Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Կարդանք ու չլինենք...

  1. #1
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Կարդանք ու չլինենք...

    Տարիների մեջ առիթ եմ ունեցել ուսումնասիրելու հայ մարդու հոգեբանությունը ընդհանրապես, նաև ուղղակի կենցաղային հոգեբանությունը, իսկ հատկապես հենց սեփական հոգու դրսևորումները: Շատ ենք խոսել ու գրել մեր դրական կողմերի մասին որպես արիական ազգ... Սակայն ինքնաճանաչման և ինքնանորոգման համար անհրաժեշտ է տեսնել նաև բացասական հատկանիշները և ազատվել դրանցից:
    Եվ բանալին գտա, որքան էլ դա զարմանալի կարող է թվալ, մեր մեծ գեղագետի` ազգային հոգեբանության նրբազգաց գիտակ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում, և հատկապես, հեքիաթներում: Եկեք սկզբում միայն թվարկենք դրանք."Անխելք մարդը", "Կիկոսի մահը", "Ձախորդ Փանոսը", "Անբան Հուռին", "Քաջ Նազարը" և այլն...:
    Եկեք սկսենք հենց առաջինից. 'Անխելք մարդուց": Դե, հիշում եք այդ պատմությունը երևի, այնքան անգամ կարդացած կամ լսած կլինեք:


    Անխելք մարդը

    Հովհաննես Թումանյան

    Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում Էր, որքան չարչարվում Էր, դարձյալ միևնույն աղքատն Էր մնում:
    Հուսահատված, մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքդստութունից, ու ինձ համար մի բան խնդրեմ:
    Ճանապարհին մի գայլ պատահեց.
    — Առաջ բարի, մարդ-ախպեր, ուր ես գնում, -հարցրեց գայլը:
    — Գնում եմ աստծու մոտ, — պատասխանեց աղքատը,— դարդ ունեմ ասելու:
    —Դե որ գնաս աստծու մոտ, - խնդրեց գայլը, - ասա մի սոված գայլ կա. գիշեր ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա մինչև երբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչու չես կերակուր հասցնում:
    - Լավ, - ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը: Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա:
    — Ո՞ւր ես գնում, ախպեր, —հարցրեց աղջիկը:
    — Գնում եմ աստծու մոտ:
    —Երբ որ աստծուն տեսնես, - աղաչեց սիրուն աղջիկը, - ասա այսպիսի մի աղջիկ կա ջահել, առողջ, հարուստ - բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան - ի՞նչ պիտի լինի նրա ճարը:
    — Կասեմ, - խոստացավ ճամփորդն ու գնաց: Պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր:
    — Ո՞ւր ես գնում, այ ճամփորդ, - հարցրեց չոր ծառը:
    — Գնում եմ աստծու մոտ:
    —Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ, - խնդրեց չոր ծառը, - աստծուն կասես, այս ինչ բան է, բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. երբ պետք է ես էլ կանաչեմ:
    Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը:
    Այնքան գնաց, մինչե գտավ աստծուն: Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը:
    — Բարի օր, - ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին:
    — Բարով եկար, — պատասխանեց աստված, — ինչ ես ուզում:
    — Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլի չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են:
    - Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելիր, - ասաց աստված:
    - էլ բան ունեմ ասելու, տե՛ր, - ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը:
    Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ:
    Վերադարձին պատահեց չոր ծառին:
    - Ինձ համար ի՞նչ ասաց աստված, - հարցրեց չոր ծառը:
    - Ասաց, քո՜տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ, - պատմեց մարդը:
    - էլ ուր ես գնում, արի ոսկին հանիր էլի, համ քեզ օգուտ կլհնի, համ ինձ, դու հարստանաս, ես էլ կկանաչեմ:
    - Չէ, ես ժամանակ չունեմ, շտապում եմ, - պատասխանեց աղքա¬տը, - աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, —ասաց ու գնաց:
    Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.
    - Ի՞նչ լուր բերիր ինձ համար:
    - Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինիլ, ուրախ ու երջանիկ կլինես:
    - Դե որ այդպես է, արի դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը, -թախանձեց աղջիկը ճամփորդին:
    - Չէ, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, - ասաց աղքատն ու հեռացավ:
    Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց:
    - Հը, աստված ի՞նչ ասաց:
    - Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչու է գարուն, ամառ չոր: Աստծուն պատմեցի, ասաց. — աղջկանն ասա իրան համար մի կյանքի ընկեր գտնի - կբախտավորվի, ծառին էլ ասա քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես: Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց, դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր: Ասացի չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ:
    - Իսկ ինձ համար ինչ ասաց աստված, - հարցրեց սոված գայլը:
    - Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս՝ մինչև մի անխելք մ
    արդ կգտնես, կուտես, կկշտանաս:
    - էլ քեզանից անխելք մարդ որտեղից գտնեմ, որ ուտեմ, - ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:
    http://www.armeniapedia.org/

    Ահա այսպես, եկեք նայենք հենց ինքներս մեզ և մեզ շրջապատող մարդկանց/ դա ավելի հեշտ ենք անում, անկասկած.../: Միթե նմանություն չունենք այդ անխելք մարդու հետ. տրտնջում ենք մեր բախտից, բայց և չենք տեսնում, որ այն ուղղակիորեն կապված է մյուսին երջանկացնելու հետ, մի ծառ կանաչեցնելու հետ, հեռու ենք փնտրում, իսկ բախտը մոտ է լինում, ոտքի տակ ... երևի սրանք հիմնական գաղափարներն են...
    Փորձեք դուք էլ այս տեսակետից դիտարկել մեր հոգեբանության երանգները և եկեք միասին որոշենք յուրաքանչյուրս և ազգովին, որ միշտ կհիշենք "Անխելք մարդու" հեքիաթը, կքննենք ինքներս մեզ, և կասենք." Ուշադիր եղիր, արդյոք անխելք մարդը չես, արդյոք բախտիդ կողքով չես անցնում, արդյոք մտերիմդ քո կարիքը չունի ... և այլն:"
    Եվ չմոռանանք, որ անխելք մարդը անխուսափելիորեն "գելի բաժին" է դառնում:
    Եվ այսպես, կարդանք ու չլինենք "Անխելք մարդը":


    Եկեք պատրաստվենք և հաջորդ անգամ խոսենք "Կիկոսի մահը" հեքիաթի մասին:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  2. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Առողջագետ-ին այս օգտակար գրառման համար:

    ivy (04.11.2007), Wista (04.11.2007)

  3. #2
    Սկսնակ անդամ Sita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    39

    Լռելյայն արժեք Re. Կարդանք ու չլինենք...

    Թե հեքիաթը, թե մուլտֆիլմը հիշում եմ դեռ մանկուց:
    Ճիշտն ասած բավականին ժամանակ անցավ, մինչև հասկացա, որ համարյա ամեն ինչ ինձանից է կախված ու ես եմ որոշողը իմ բախտի, իմ կյանքի:

    Իսկ Թումանյանի հեքիաթները բոլորը շատ ուսուցանող են ու հետաքրքիր
    Մենք հարազատ ենք և խորթ ենք այնքան
    Այնքան նման ենք, իրարից տարբեր...
    :

  4. #3
    լուծարված
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    40

    Լռելյայն արժեք Re. Կարդանք ու չլինենք...

    Հեքիաթներն իրենց մեջ մեծ խորհուրդ են պարունակում:
    Եթե կարողանալ տեսնել այն ամենը, ինչ թաքնված է տողերի արանքում, կարելի է ահագին իմաստնանալ:

    Հոգեբանության մեջ անգամ գոյություն ունի հեքիաթային թերապիա. հեքիաթների միջոցով փորձում են օգնել մարդուն ավելի լավ հասկանալ ինքն իրեն, կառուցել արժեքային համակարգը և ուղղորդել իր վարքը:

    Կոնկրետ այս հեքիաթն իմ կարծիքով սովորեցնում է, որ հաճախ մարդիկ չեն նկատում երջանկանալու և հաջողության հասնելու հնարավորությունները, որոնք իրենց «քթի տակ են», այլ փոխարենը սպասում են ինչ–որ հրաշքի, ինչը և կոչվում է մարդկային մեծագույն անխելքություն:

  5. #4
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Կարդանք ու չլինենք...

    Եկեք կարդանք անմահ "Կիկոսի մահը" և տեսնենք, ինչ իրական "օգուտ" կարող ենք քաղել այստեղից: Գուցե կա մի բան, որ Թումանյանը մեզ ասել է և սպասում է, թե մի օր մի կարևոր եզրահանգման կգանք: Եկեք մեկ անգամ էլ կարդանք, թեկուզ թվում է, այնքան անգամ ենք կարդացել ու լսել...

    Կիկոսի մահը
    Հովհաննես Թումանյան


    Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ:
    Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում: էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը: Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում: էս ծառը որ տեսնում է՝ իրեն-իրեն միտք է անում.
    - Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի...
    - Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ...
    Տեղն ու տեղը ծառի տակին նստում է՝ սկսում է սուգ անել.
    Գնացի մարդի,
    Ունեցա որդի,
    Գդակը պոպոզ,
    Անունը Կիկոս.
    Վեր ելավ ծառին,
    Ցած ընկավ քարին...
    Վա՜յ Կիկոս ջան,
    Վա՜յ որդի ջան...
    Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում: Ասում է. – Գնա’ մի տե՛ս, քույրդ ընչի ուշացավ:
    Միջնեկ աղջիկն է գնում:
    Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է՝ ձենն ավելի է բարձրացնում:
    - Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ:
    - Ի՞նչ Կիկոս:
    - Բա չես ասիլ`
    Գնացի մարդի,
    Ունեցա որդի,
    Գդակը պոպոզ,
    Անունը Կիկոս.
    Վեր ելավ ծառին,
    Ցած ընկավ քարին...
    Վա՜յ Կիկոս ջան,
    Վա՜յ որդի ջան...
    - Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ - գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել:
    Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում: Ասում է.
    - Աղջի’, մի գնա տես քույրերդ ի՞նչ եղան: Գնացին, ետ չեկան:
    Հիմի պստիկ աղջիկն է գնում: Գնում է տեսնում՝ երկու քույրերն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում:
    - Քա՛, ընչի՞ եք լաց ըլում:
    Մեծ քույրը թե՝ բա չես ասիլ`
    Գնացի մարդի,
    Ունեցա որդի,
    Գդակը պոպոզ
    Անունը Կիկոս.
    Վեր ելավ ծառին,
    Ցած ընկավ քարին...
    Վա՜յ Կիկոս ջան,
    Վա՜յ որդի ջան...
    - Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ, – սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն-ձենի տալիս:
    Մերն սպասում է, սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում:
    Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ՝ երեք աղջիկն էլ կանչում են.
    - Արի՛, արի՛, անբախտ տատի, տես թոռանդ գլուխն ինչ է եկել:
    - Ի՞նչ թոռ, այ աղջկերք, ի՞նչ է պատահել:
    Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա’յ մեր`
    Գնացի մարդի,
    Ունեցա որդի,
    Գդակը պոպոզ,
    Անունը Կիկոս.
    Վեր ելավ ծառին,
    Ցած ընկավ քարին...
    Վա՜յ Կիկոս ջան,
    Վա՜յ որդի ջան...
    - Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան. – մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել:
    Մարդը տեսնում է կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ: Ասում է՝ մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը:
    Վեր է կենում գնում:
    Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի.
    - Արի՛, արի’, անբախտ պապի, արի տես քու Կիկոսի գլուխն ինչ է եկել... վա՜յ քու Կիկոսին...
    - Ի՞նչ Կիկոս, ինչ եք ասում, - զարմանում է մարդը: Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, այ հեր՝
    Գնացի մարդի,
    Ունեցա որդի,
    Գդակը պոպոզ,
    Անունը Կիկոս.
    Վեր ելավ ծառին,
    Ցած ընկավ քարին...
    Վա՜յ Կիկոս ջան,
    Վա՜յ որդի ջան...
    - Վա՜յ, Կիկոս ջա՜ն, — ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու աղջկերք:
    Սրանց միջի խելոքը հերն է լինում: Ասում է.
    - Ա՛ յ հիմարներ, ինչ եք նստել էստեղ ու սուգ եք անում: Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի: Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք: Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա:
    Դու մի ասիլ՝ սրանց ունեցած-չունեցած չորսոտնանին մի եզն Է լինում, ունեցած փոշին Էլ մի քթոց ալյուր:
    Գալիս են Էս եզը մորթում, Էս մի քթոց ալյուրն Էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են:

    http://www.armeniapedia.org/


    Ահա այսքանը... գուցե հեքիաթի գծով հոգեբան մասնագետները լուրջ լուրջ վերլուծության ենթարկեն այս հեքիաթը, բայց իմ կարծիքով, ասելիքն այն է, որ սիրում ենք հաճախ "ողբալ" այն, ինչը դեռ չի եղել, կարող է և չլինել...:
    Երբեմն այնքան "զգացմունք" ու "եռանդ" ենք դնում չեղած բանի վրա, որ հոգնում ենք, և շատ կարևոր ու ստեղծագործ ձեռնարկումներ անկատար թողնում: Դրա հետ մեկտեղ ես նկատել եմ, որ շատերը, հատկապես հայ կանայք, սիրում են հպարտանալ իրենց "զգացմունքային" լինելու հանգամանքով, բայց հասկացել եմ, որ միշտ չէ, որ այդ զգացմունքայնությունը դրական է շրջապատի համար, կառուցողական: Իհարկե, թերևս, սա մեր ազգային նրբերանգն է, ձևավորվել է մեր դժվար ու հոգսաշատ դարերի ընթացքում, և սակայն այսօր նորանալու խնդիր ունենք, և մեզ չի խանգարի սթափ հայացքով ինքներս մեզ նայելը: Կարծում եմ, երբեմն, եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ շատ ենք իզուր, անտեղին մեր կենսական ուժերը հյուծում և լուրջ վնասներ ունենում, ինչպես այս խեղճ ընտանիքը...
    Հին արիացիները ասում էին. "Մոռացիր այն, ինչը անցել է, և մի մտածիր այն բանի մասին, որը դեռ չի եղել": Կարծում եմ, եթե սովորենք անցյալի բեռը գոնե մասամբ թոթափել, չեղածն էլ չշալակել, ապրել այստեղ ու այսօր եղածով և ունեցածով...մեր քայլը և առաջընթացը կթեթևանան և կարագանան: Թերևս, սա կօգնի մեզ ապրել...
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  6. #5
    Սկսնակ անդամ Sita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    39

    Լռելյայն արժեք Re. Կարդանք ու չլինենք...

    Երկու հեքիաթների խորհուրդն էլ ասում է` եղեք ներկայում, ապրեք ներկայում, այս մի պահի մի վայրկյանի մեջ, ինչ անցյալում է չես փոխի, իսկ ապագան կառուցվում է ներկայում: Անխելք մարդու հեքիաթը նաև ասում է, որ երջանիկ կամ բախտավոր լինելու համար ոչ թե պետք է գնալ հասնել Աստծու մոտ, այլ պետք է տեսնել ու վերցնել այն, ինչ քեզ ի վերուստ է տրված և ուղղակի լինել, չսպասել
    Մենք հարազատ ենք և խորթ ենք այնքան
    Այնքան նման ենք, իրարից տարբեր...
    :

  7. #6
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Կարդանք ու չլինենք...

    Միանգամայն համոզիչ եզրահանգումներ են, և եթե հետևենք մեզ, կտեսնենք, որ այդպես չենք մտածում ու ապրում: Կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է օգնել մեր հարազատներին` մեղմ, սիրով ու ջերմությամբ, առանց "սովորեցնելու", ինչը որպես սխալ հաճախ է սողոսկում մեր "օգնելու" ձգտումների մեջ, օգնել մի-քիչ թեթևացնել անցյալի բեռը և ապագայի վախը, որոնք քայքայում եմ մարդու հոգին: Կուզեի տեսնել մեր ժողովրդին, հատկապես մեր տանջված կանանց, մի-քիչ հոգսերը թեթևացած, կյանքի հմայքը "շնչող", ուրիշներից զատ նաև իրենք իրենց իսկ սիրող մարդկանցից կազմված ժողովուրդ:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  8. #7
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Կարդանք ու չլինենք...

    Եկեք ընթերցենք "Ձախորդ Փանոսը"; հեքիաթի անունն արդեն ասում է, որ չենք ուզում լինել... Բայց "ձախորդության" մեջ ժողովուրդը միշտ մի ճակատագրական շեշտ է դնում, կարծես, դա մարդուց կախված չէ, տեսնենք ինչ է ասում դրա մասին հեքիաթը և նրա միջոցով նաև ինքը` Թումանյանը...

    Հովհաննես Թումանյան: Ձախորդ Փանոսի հեքիաթը


    Ձախորդ Փանոսի հեքիթը
    Հովհաննես Թումանյան

    Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս: Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում: Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս: Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին:
    Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի: Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը:
    Ասածն արած է:
    Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում վերի կողմը, կացինը քաշում — թրը՛խկ, հա թրը՛խկ: Շատ է քաշում, թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում, սելը ջարդում, եզներն էլ հետը: Փանոսը մնում է ապշած կանգնած: Ի՞նչ պետք է անի: Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն:
    Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում: Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում: Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս: Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում: Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս: Ի՞նչ անի, ի՞նչ չանի: Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի: Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի:
    Դու մի՛ ասիլ` Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում՝ էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում:
    Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չըկա: Մնում է տկլոր կանգնած:
    Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր Աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»:
    Սպասում է մինչև մութն ընկնի: Մթան հետ վեր է կենում գնում գյուղը: Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը տանըցիք ի՞նչ կասեն: Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ:
    Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը:
    Դո’ւ մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է: Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա. հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում:
    Փանոսը ցավից վայ-վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո’, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս:
    Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից: Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է:
    Բավական տեղ ղըչրղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները: Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում:
    Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է: Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»: Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված - ինքը չկա:
    Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ:
    - Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ:
    - Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի:
    Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանոս, Փանոս», Փանոսը չկա:
    Վճռում են, որ Փանոսը խեղդվել է:
    Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս: Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում:

    Ահա այսպես, եկեք փորձենք հասկանալ, որտեղ են մարդկային "ձախորդությունների" պատճառները...: Հետաքրքիր է վերջը և նախորդ հեքիաթի վերջին շատ նման և մտածելու տեղիք է տալիս: Այսօր այսքանը...

    www.Armeniapedia.org
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  9. #8
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Կարդանք ու չլինենք...

    Շատ լավն են, Թումանյանի բոլոր հեքիաթներն էլ;
    Քանի մեծանում ես, էնքան հեքիաթները ավելի սրտամոտ են դառնում: Նրանց մեջ պարուրված մարդկային իմաստությունը շատ հարցերի պատասխան են պարունակում:

    Հ.Գ. Տեսնես երբ է գալու "մեծն" Քաջ Նազարի հերթը?

  10. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2007
    Գրառումներ
    31
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Կարդանք ու չլինենք...

    Ես էլ վերջերս առիթ ունեցա աչքի պոչով դիտելու Աբու Հասանի մաշիկները հայերեն մուլտֆիլմը ու նոր հասկացա այդ հեքիաթի իմաստը, որը փոքր ժամանակ ընդամենը մի ծիծաղելի պատմություն էր ընկալվում:
    Կարդանք ու չլինենք... չափից ավելի վախկոտ վաղվա օրվա հանդեպ, այնպես որ ինքներս մեզնից խնայենք ինքներս մեզ, ապրենք ավելի քիչ հաշվենկատ, կորցրածի հետևից չնայենք, ծախսենք, որ ստանանք, քայլենք ավելի լայն լոնքերով ու գրկաբաց, որ ընդրգրկվելիք տարածքներն էլ լայնանան, ու ձեռքբերումների տեղ լինի: Չվախենանք կորցնելուց. կորած չէ, մեկը կգտնի, ինչպես և դու կգտնես ուրիշինը, ու այդպես` հարստանում ենք փոխտվության շրջանագծում... Ազատագրվենք վաղվա օրվա հետապնդումից, ապրենք վայրկյանիս հստակ գիտակցումով, որ վերջում կարողանանք ֆիքսել գոնե մի պահ, որ ապրել ենք...

  11. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում nil-ին այս օգտակար գրառման համար:

    Առողջագետ (08.11.2007), Մելիք (27.11.2007)

  12. #10
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Կարդանք ու չլինենք...

    Հրաշալի գրառում է. իսկապես ազատվենք վաղվա օրվա /դեռ չեղած/ վախերից, հետապնդումից: Անպայման նորից պիտի կարդամ Աբու Հասանի մաշիկները...:
    Քաջ Նազարի մասին էլ անպայման խոսելու ենք, բայց կուզեի վերադառնալ մարդկային ձախորդությունների խնդրին. որոնք են պատճառները: Եթե խորհենք հեքիաթի տված հուշումների շուրջը, ապա որոշ պատճառներ ուրվագծվում են: Ինձ համենայն դեպս թվում է, որ կարելի է մտածել մեզ որոշ չափով բնորոշ անփութության ուղղությամբ, այլ կերպ ասած "աշխատանքային կուլտուրայի" բացակայության կամ մեղմ ասած ցածր մակարդակի: Չէ որ բոլոր ձախորդությունները սկսվեցին աշխատանքային "նորարությունից", որն էլ կապված էր թերևս որոշ խորքային ծուլության հետ, դրվածքի /կուլտուրայի/ բացակայության հետ: Որ մենք այնքան էլ օրինապահ ու ճշտապահ չենք, կարծեմ, հայտնի է; գուցե նաև ոչ լիովին, ամբողջականորեն պատասխանատու կյանքի, ընտանիքի, գործի հանդեպ... Իհարկե, կարելի է և ուղղակի հակառակը պնդել և ապացուցել, թե հայ մարդը... Բայց մենք այդ փուլը անցել ենք: Կարծում եմ, ավելի օգտակար է թերությունները մանրադիտակի տակ խոշորացնելը, տեսնելը և հնարավորության սահմաններում ուղղելը: Դրանց մեծ մասը մանէների նման անզեն աչքով չեն երևում, չեն "տեսնվում", չեն ախտորոշվում, և հետևապես, չեն էլ կարող բուժվել: Մաքրվելու և ապաքինվելու հիմնական պայմանը տեսնելն է:
    Կարծում եմ, այս հեքիաթի մեջ էլի տեսնելու բան կա, կլինի անպայման... գուցե հուշեք...
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •