկել ենք, հանդիպել իրար,
    Այս պահն էլ, անգին, հենց կյանք է կոչվում,
    Եվ երազների ժամն է ոսկեվառ:

    Քաղցր դաշինք է մեզ պարգևում ուժ,
    Ու մերժելի չէ կապանքը նրա,
    Եվ անմահության ցնորքը անուշ
    Դեռ շողշողում է մեր կյանքի վրա:

    Բայց պահը կանցնի. ծիրով երկնային
    Կսլանանք վար` խոլ ընթացքի մեջ,
    Այդ ճանապարհին, վերջին վայրկյանին
    Ես կկրկնեմ անունդ անվերջ:

    Եվ դեռ չհասած հողին հայրենի`
    Կնայենք մենք վեր, երկնքին շքեղ,
    Մեր մանուկները - երեք վառ աստղիկ
    Անմահության պես կշողան այնտեղ:
    `
    1982

  14. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Black Orchid (06.01.2008)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1
    Վերջինը: 11.07.2008, 08:39
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 15.12.2007, 21:21
  3. Նոր շարք`"Ուշացած գարուն"
    Հեղինակ՝ Հեղինակ, բաժին` Հայերեն ստեղծագործող
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.12.2007, 14:42
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 13.11.2007, 13:10

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •