Ինչ է բնական բուժումը և ինչով է սկզբունքորեն տարբերվում դեղորայքային բժշկությունից: Տարբերությունը ձևի մեջ չէ, սկզբունքային է, մտածելակերպի մեջ է: Ինչպես հայտնի է, մինչ XX դարը դեղեր չեն եղել, կամ եղել են բնական` բուսական և կենդանական բնույթի խառնուրդներ, հանքային նյութեր, պարզ էլեմենտներ: Միայն վերջին դարում` քիմիական մտածողության դարում մարդը անցավ քիմիական բժշկությանը, սակայն խնդիրը ոչ թե բնական դեղերը քիմիականով փոխարինելու մեջ է միայն, այլ առողջության և հիվանդության նկատմամբ բոլորովին այլ մոտեցման, աշխարհայացքի փոփոխության մեջ: Բնական բժշկությունը դիտում է հիվանդությունը որպես կյանքի կարևոր բաղադրիչ, "ընդունում" այն որպես բնության ապաքինող ուժերի դրսևորում, հաշտ է հիվանդության հետ, և ձեռնարկում է միջոցներ, որոնք կօգնեն բնությանը մաքրել օրգանիզմը, ազատել թափոններից և վերականգնել ներքին ներդաշնակությունը, գիտականորեն ասած "հոմեոսթազը": Հենց այդպես էր վերաբերվում հիվանդությանը Հիպոկրատը: Հայտնի ֆիզիոլոգ Կլոդ Բերնարը ասում էր. "Օրգանիզմի բոլոր գործողությունները ուղղված են հոմեոսթազի վերականգմանը": Այստեղից էլ Հիպոկրատի տված բժշկության բնութագիրը որպես բնությանը նմանակելու արվեստ, ասել է թե բնության նման մտածելու և բնության տրամաբանությամբ գործելու արվեստ:
Սակայն XX դարի գիտությունը ընդհանրապես և բժշկությունը մասնավորապես բոլորովին այլ աշխարհայացքով և տրամաբանությամբ զարգացան. եկավ նյութապաշտական բժշկության դարաշրջանը, որը նախ տրոհեց մարդ-ամբողջին երեք մասերի. մարմնի /որը "դարձավ" հիմնական և գերակա մասը/, հոգու, որը մարնի ֆունկցիա հայտարարվեց, և ոգու /որի մասին լուրջ գիտելիք ասես չկար, մի թեթև կրոններն էին զբաղվում/: Եվ ահա մասը /մարմինը/ Ամբողջ հայտարարելով, բժշկությունը իր վրա վերցրեց մարդու առողջության ողջ պատասխանատվությունը: Նոր բժշկությունը "պրոմեթևսյան" մարդու մտքի արգասիք էր. ոչինչ չխնդրել Բնությունից, այլ "խլել" նրանից, հիվանդությունը չհանդուրժել, պայքարել նրա դրսևորումների. ցավի, ջերմության, ճմշման, այտուցի, ցնցումների, ուշագնացությունների, ուռուցքի դեմ; ձգտել գտնել հիվանդությունների բուժման գերմիջոցներ, հզոր կոճակներ կամ կատարյալ վիրահատություններ. հաղթել Բնությանը... Դա քարերը թափելու ժամանակն էր, այսօր եկել է քարերը հավաքելու ժամանակը, սթափության պահը, խոնարհաբար դեպի բնական բժշկություն վերադառնալու պահը: Բնությունը ցույց տվեց, որ այդպիսի ինքնավստահությամբ "իր" դաշտում խաղալը այդքան էլ հեշտ խնդիր չէ. հիվանդությունների մի մասի նկատմամբ տարած կասկածելի "հաղթանակը" առաջացրեց նորերի և ավելի ծանրերի առաջացումը: Ըստ որոշ տվյալների, թե անցյալ դարի սկզբում մոտ 10.000 հիվանդություն կար, ապա հիմա այդ թիվը գնահատվում է որպես 25-30.000: Այ քեզ "պյուրոսյան" հաղթանակ...
Վերջապես նորից վերադառնում ենք ճիշտ սննդին, մաքրման միջոցներին, բնական միջոցներին, հիվանդության ընթացքը Բնությանը` իմուն համակարգին վստահելուն, ճիշտ մտածելակերպին, Բնության օրենքներով ապրելուն` առողջ ապրելակերպին:
Հենց այս բոլոր հարցերին հետևողականորեն անդրադառնալու ենք մեր բոլոր նյութերում, նույնիսկ եթե թվում է, թե նրանք բժշկությանը ուղղակիորեն չեն առնչվում:



Մեջբերել