Հանրային հեռուստատեսութեան նախագծերից «Մերոնք»-ը, շատ դուրեկան է: Նախագծի խորագիրը, շոյող է: Մենք՝ սփիւռքահայերս, ընտանիքի անդամ ենք համարւում՝ տնից ենք ու «մերոնք»:
Երբեմն, ահազանգ է հնչում,- որի կոչնակներից մեկն էլ գրողս է,- սփիւռքի տարածքին հայերէնի յետքայլի առնչութեամբ: Այս եւ նման նախագծերում, տեսնում ենք հեզասահ եւ ընդունելի հայերէն խօսող սփիւռքահայեր: Չզարմանալ: Խօսողները, ընդհանրապէս, համայնքային կառոյցների մէջ աշխատող կամաւորներ են: Ժողովները, հանդիպումները, ազգային կեանքի մասնակցութիւնը, հայերէնի կոփման հիանալի դարբնոցներ են:
Ովքեր հեռու են ազգային ու համայնքային կեանքից, հայ դպրոցից ու եկեղեցուց, երկսեռ հայութիւնից, անկասկած զիջում են օտար լեզուին, դիւրացնելով նրա յաղթական մուտքը հայի երդիքը:
Վերոյիշեալ նախագծի քաղցր անուան կողքին, ունենք «Ծագումով հայեր» խորագրով մի ուրիշ նախագիծ, որ դարձեալ վերաբերում է սփիւռքահայերին: «Ծագումով հայեր»-ում, պատահում են հայեր, որ հիանալի խօսում են մայրենին՝ հայերէնը:
Կար ժամանակ, երբ անկախ չէր Հայաստանը, խտիր էր դրւում հայի ու հայի միջեւ: Հայաստանասէրների դասին պատկանողների ուսանողները, կարող էին գնալ Հայրենիք, ուսանիլ եւ վայելել Խորհրդային կարգերի ընձեռաց կեցութեան, ապրուստի եւ ուսումի բարիքները:
Այդպիսի տարիներ էին անցեալ դարի եօթանասունականները. «կոպեկներով» կարող էիր ապրել:
Ովքեր համարւում էին Խորհրդային կարգերի հակառակորդ, չէին կարողանում իրենց ուսանող զաւակները ուղարկել Հայրենիք (թերեւս բացառութիւն էր ուժեղ մի անհատի միջնորդութիւնը):
Ի՞նչ խաբար ունես, կրունկ ջան, հիւսիսային Իրանի հայ համայքներից:



Մեջբերել
